Մարտին Ալոյան. թատրոնի մարդը
Մարտին Ալոյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններից է՝ հանդիսատեսի կողմից սիրված: Վերջերս դերասանն արժանացավ ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչման:
Շնորհավորելով նրան արժանի կոչման կապակցությամբ՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Մարտին Ալոյանի հետ մեր հարցազրույցը:
— Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը թատերական աշխարհ:
— Տաս տարեկան էի, երբ 1967 թվականի հայտնի իրադարձությունների պատճառով ընտանիքս տեղափոխվեց Երեւան: Ուսում առա Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում : Որոշել էի՝ եթե չկարողանամ դերասան դառնալ, ապա կընտրեմ գրականության ուսուցչի մասնագիտությունը: Ավարտական քննությունների ժամանակ էր, երբ իմացա, որ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ղարաբաղյան կուրս է բացվելու՝ հատուկ Ստեփանակերտի թատրոնի համար: Որոշեցի ուժերս փորձել: Ինստիտուտի մոտ հանդիպեցի հայտնի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանին, ով այդ ժամանակ Ստեփանակերտի թատրոնի տնօրենն էր:
Մի խումբ ղարաբաղցիների հետ ես էլ ընդգրկվեցի այդ խմբի մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով կուրսը չստեղծվեց: Գուրգեն Գաբրելյանն ու պրոֆեսոր Արտաշես Հովսեփյանը , ստուգելով իմ ընդունակությունները, խորհուրդ տվեցին տեղափոխվել Ստեփանակերտ՝ պետթատրոնում որպես դերասան աշխատելու համար, իսկ հաջորդ տարի ընդունվել դերասանական բաժին:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենահաջողված բեմելը:
— Սպասում եմ այդ օրվան…Բայց կան դերեր, որոնք շատ եմ սիրել ու որոնց համար շնորհակալ եմ: Դրանք են՝ Արամաշոտ Պապայանի <<Գնա մեռիր, արի սիրեմ>> պիեսի բեմականացումը, որտեղ խաղում էի Դավիթի դերը, <<Վարազդատ>>-ում՝ Վարազդատի դերը, վերջերս Ռուզաննա Խաչատրյանի բեմադրված <<Ծննդյան օրերը սինյոր Կոպելլոյի տանը>> ներկայացման մեջ Կոպելլոյի դերը: Այս դերերն ինձ շատ հոգեհարազատ են:
-Գիտենք, որ պատերազմի տարիներին միառժամանակ թողել եք թատրոնն ու մասնակից դարձել Արցախի ազատագրմանը: Դժվա՞ր չէր արդյոք նորից թատրոն վերադառնալը:
— Արցախյան պատերազմից հետո ՝ 1994թվականին, ցանկացա նորից վերադառնալ թատրոն, սակայն բանակի հրամանատարությունը թույլ չտվեց զորացրվելու՝ սպայական անձնակազմի եւ մասնագետների պակասի պատճառով: 2007 թվականից եղել եմ պահեստազորի սպա, աշխատել եմ նաեւ <<Halo Trust>>-ում՝ որպես ականազերծող: Թատրոնի տնօրինությունը, իմանալով, որ ավարտել եմ ծառայությունս, հրավիրեց թատրոն: Այդ ժամանակ թատրոնի տնօրենն էր արձակագիր Կոմիտաս Դանիելյանը: Նա ինձ հարցրեց, թե կկարողանա՞մ նորից վերադառնալ թատրոն: Պատասխանս միանշանակ էր՝ ավելի լավ, քան երբևէ: Եվ վերադարձա:
— Եթե համեմատական անցկացնենք մինչպատերազմական եւ այժմյան արցախյան թատերական կյանքի միջեւ, Ձեր կարծիքով՝ ի՞նչն է փոխվել, ի՞նչ խնդիրներ կան :
— Այն ժամանակ ավելի ուժեղ ստեղծագործական անձնակազմ կար, միայն վեցից ավելի ժողովրդական դերասաններ կային՝ Մարգո Բալասանյան, Բենիամին Օվչյան, Մամիկոն Միքայելյան եւ ուրիշներ: Շատ բան սովորեցի Մամիկոն Միքայելյանից ու Բենիամին Օվչյանից: Նրանք իմ վարպետներն էին:
Այն ժամանակ ավելի հաճախ էին ներկայացումներ բեմադրվում, թատրոնը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում էր: Հիմա նույնը չեմ կարող ասել…
— Ի՞նչն է այսօր պակասում արցախյան թատրոնին:
-Թատրոնին հիմա պակասում է թատրոն, նկատի ունեմ՝ թատրոնի շենք չունենալը: Ինչպես նաեւ ներկայացումների ֆինանսավորման խնդիր ունենք:
—Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է Արցախի երիտասարդությունը մասնակից լինում թատերական կյանքին:
— Հիմա մեծահասակներն ավելի քիչ են հաճախում թատրոն, քան երիտասարդները: Երիտասարդների մոտ ակտիվություն է նկատվում:
—Ի՞նչ խորհուրդ կտայիք ժամանակակից արցախցի երիտասարդին:
-Ժամանակակից արցախցի երիտասարդները խորհրդի կարիք չեն զգում, նրանք լավ գիտեն իրենց անելիքը, կարողանում են ժամանակին կողմնորոշվել: Միայն մի բան կարող եմ ասել նրանց՝ երբ որոշում եք մի բան անել, երբեք մի հետաձգեք, կարող է պատահի, որ հաջորդ օրն արդեն ուշ լինի:
Մարտին Ալոյանի գործընկերները պատկառանքով են խոսում նրա մասին՝ շեշտելով պարզ ու շիտակ մարդկային կերպարի մասին: Երիտասարդ դերասանուհի Նունե Դավթյանը նշում է.<< Ես հնարավորություն ունեցա բեմում լինել Մարտին Ալոյանի խաղընկերը եւ ոչ միայն հիանալ նրա խաղով, այլեւ, որպես սկսնակ ու երիտասարդ դերասանուհի, ստեղծագործական ու մասնագիտական դասեր քաղել նրանից: Նա մի մարդ է, ում կարելի է բնութագրել երկու բառով, եւ դրանով ամեն ինչ ասված է՝ կյանքում եւ բեմում անկեղծ մարդ>>:
Հարցազրույցը՝ Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ