Ճանապարհորդությունների ընթացքում բացահայտեցի ինքս ինձ. Լիլիթ Խաչատուրյան
Ճանապարհորդական բլոգեր Լիլիթ Խաչատուրյանին հեռվից եմ տեսնում։ Սրճարանի հնչերանգներին զուգընթաց Լիլիթը գդալների խաղաղ շարժումով ճաշակում է տաք սպասը։ Քաղցած է։ Արցախի սկզբնակետից է գալիս՝ Թալիշից։ Ողջու՜յն՝ ասաց եւ պատմեց 8 ամիս առաջ կյանքի կոչված lil.am ճանապարհորդական բլոգի մասին, որում 29-ամյա աղջիկը պատմում է Հայաստանի ու Արցախի ծանոթ-անծանոթ վայրերի, ավանդույթների, գաղափարների եւ մարդկանց մասին։
-Ինչպե՞ս մտահղացավ քո ճանապարհորդությունները մեկ հարկի տակ զետեղելու գաղափարը:
-Բլոգ դեռեւս երեք տարի առաջ ունեի, հրապարակում էի հայտնի մարդկանց հետ հարցազրույցներ: Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեում աշխատանքի ընդունվելու հետո բլոգը վարելու ժամանակ չմնաց: Պետական աշխատանքից դուրս գալուց հետո վերսկսեցի բլոգի աշխատանքները, այս անգամ՝ ճանապարհորդությունների ֆորմատով։ Հայաստանով շատ ճանապարհորդելը ստիպեց հասկանալ, որ մենք ունենք հետաքրքրիր կերպարներ, նախաձեռնություններ, պատմություններ, որոնց մասին կարելի է անդադար խոսել, բայց սա գիտակցում ես, երբ մի լավ ճանապարհորդում ես երկրում ու տեսնում ես այն, ինչը սովորաբար չես նկատում այս կամ այն շրջանի հետ մակերեսային ծանոթության ժամանակ։ Ինձ պետք էր մի հարթակ՝ ճանապարհորդությունների օրագիր՝ իմ տեսածը, զգացածը եւ ապրածը զետեղելու համար։
-Ի՞նչ նպատակ են հետապնդում Հայաստանի ու Արցախի հայտնի-անհայտ վայրերի, ավանդույթների, մարդկանց մասին պատմությունները:
-Բլոգով փորձում եմ լուծել Հայաստանի ու Արցախի ճանաչելիության հարցը:
Իմ նյութերը վերաբերում են ներքին զբոսաշրջությանը, որտեղ լուրջ խնդիր ունենք։ Մի անգամ Գյումրի էի այցելել, եւ ինձ հետաքրքրեց մի կառույց, որի մասին գյումրեցիները չկարողացան ոչինչ ասել։ Հասկացա, որ ինքս ապրելով Երեւանում՝ չեմ կարող պատշաճ ձեւով ներկայացնել ուշադրության արժանի շինությունների պատմությունը։ Բլոգով փորձում եմ ներկայացնել Հայաստանի ու Արցախի հետաքրքիր վայրերը, նորամուծությունները, նախաձեռնությունները։ Հայը բավականին արարող մարդու տեսակ է, եւ մենք լուրջ անելիք ունենք մերը ներկայացնելու հարցում։
-Քո պատմությունների մշտական հերոսը Արցախն է։ Ի՞նչն է քեզ ամեն անգամ հետ բերում Արցախ։
-Արցախի հետ իմ կապը շատ խորն է։ Արմատներով նաև սերում եմ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից, եւ ինձ թվում է՝ գալիս է մի տարիք, երբ արմատները քեզ հետ են բերում։ Ինձ թվում է՝ ես այդ փուլում եմ։ Արցախի սիրո բաժնում, կարծում եմ, իր չափաբաժինն ունի ե՛ւ հորս մասնակցությունը Արցախյան շարժմանը, նա արցախյան պատերազմի վավերագրողներից մեկն է, ե՛ւ, իհարկե, Արցախում իմ ամենասիրելի վայրը՝ Շուշիի ռեալական ուսումնարանը, որն իր մոգական ուժով ինձ ստիպում է հետ գալ։
-Այս անգամ այցելեցիր Թալիշ։ Ի՞նչ գույներ տեսար Թալիշում։
-Թալիշ այցելեցի սահմանամերձ գյուղերի մասին նյութերի նոր շարքի շրջանակում։ Թալիշում տեսա կանաչի բոլոր երանգները եւ լսեցի հետեւյալ մեջբերումները՝ «հենց Թալիշից է սկսում հայրենիքը», «Թալիշը հայրենիքի խորհրդանիշն է»։ Թալիշում բացահայտեցի մի ուրիշ իրականություն, որը յուրահատուկ է սահմանապահ բնակավայրերին։ Մայրաքաղաքներում ապրելով՝ մենք չգիտենք հայրենիքի սահմաններում ապրող մարդկանց առօրյան։ Չգիտենք, որ սահմանամերձ գյուղերը մեծ ընտանիքներ են, որտեղ ապրող մարդիկ գիտեն, թե այսօր ինչ են ուտելու ամեն մեկի տանը, ով ինչ չափով վարկ ունի վերցրած։ Հասկացա, որ սահմանապահ գյուղերում բնակվող մարդկանցից շատ բան ունեմ սովորելու` համարձակություն, արարելու ձգտում, իրականության զգացողության ընկալում։ Սկսել եմ այլ կերպ նայել իրականությանը եւ երևույթներին։
Թալիշ էլի եմ վերադառնալու, որովհետեւ այն ինձ համար դեռեւս չբացահայտված կողմեր ունի։ Վերադառնալու եմ, քանի որ Թալիշի պատմության գիրքը թալիշցիները ինձ են տվել հստակ պայմանով՝ պետք է հետ գաս։
-Ճանապարհորդությունների ընթացքում խոչընդոտներ, խնդիրներ չե՞ս ունենում։
-Հայաստանն ու Արցախը ինձ համար մեծ, ամբողջական ընտանիք են, որտեղ թերություններ եւ խնդիրներ կան, բայց որոնք եւ երբեք առիթ չեն հանդիսանում ավելի քիչ սիրելուն, նեղսրտվելուն եւ, առավել եւս, ձեռքերս թափ տալուն։ Կան շատ դժվարություններ, թերություններ, բայց երբ դրանք քոնն են, համբերում ես, հանդուրժում, ներում։ Եվ ասեմ, որ դժվարություններն ինչ-որ տեղ ինձնից են գալիս: Ցավոք սրտի, ես Երեւանում եմ մեծացել եւ բացարձակապես ծանոթ չէի գյուղական կյանքին՝ կով կթել, հաց, ժենգյալով հաց թխել։ Սրանք այն գործերն են, որոնք ես նախկինում երբեք չեմ արել: Դժվարություններն ու խնդիրներն այնքանով են, որ դու առաջին անգամ ես անում ինչ-որ մի բան։ Դա էլ հո հայրենիքի մեղքը չէ՞ /ժպտում է/։
-Կայքը՝ 8 ամիս է, ինչ ստեղծվել է։ Բայց ի՞նչ նոր ծրագրեր ունես առաջիկայում։
-CNN travel-ն այս տարի Հայաստանն ընդգրկել է քայլարշավային երկրների շարքում։ Ծրագրում եմ առաջիկայում ներկայացնել քայլարշավային երթուղիները։ Ինքս կգնամ քայլարշավների եւ կպատմեմ քայլարշավային երթուղիների պատմություններն ու լեգենդները։ Սա՝ որպես նոր ծրագիր։
Ինչ վերաբերում է մյուս բաժիններին, կշարունակեմ ներկայացնել տեսածս եւ լսածս բոլոր հետաքրքիր պատմությունները։
-Չգրված պատմություններ դեռեւս շատ ու շատ կան։ Բայց ի՞նչ տվեցին քեզ ճամփորդություններն անձնապես։
-Ճանապարհորդությունների ընթացքում բացահայտեցի ինքս ինձ։ Ամեն անգամ ես տուն եմ վերադառնում ավելի հասունացած, ավելի արժեւորող։ Ինձ թրծողները, հղկողները եւ շտկողները գյուղերում ապրող մարդիկ են։ Ամեն գյուղում մարդկային հետաքրքիր տեսակ եմ բացահայտում, սովորում իրենցից։ Մեկ գյուղում հոգատարություն եմ սովորել, մեկ այլ գյուղում՝ հյուրասիրություն, մեկ այլում՝ հայրենասիրություն։ Այսքան ճանապարհորդում եմ, բայց վատ բան չեմ տեսել։ Եղել են պահեր, երբ կասկածանքով են վերաբերվել՝ նոր մարդ ես, հյուր ես, բայց 30 րոպե անց՝ հազար տարվա բարեկամ: Ունեմ հրավերների հաստափոր ծրար՝ Հայաստանի ու Արցախի մոտիկ եւ հեռավոր վայրերից։
Գյուղերում մարդիկ շատ տարբեր են, մեկը մյուսից լավը, բայց բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ օժտված են հայրենիքի նկատմամբ մեծագույն սիրով, որն ասֆալտապատ քաղաքներում չի զգացվում։ Գյուղերում է այն իրական։
Լիլիթ Խաչատուրյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը