Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման «հայրը» պատմել է, թե երբ կդադարեն կրակել
Aparaj.am-ը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի՝ «московский комсомолец»-ին տված հարցազրույցի թարգմանությունը… Համաձայն չլինելով նրա կողմից օգտագործվող «գրավյալ», «բռնազավթված» տարածքներ եւ նման այլ եզրույթների օգտագործմանը, համենայնդեպս, հրապարակում ենք հարցազրույցի թարգմանությունն ամբողջությամբ՝ հաշվի առնելով, որ այն իր մեջ պարունակում է մի շարք պատմական փաստեր….
2016 թվականի ապրիլին, խաղաղությունից 22 տարի անց վերսկսվեց Ղարաբաղյան սառեցված հակամարտությունը: Ինչո՞ւ «պայթեց» Ղարաբաղը: Ինչպե՞ս հաջողվեց 22 տարի անց կանգնեցնել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ արյունալի պատերազմը: Ինչո՞ւ Ղարաբաղ չեն մցվել խաղաղապահ ուժեր: Այս ամենի մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը զրուցել է իրադարձությունների անմիջական մասնակցի եւ խաղաղ համաձայնագրի հեղինակի հետ: Ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը 1992-1996 թվականներին եղել է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահը:
—Վլադիմիր Նիկոլայի, դուք հանդիսանում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային մասնակիցը: Ավելին, դուք եք 1994 թվականի զինադադարի պայմանագրի հեղինակը, որը վերջ տվեց պատերազմին: Մինչեւ այս տարվա ապրիլ ամիսը այդ պայմանագրի շնորհիվ Ղարաբաղում հարաբերական խաղաղություն էր: Ինչո՞ւ այդ խաղաղությունը խախտվեց:
-Կասկած չկա, թե ով էր վերջին իրադարձությունների նախաձեռնողը: Ի դեպ, Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանում, ըստ ինձ, չափից ավելի ջանք թափեց, որի արդյունքում դավաճանեց Բաքվի իր ղեկավարությանը: Նա բացահայտորեն հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի ռազմական ուժով պայքարելու այդ տարածքների համար: Կարծում եմ, որ ստորագրված փաստաթղթերը բավական են նրա համար, որ շարունակվի պահպանվել հրադադարի ռեժիմը: Չկա նոր փաստաթղթեր ստորագրելու անհրաժեշտություն՝ չնայած ոմանց մոտ կարող է «նման քոր առաջանալ»:
Մեկ այլ բան է, որ ոչ բոլորն են պատրաստ լրջորեն իրականացնելու այդ պայմանավորվածությունները: Հեյդար Ալիեւը մի անգամ հաստատակամ նշեց, որ անհրաժեշտ է լուծել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով: Նրա հետնորդը դժվարությամբ է արտասանում «ցանկալի է խաղաղ ճանապարհով» բառակապակցությունը: Թե ինչպես է գործում՝ դուք ինքներդ տեսաք ապրիլի 2-ին: Իլհամը այսօր առավել շատ կենտրոնացնում է ուշադրությունը նրա վրա, որ անհրաժեշտ է վերացնել Ղարաբաղի շուրջ ադրբեջանական շրջանների բռնազավթումը: Իսկ այնտեղ 7 շրջան կա, 5-ը ամբողջությամբ, իսկ երկուսը՝ մասամբ բռնազավթած: Իսկ այդ շրջափակումը առաջացել է այն պատճառով, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները՝ հուսալով, որ մի քիչ էլ, եւ նա կճնշի հայերին: Արդյունքում ստացվեց հակառակ պատկերը՝ նրանք կորցրեցին շրջան շրջանի հետեւից:
— Ինչո՞ւ ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերը չկարողացան կանգնեցնել պատերազմը:
— Դրանք բոլորը անհաջողության մատնվեցին եւ չկատարվեցին: Ու՞մ կողմից չկատարվեցին: Ադրբեջանի: 1993 թվականի գարնանը հայերը գրավեցին Քելբաջարը: Այդ գործողության հաջողությունը հայերին ապահովեց Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ եւս մեկ կամուրջ՝ ի լրումն Լաչինի միջանցքի: Դրանից հետո Ադրբեջանը նախաձեռնություն ցուցաբերեց, որպեսզի հարցը քննարկի Անվտանգության խորհուրդը:
Անվտանգության խորհուրդը 1993 թվականի ապրիլի 30-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի մասին 822 բանաձեւը: Բաքուն հույս ուներ, որ բանաձեւը իր մեջ կներառի հայերից ադրբեջանական հողերի ազատման պահանջ: Բայց ադրբեջանական կողմը չէր նախատեսել, որ այդ բանաձեւի առանցքային պահանջը կլինի անհապաղ կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցումը եւ նույնիսկ՝ «թշնամական գործողությունները»: Իսկ ին՞չ է նշանակում «թշնամական գործողություններ»: Հայկական տարածքների էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային շրջափակում: Ահա դա Բաքվի համար անակնկալ էր: Ահա ինչն էր կարեւորը ընդունված բոլոր բանաձեւերում. առանցքային պահանջը կրակի դադարեցումն էր: Բայց Ադրբեջանը դեռ պատրանքների մեջ էր, որ նրան կհաջողվի հաղթահարել հայկական ուժը: Նրա ներուժը, իհարկե, ավելի տպավորիչ է քան Հայաստանի ներուժը՝ եւ՛ տարածքային, եւ՛ բնակչության թվով, եւ՛ սպառազինությամբ, որովհետեւ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանին բաժին է հասել ավելի շատ ռազմական ունեցվածք, քան Հայաստանին:Օրինակ՝ Աղդամի պահեստները, որոնք Խորհրդային Միության Անդրկովկասի պահեստներն էին: Ադրբեջանում կար ավելի քան 16 օդանավակայան, Հայաստանում՝ ընդամենը 2-3: Սակայն միայն ներուժը բավական չէ հաղթելու համար: 822 բանաձեւի ընդունումից հետո ես «խփեցի» ամերիկացիներին, նույնիսկ թուրքերին: Եվ մենք երեքով՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ Թուրքիա, այս հարցով գրավոր ձեւով դիմեցինք հակամարտության 3 կողմերին՝ պատրաստ ե՞ք 822 բանաձեւի լիարժեք իրականացմանը: Երեւանը եւ Ստեփանակերտը տվեցին իրենց համաձայնությունը: Ադրբեջանը գերադասեց ընդհանրապես պատասխան չտալ, որովհետեւ նա, այնուամենայնիվ, հույս ուներ հաղթելու: Դրա համար պատերազմը չի վերջացել: Փաստորեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր 4 բանաձեւերը արժեզրկվեցին: Անվտանգության խորհուրդը չցանկացավ ընդունել հինգերորդ բանաձեւը , քանի որ այն կարժեզրկեր իր հեղինակությունը: Նա ընդունում է բանաձեւեր, իսկ դրանք չեն իրականացվում: Այդ պատճառով, երբ մենք աշխատում էինք հրադադարի համաձայնագրի շուրջ, մենք չկարողացանք աշխատել Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերի հիման վրա: Մենք ստիպված էինք ուրիշ հիմնավորում ընդունել մեզ համար:
—Ի՞նչը հանդիսացավ այդ հիմքը:
— 1994 թվականի մարտին Մոսկվայում իրար հետեւից կայացան ԱՊՀ երկրների խորհուրդի պետությունների ղեկավարների խորհրդաժողովներ: Առաջինի ժամանակ ես նախապես խորհրդատվություններ անցկացրի, երկրորդի ժամանակ՝ ապրիլի 15-ին, ես պատրաստեցի խորհրդի անդամ երկրների ղեկավարների հայտարարության տեքստը, որում կտրականապես հայտարարվում էր ռազմական գործողություններին վերջ տալու անհրաժեշտության մասին: Իսկ մենք ունեցանք հենման կետ՝փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր էր աշխատել:
— Ի՞նչ դեր խաղաց Բիշքեկի գագաթնաժողովը:
— Մայիսի 5-ին մենք Բիշքեկ էինք հրավիրել ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարներին: Նրանք ստորագրեցին ռազմական գործողությունները դադարեցնելու Բիշքեկյան արձանագրությունը: Ես ցանկացա, որպեսզի զինադադար կնքվի Հաղթանակի օրը, սակայն, չստացվեց: Հեյդարը այդ օրը Բրյուսել մեկնեց՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամակցելու համար: Երկրի պատասխանատվությունը ստանձնեց պառլամենտի խոսնակ Ռասուլ Գուլիեվը: Դրա համար Բիշքեկ ժամանեց փոխխոսնակ Ջալիլովը: Այնտեղ նա ամեն կերպ փորձում էր հավասարության նշան դնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների միջեւ, սակայն հայերը կռվում էին Բաքվի, այլ ոչ թե ադրբեջանական համայնքի հետ, որը Ղարաբաղում արդեն գոյություն չուներ: Դա երկարացնում էր մեր ժամկետները: Ստիպված էի մայիսի 9-ին մեկնել Բաքու, ուր նրանք վերջապես ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունները: Բիշքեկում Ջալիլովը հրաժարվեց ստորագրել դրանք:
— Ի՞նչ նոր հիմնարար բան կար այդ փաստաթղթերում:
— Մենք ներկայացրել էինք նոր պահանջ, որը չկար Անվտանգության խորհրդի բանաձեւերում:Մենք պահանջել էինք ոչ միայն զինադադարի ամրագրում, այլեւ դրա պատշաճ կերպով ապահովում: Այնտեղ կա մի արտահայտություն «Առանց դրա (այսինքն հրադադարի պատշաճ ապահովման) հնարավոր չէր ողբերգական դիմակայության հետեւանքների վերացումը»: Ի՞նչ է դա նշանակում: Գրավյալ տարածքների ազատագրումը կլինի միայն այն ժամանակ, երբ զինադադարի կնքման հուսալի ապահովում լինի: Այժմ դրա վրա է հենված Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ամբողջ խնդիրը: Բաքուն հարցն այսպես է դնում. « Ինձ վերադարձրեք գրավյալ տարածքները՝ առանց որեւէ նախապայմանների»: Առանց նախապայմանների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ռազմական գործողությունների վերսկսման շուրջ: Իսկ թե՛ հայկական , թե՛ մեր կողմից հարցը դրված է այսպես՝ նախ պետք է ապահովվի հուսալի զինադադար, բացառվի ռազմական գործողությունների վերսկսումը, որից հետո հայերի համար ամոթ կլինի պահել գրավյալ տարածքները:
— Պատմեցեք, թե կոնկրետ ինչպե՞ս էր տեղի ունենում կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստեղծումը:
— 1994թ. մայիսի 9-ին ես գտվում էի Բաքվում և համաձայնագրի տեքստ էի պատրաստում: Խնդիրը կայանում էր նրանում, որ Հեյդար Ալիևը ոչ մի կերպ չէր համաձայնվում ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ կրակի դադարեցման մասին փաստաթուղթը: Նա ուզում էր պայամանգիր կնքել Երևանի հետ, քանի որ Հայաստանը ճանաչված պետություն էր: Նա չեր ուզում Ղարաբաղը ճանաչել որպես բանակցային կողմի անդամ:
Մյուս կողմից՝ Հայաստանը ամեն կերպ խուսափում էր այդ պայմանագիրը ստորագրելուց: Հայաստանը ձևացնում էր, որ նա չի հանդիսանում հակամարտության կողմ և միայն օգնում է Լեռնային Ղարաբաղին, բայց պատերազմը Հայաստանի հետ չի ընթանում: Դա կեղծ դիրքորոշում է: Այս հակամարտության կոնֆիգուրացիան այն է, որ հակամարտությանը մասնակցում են երեք կողմ: Ռազմական առումով՝ Ղարաբաղի հայերը և Երևանի հայերը կռվում էին միասին: Իսկ քաղաքական առումով՝ Երևանի և Ստեփանակերտի միջև գոյություն ունեին շատ տարաձայնություններ և հակասություններ: Դրա համար պետք էր հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության ինքնուրույն կողմ է հանդիսանում: Եվ դա, բնականաբար, դուր չէր գալիս Ադրբեջանին, քանի-որ Ղարաբաղը նրա նախկին ինքնավար շրջանն էր հանդիսանում:
— Բայց չէ՞ որ նախկինում Բաքուն արդեն համաձայնագիր էր կնքել Ղարաբաղի հետ:
-Այո, արդեն գոյություն ունեին տասնյակ փաստաթղթեր, որոնք ստորագրվել էին Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ առանց Երևանի մասնակցության: Իսկ Երևանի հետ նրանք կնքել են միայն 3 փաստաթուղթ: Այսինքն, երբ արդեն ելք չկար, Ադրբեջանը ստիպված էր ժամանակավոր խաղաղության պայմանագիր կնքել անմիջապես Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց այն պահին, երբ գործը գնում էր լիարժեք զինադադարի, Հեյդար Ալիևը ոչ մի կերպ չէր ուզում ստորագրել այդ համաձայնագիրը: Նա խնդրեց ինձ, որ ես նորից կապ հաստատեմ Երևանի հետ: Ես զանգեցի Երևան՝ ոչ միայն նրա խնդրանքով, այլ նաև այն պատճառով, որ դա համապատասխանում էր մեր այն հասկացողությանը, որ երեք կողմերն էլ պիտի ստորագրեն այդ համաձայնագիրը: Եվ հանկարծ մի քանի ժամ անց պատասխան զանգ է գալիս Երևանից, և տալիս են համաձայնություն՝ փաստաթուղթը ստորագրելու համար:
Նայեք փաստաթղթին: Ամբողջ տեքստը հավաքված է համակարգչով, իսկ «Հայաստանի պաշտպանության նախարար» բառերը գրված են իմ ձեռքով: Հայկական կողմից ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այն ժամանակ՝ պաշտպանության նախարարը: Նա նույնիսկ ուղղումներ մտցրեց: Այդ փոփոխությունների համաձայնեցումը մի ուրիշ վիճակում կտևեր մոտ մեկ ամիս: Բայց այդ պահին հայերն Ադրբեջանին արդեն շատ ուժեղ ճնշել էին:
— Ադրբեջանը պարտությո՞ւն էր կրում մարտադաշտում:
— Այն ժամանակ վտանգ կար, որ հայկական կողմը դուրս կգա Կուր գետի վրա, և հյուսիս-արևմուտքը կկտրվի Ադրբեջանից: Կարող էին կրկնվել կես տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, երբ Հայաստանը դուրս եկավ Արաքս գետի ափ, Իրանի սահմանին և հարավ-արևմուտքը կտրվեց Ադրբեջանից: Այդ ժամանակ զինվորականները և խաղաղ բնակչությունը փախչում էին Իրանի տարածքով: Եվ եթե երկրորդ անգամ էլ նման բան տեղի ունենար, Հեյդարն իր տեղում չէր մնա…:
Եվ դրա համար ադրբեջանցիներն այդ փոփոխություններին համաձայնեցին վայրկյանապես: Մայիսի 9-ին համաձայնագիրը ստորագրվեց Բաքվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆ Մամեդովի կողմից, մայիսի 10-ին՝ Երևանում՝ Սերժ Սարգսյանի կողմից, մայիսի 12-ին՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի կողմից: Տեքստը ստիպված էինք 3 պատճենով հանել՝ երեք առանձին ստորագրությունների համար:
Բաքվից Մոսկվա վերադարձա «ադրբեջանական» օրինակով, մնացածն ինձ ուղարկեցին ֆաքսով: Այսպիսով՝ զինադադարի մասին համաձայանգիր դարձել է այս 3 փաստաթուղթը: Մայիսի 12-ին համաձայնագիրը ուժի մեջ է մտել:
Համաշխարհային փորձի մեջ այդպիսի օրինակ գոյություն չուներ: Իրավաբանական օրենքներով փաստաթուղթը պետք է ստորագրվի մեկ օրում և մեկ տեղ: Իսկ այստեղ 3 օր և 3 տարբեր ստորագրման վայրեր են: Բայց համաձայնագրի ստորագրման հետաձգելը վտանգավոր էր: Կողմերից ինչ-որ մեկը կարող էր հաջողության հասնել մարտադաշտում, և ամեն ինչ պետք էր սկսել սկզբից:
— Ստացվում է, որ Ղարաբաղում կրակի դադարեցումը եղավ ռուսական միջնորդությամբ. ինչպե՞ս են դրան վերաբերել արևմտյան գործընկերները:
— Արևմտյան գործընկերները շատ խանդոտ են դրան վերաբերել, որովհետեւ նրանք ունեին Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու տրամադրվածություն: Երևան կատարած իմ այցելություններից մեկի ժամանակ՝ 1994թ. հուլիսին, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանկարծակի ինձ ասաց, որ իրեն զանգահարել է Յան Ելիասսոնը՝ շվեդ դիվանագետ, ով այդ ժամանակ Մինսկի խմբի համանախագահ էր: Շվեդը առաջարկել էր. «Երկարաձգել կրակի դադարեցումը 30 օրով»: Ես, լրիվ անգիտակցաբար, ասացի. «Լեւոն Հակոբի, ինչպե՞ս թե երկարաձգել 30 օրով, չէ՞ որ մենք այն պայմանավորվել ենք անժամակետ»: Գոյություն ունի այսպիսի դիվանագիտական հնարք՝ «по умолчанию», այսինքն եթե ոչ մի ժամկետ նշված չէ, ապա պայմանավորվածությունն անժամկետ է: Մինչ այդ կային 10-12 տարբեր պայմանավորվածություններ կրակի ժամանակավոր դադարեցման մասին, որտեղ ամեն տեղ ժամկետ էր նշված: Իսկ այստեղ հանկարծ մենք ոնց որ մոռացել ենք ժամկետի մասին: Հատուկ ենք մոռացել, մտածված: Եւ Հեյդար Ալիեւը դրա հետ համաձայն էր: Բայց արևմտյան գործընկերների մոտ միտում կար Ռուսաստանից վերցնելու դիվանագիտական այդ հաղթանակը եւ այն տալու Մինսկի խմբին, որում, իհարկե, ղեկավարում էին ամերիկացիները: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ հետ համաձայնեց: Ես նրան անմիջապես արեցի հակադարձ առաջարկություն, որպեսզի վերջնականապես «թաղվի» այդ անմիտ գաղափարը. «Եկեք պայմանավորվենք, որ պարբերաբար երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղարաբաղի երևելի ներկայացուցիչները հաստատեն կրակի դադարեցումը ու պահպանեն իրենց պատասխանատվությունը՝ ընդհուպ ռազմական հակամարտության դադարեցման մասին մեծ պայմանավորվածության կնքում, իսկ կողմերի ներկայացուցիչները պարբերաբար պետք է այն սատարեն: Հուլիսի 26-ին այն ստորագրեց ադրբեջանական կողմը, իսկ մյուսները ստորագրեցին հաջորդ օրը: Այդ փաստաթղթի տեքստը ոչ մի անգամ չի հրապարակվել: Ես այն ձեզ եմ հանձնում: Փաստացիորեն, այն հակաթույն է Վաշինգթոնի փորձերին՝ շվեդների միջոցով Ռուսաստանից գողանալու կրակի դադարեցման որոշումը:
— Ինչո՞ւ այդ փաստաթուղթն առայսօր չի հրապարակվել:
— Որովհետեւ հայերն այդ փաստաթղթին շատ մեծ նշանակություն են տվել. առաջին անգամ հաջողվել է նույն էջում Ադրբեջանի ստորագրության կողքին դնել Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը:
— Ինչու՞ Ղարաբաղ չեն մտցվել խաղաղապահ ուժեր:
— Միանգամից հասկանալի էր, որ այդ պիտի լինեին ռուսական խաղաղապահները: Դա ընդհանրապես ձեռք չտվեց Արևմուտքին, որովհետեւ դա կաշխատեր Ռուսաստանի հեղինակության օգտին: Հայերը խաղաղապահների տեղակայման հարցին համաձայն էին: Ադրբեջանցիները մերթ համաձայնում էին, մերթ՝ մերժում: Եւ ահա թե ինչի գնաց ԵԱՀԿ-ն, որպեսզի կանխի ռուս խաղաղապահների տեղակայումը: 1994թ. դեկտեմբերին Բուդապեշտում կայացավ ԵԱՀԿ վեհաժողովը: Դրա արդյունքում ընդունված փաստաթղթում կա մի կետ, որում որոշում է հայտնում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Այսինքն՝ նախատեսվում է, որ դրանք պետք է լինեն ԵԱՀԿ-ի խաղաղապահները: Սակայն իրականում խաղաղապահների տեղակայման առումով այլ երկրներ պատրաստ չէին: Դա արված էր նրա համար, որպեսզի ռուս խաղաղապահների հարցը փակվի:
— Երբ ես եղա Ղարաբաղ, ինձ զարմացրեց այնտեղի իրավիճակը: Հակամարտ զորքերը կանգնած են երես առ երես: Նրանց միջեւ ոչ միայն չկան խաղաղապահներ, այլեւ նրանց դիրքերը շատ մոտիկ են իրար: Շատ վտանգավոր իրավիճակ է:
— Այո, կողմերի դիրքերը մնում են իրար չափազանց մոտիկ, ինչն ավելացնում է միջադեպերի հավանականությունը: Իսկ ի՞նչն է դրա պատճառը: Մինչեւ հրադադարը, 1994թ. փետրվարի 18-ին Արբատում, Պաշտպանության նախարարությունում Պավել Գրաչեւը անց է կացրել խորհրդակցություն ՀՀ եւ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների եւ Ղարաբաղի Զինված ուժերի ներկայացուցչի հետ: Ես եւս ներկա էի: Այդ նիստի արձանագրության մեջ գրված է, որ խաղաղության պահպանման համար կողմերը պետք է շփման գծից հեռացնեն զորքերը: Դա ստորագրել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը: Անցնում է միառժամանակ եւ Մամեդովն ինձ ասում է. «Թող հայերը ետ քաշվեն, որովհետեւ նրանք են մտել մեր հողերը, իսկ մենք կմնանք նույն դիրքերում»: Եւ հրաժարվում է իր վրա դրված պարտականություններից: Զորքերի հեռացման հարցն այդպես էլ մնում է: Բայց չէ՞ որ հայերը մուտք են գործել նրանց հողերը, որովհետեւ նրանք ոչ մի կերպ չէին ուզում դադարեցնել պատերազմը: Եթե նրանք Անվտանգության խորհրդի 822-րդ որոշումից հետո դադարեցնեին ռազմական գործողությունները, ապա հայկական «շրջափակման» մեջ կմնային միայն Շուշին, Լաչինը եւ Քելբաջարը: Իսկ հիմա 7 շրջաններ են:
Դրանից հետո եղավ եւս մեկ համաձայնություն: Ադրբեջանը նույնիսկ հրաժարվեց, որ այն եղել է՝ չնայած այն մշակվել էր Հեյդար Ալիեւի ներկայությամբ: Դուք կարծում եք, թե այն ինչ-որ բա՞ն է պարտավորեցնում Իլհամին: Ոչ մի դեպքում: Դա կրակի դադարեցման ռեժիմի հաստատման մասին պայմանագիր է: Նրանում մանրամասն գրված է, թե ինչպես պետք է կողմերն իրենց դրսեւորեն, երբ ինչ-որ միջադեպ է կատարվում որևէ կողմի մեղավորությամբ: 6 ժամ չպետք է միջադեպի մասին մամուլն իմանա: Այնտեղ միջոցների կիրառման մի ամբողջ համակարգ է նշված: Այնպես որ, բոլոր տեսակի պայմանավորվածություններից հրաժարվելը, ցավոք, Ադրբեջանի վատ սովորույթն է:
— Երևի ինչ-որ մեկը կարող է ձեզ մեղադրել հայամետ դիրքորոշման համար:
— Մի համարեք, որ ես Ադրբեջանի թշնամին եմ: Ես շատ սուր տարաձայնություններ ունեի նաև հայերի հետ: Մի անգամ նույնիսկ հրաձգություն տեղի ունեցավ: 1993-ի նոյեմբերին ես տանում էի համաձայնագրի նորացված տարբերակը: Սկզբում պիտի լինեի Բաքվում, հետո Երևանում և Ստեփանակերտում: Ժամանեցի Բաքու, մտածում էի, որ կավարտեմ գործերս երկու օրում: Բայց ինձ խնդրեցին մի քիչ էլ մնալ, որի արդյունքում ևս մի շաբաթ մնացի Բաքվում: Ժամանակացույցը փոխվեց: Իսկ Բաքվից ուղիղ թռչել Երևան չէր կարելի: Պետք էր վերադառնալ Մոսկվա և միայն այնտեղից ուղղևորվել Երևան: Եվ այդ ժամանակ, որպեսզի ժամանակ խնայեմ, ես Հեյդար Ալիևեին առաջարկեցի Երևան գնալ «զորքերի շփման գծի երկայնքով»: Ինձ մեքենա տրամադրեցին, բայց մինչև տեղ հասանք արդեն մութն ընկել էր: Ադրբեջանցիները հրաժարվեցին ինձ տեղափոխելուց և ստիպված էի այդտեղ գիշերել: Առավոտյան ադրբեջանցիներն ասեցին, որ շփման գիծը ուրիշ կողմից պետք է անցնել: Իսկ բջջայիներ այն ժամանակ չկային, չէի կարողանում կապվել Երևանի հետ, գտնվում էի ամբողջովին ադրբեջանական կողմի հսկողության տակ: Պարզվեց՝ այդտեղ բախումները շարունակվում էին և կային ավերված ադրբեջանական գյուղեր: Նրանք չէին ուզում, որ ես դա տեսնեմ, և այդ պատճառով դեմ էին այդ մասով իմ անցնելուն: Այնուամենայնիվ, մենք շարժվեցինք: Կանգնեցինք, գումարտակի ադրբեջանցի հրամանատարն ասաց, որ ավտոմեքենա կուղարկի հայերի հետ պայամանվորվելու համար: Կանգնած էինք, և հանկարծ սկսեցին կրակել: Սկզբից ավտոմատի կրակահերթ էր, հետո՝ ականանետեր: Ավտոմեքենան հայերը խոցեցին: Մենք բլրի հետևում էինք, չէնք վնասվել, բայց այդպես էլ չկարողացանք անցնել: Այդ ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ, արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը մամուլի ասուլիս կազմակերպեց:
— Որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
— Շատերն այն կարծիքի են, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պիտի որոշեն հենց ղարաբաղցիները: Եթե հանրաքվե անցկացվի, ապա դրա արդյունքները ակնհայտ են: Նույնիսկ, եթե ենթադրենք, որ այդ հանրաքվեին կմասնակցեն նաև այն ադրբեջանցիները, ովքեր մի ժամանակ ապրում էին Ղարաբաղում, չնայած, որ նրանք վաղուց այլ վայրերում են բնակություն հաստատել, միևնույն է՝ ճնշող մեծամասնությունը կքվեարկի անկախության համար: Դրա համար Իլհամ Ալիևը ընդհանրապես հանրաքվե անցկացնել չի ուզում: Նա հարցը դնում է այսպես՝ «դա մեր տարածքներն են, վերադարձրեք այն մեզ»: Ավելին, դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից 1995թ-ին նոր սահամանադրություն է ընդունվել, որտեղ ամրագրված է, որ հանրաքվեներ անց են կացվում միայն համազգային մակարդակով: Այդ պատճառով, ըստ Ադրբեջանի սահմանադրության, Ղարաբաղում չեն կարող հանրաքվե անցկացնել: Իսկ ինչքանո՞վ է դա համապատասխանում միջազգային փորձին: Քվեբեկի անկախության համար ձայն է տվել միայն Քվեբեկը, ոչ թե ամբողջ Կանադան: Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակ ձայն են տվել միայն շոտլանդացիները, ոչ թե ամբողջ Բրիտանիան: Եթե Կատալոնիայում տեղի ունենար անկախության հանրաքվե, ապա կքվեարկեին միայն կատալոնացիները, այլ ոչ թե ամբողջ Իսպանիան: Բայց Իսպանիան, ինչպես և Ադրբեջանը, չի ուզում այդ հանրաքվեն, որովհետև արդյունքները պարզ են: Հենց դրա մեջ էլ թաքնված է հակամարտության խնդիրը:
Հակամարտության նոր սրում:
Հայոց Մեծ եղեռնի հիաշատակի նախօրեին, որը ամբողջ աշխարհի հայերը նշում են ապրիլի 24-ին, հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ փոխվել է: Բաքվի վարկածով ապրիլի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հայերը տանկերով նախահարձակ գործողությունների են դիմել, ոչնչացվել է մեկ հայկական տանկ: Իր հերթին՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ինտենսիվ կրակահերթի մասին:
Թարգմանությունը՝ «Ապառաժ»-ի խմբագրության