«Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացումը կայանալու է սեպտեմբերին
Սեպտեմբերի 6-ին տեղի է ունենալու ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությունը:
Շենքի շինարարական աշխատանքներին աջակցելու նպատակով հուլիսի 7-ին Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացել է միջոցառում-վիճակախաղ: Այս մասին տեղեկացրել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանը և հավելել, որ նախաձեռնությունը հաջողվել է, այն անցել է ուրախ ու արդար մթնոլորտում:
Ընդհանուր առմամբ իրացվել է 300 տոմս, խաղարկվել՝ փոքրիկների համար նախատեսված 25 նվեր: Հաջողակներին «ընտրել են» «Սոսե» մանկապարտեզի սաները:
Ելնելով ձեռնարկի հաջող ընթացքից և արդյունքներից, կազմակերպիչները խոստանում են այն ավանդական դարձնել և հասույթն ուղղել «Սոսե» մանկապարտեզների խնդիրների լուծմանը:
Ներկայումս Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզը ժամանակավորապես գործում է Ստեփանակերտի նախկին 6-րդ դպրոցի մասնաշենքերից մեկում: