Հպարտ քաղաքացի, հզոր պետություն
Ճշմարտությունը շատերի համար կարող է դառը թվալ: Եվ իրոք, պատրանքների ու երազների գրկում ապրող և պատուհանի քառակասուց աշխարհին նայող տաք կամ զով սենյակում նստածի համար դրսի սառնամանիքն ու արևի տապը միևնույն է: Նա ապրում է իր կյանքով, իր համար ստեղծած «հրաշք աշխարհում», և ձգտում է համոզել մյուսներին, որ այս է ճշմարտությունն ու վերջ: Ահա նման մտածողություն ունեցող մարդկանց համար զարմանալի և միգուցե անսպասելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, անհավանական բացահայտումները և չարաշահումների հայտնաբերումը:
Հավանաբար, նախքան վերոնշյալ բացահայտումները՝ շատերի մոտ կար այն պատկերացումը, որ հասարակությունից կտրված և այլ իրականության մեջ ապրող մարդիկ վայելում են չտեսնված կյանք: Սակայն այդ ամենի բացահայտումն ու բարձրաձայնումը կարող էր ծանր հետևանքներ ունենալ: Հենց այդ պատճառով էլ մարդիկ լռում էին և իրենց համար ստեղծում իրենց պատուհանն ու աշխարհին նայում այդ պատուհանի քառակուսուց: Այստեղ գործում է մարդկային հոգեբանական բարդույթներից մեկը՝ ճշմարտությունը բարձրաձայնելու վախը: Ստեղծված ստում ապրելու քաղցրությունը ու հարմարվողականությունն ավելի նախընտրելի է՝ առանց գլխացավանքի:
Բայց, երբ մի պահ ջարդվում են պատերը և փշրվում են կարծրատիպերը, կարծես թե անապակ օդի առատությունից հևքի մեջ ես ընկնում:
Այստեղ ազատ քաղաքացի լինելը հաղթում է քաղքենիությանը, անձնական հարմարվողականությունն իր տեղը զիջում է հավաքական բարօրության ձգտմանը, որի անհրաժեշտ պայմանը քաղաքացիական հասարակության ձևավորումն է:
Քաղաքացիական հասարակության ձևավորումով անցնող մառախուղի նման փարատվում են մինչ այս հասարակությանը լռեցնող և պատրանքների մեջ պահող երազները: Ի հայտ է գալիս ճշմարտությանը բաց աչքերով նայելու իրողությունը, որն իր հետ բերում է պատասխանատվություն: Այդ պատասխանատվությունը պարտադրում է, որ այլևս ստի, կեղծիքի, անարդարության հանդեպ չլռել: Այս պարտավորությունը տարածվում է հասարակության վրա իշխել ցանկացողի վրա ևս: Այլ խոսքով՝ իշխանությունը պարտավորվում է լինել ազնիվ և անաչառ, պարտավորվում է հաշվետու լինել և ունկնդրել քաղաքացուն: Միաժամանակ, քաղաքացու ձայնը լսելու համար անհրաժեշտ է ստեղծել հարթակներ, պետական համակարգում գոյություն ունեցող կառույցների գործունեությունը դարձնել թափանցիկ, լրատվությունը՝ անկաշկանդ ու անմիջական:
Վերը նշված բոլոր պայմանների և հասարակության ու իշխանության մեջ գոյություն ունեցող կապերի ստեղծումով, երկուստեք ազնվության և անաչառության վրա հիմնված մոտեցումների առկայությամբ և ճշմարտությանն առանց վախի նայելու կարևորագույն պայմանը իրականացնելու դեպքում կարող ենք ունենալ հզոր քաղաքացիական հասարակություն: Հզոր պետություն ունենալու համար յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է բարձրացվի պետության հանդեպ պարտավորության եւ պատասխանատվության զգացումը:
Ահա այն կարեւորագույն երաշխիքներից մեկը, որով կունենանք հպարտ քաղաքացի եւ հզոր պետություն:
«Ապառաժ»-ի խմբագրական, 3.07.2018թ.