ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողով Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողով Արցախում

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողով Արցախում

Մայիսի 9-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում կայացավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի երկրորդ նիստը, որը վարում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

 

 

Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակը:

 

Ողջունելով ներկաներին՝  Դավիթ Իշխանյանը նշեց, որ ինչպես  25 տարի առաջ, այնպես էլ ապրիլյան պատերազմին հաջորդող այս օրերին, հայության ներուժը կենտրոնացավ Արցախում՝ ծառայելով Արցախի ժողովրդի բովանդակ շահերին:

 

<<Այս օրերին Երեւանում մեկնարկած Հայ դատի կենտրոնական եւ շրջանային գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովի հիմնական մասն Արցախում անցկացնելն  ամփոփում է մեծ պատգամ: Ինչպես եւ նախորդ տասնամյակներում, այսօր եւս մենք այստեղ ենք միասին ու միասնական, համոզված ու հաստատակամ մեր գաղափարներին ու ծրագրերին, պատրաստակամ՝ դիմագրավելու մեզ նետված հերթական մարտահրավերները,- ասել է Դավիթ Իշխանյանը եւ հավելել,- մեր գիտակցումն այն է, որ Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողությունների բանալին գտնվում է Արցախի սահմաններում ու ամփոփված է հայ զինվորի ոգու մեջ>>:

 

<<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավարը  շնորհավորել է ներկաներին կարևոր ու պարտավորեցնող Եռատոնի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ  հաղթանակներն այսուհետ եւս  կլինեն մեր ժողովրդի ուղեկիցը:

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Դաշնակցության համար հպարտություն է այս խորհրդաժողովը Արցախում անցկացնելը:

 

<<Մենք՝ որպես հայ ժողովրդի երկրորդ բանակ, Հայ դատի բանակ, քաղաքական գործերում մեր պայքարն առաջ տանող բանակ, պետք է գայինք այստեղ եւ մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնեինք Արցախի  ժողովրդին: Դա նվազագույնն է, ինչը կարող էինք անել  եւ պետք է առավել մեծ թափով շարունակենք մեր աշխատանքները:

 

Հայ դատի աշխատանքը կարելի է ամփոփել չորս կետերով. առաջին կետն Արցախի կապակցությամբ մեր կատարած աշխատանքներն են աշխարհով մեկ, լինի դա ազգային ինքնորոշման իրավունքի շեշտադրում, լինի դա Ադրբեջանի հարձակողական եւ առհասարակ հակահայ քարոզչության դեմ: Այս ուղղությամբ մեր աշխատանքներն ավելի մեծ թափ ստացան մանավանդ քառօրյա պատերազմից հետո, որովհետեւ անհրաժեշտ էր մեկ բռունցի մեջ հավաքվել: Հայ դատը, որպես Արցախի թիկունք, քաղաքական առումով այսուհետ եւս կպաշտպանի Արցախը>>,- ասել է Հակոբ Տեր Խաչատրյանը:

 

<<Երկրորդ  ուղղությունը, որը որդեգրել են ՀՅԴ Հայ դատի գրասենյակները,  Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումն է եւ պաշտպանությունը միջազգային ատյաններում: Երրորդը Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակությունն է, որն արդեն բավականին երկար ճամփա է անցել եւ մանավանդ՝ նոր էջի բացումը, որը պահանջատիրության էջն է: Հայ դատի վերջին՝  չորրորդ  խնդիրը, մեր քաղաքական ուժի բարձրացումն է աշխարհով մեկ, մեր երիտասարդության եւ ժողովրդի քաղաքականացման խնդիրն  է, մանավանդ՝ սփյուռքում>>,- եզրափակել է նա:

 

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կարևորելով նման միջոցառման անցկացումն Արցախում:

 

 

ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն  իր ելույթում նույնպես շեշտել է, որ Արցախի հարցը ՀՅԴ  Հայ դատի  գրասենյակների բաղկացուցիչ եւ կարեւորագույն մասն է:

 

 

Կ. Միրզոյանը նաեւ նշել է.

<< Եթե մենք ունենայինք ԼՂՀ լիարժեք կարգավիճակ բանակցային գործնթացում, այսօր միգուցե նման իրավիճակում չէինք հայտնվի եւ Ադրբեջանն էլ նման հանդուգն պահվածք չէր դրսեւորի: Առանց  ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմի մասնակցության  գործընթացի կայուն ու մնայուն կարգավորումը պարզապես իրատեսական չէ: Մեր աշխատանքները պետք ուղղված լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման նպատակին, ինչը կլինի հզոր անվտանգության երաշխիք արցախահայության համար>>:

 

Արտգործնախարարը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության չճանաչված լինելը գայթակղություն է ծնում՝ կրկնելու նոր ցեղասպանություններ:

 

<<Այն, ինչ փորձում էին Ադրբեջանի իշխանությունները կատարել ապրիլին, այն վայրագ  պահվածքը մեր զինվորների եւ մեր քաղաքացիական բնակչության նկատմամբ, ռմբակոծությունները խաղաղ բնակավայրերի նկատմանբ այլ բառով բնութագրել, քան՝ ցեղասպանության փորձ, չի կարելի: Ապրիլյան այս օրերին նոր ցեղասպանություն կանխվեց>>:

Խորհրդաժողովը կշարունակվի նաեւ մայիսի 10-ին եւ 11-ին: 

1