ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողով Արցախում
Մայիսի 9-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում կայացավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի երկրորդ նիստը, որը վարում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակը:
Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը նշեց, որ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ ապրիլյան պատերազմին հաջորդող այս օրերին, հայության ներուժը կենտրոնացավ Արցախում՝ ծառայելով Արցախի ժողովրդի բովանդակ շահերին:
<<Այս օրերին Երեւանում մեկնարկած Հայ դատի կենտրոնական եւ շրջանային գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովի հիմնական մասն Արցախում անցկացնելն ամփոփում է մեծ պատգամ: Ինչպես եւ նախորդ տասնամյակներում, այսօր եւս մենք այստեղ ենք միասին ու միասնական, համոզված ու հաստատակամ մեր գաղափարներին ու ծրագրերին, պատրաստակամ՝ դիմագրավելու մեզ նետված հերթական մարտահրավերները,- ասել է Դավիթ Իշխանյանը եւ հավելել,- մեր գիտակցումն այն է, որ Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողությունների բանալին գտնվում է Արցախի սահմաններում ու ամփոփված է հայ զինվորի ոգու մեջ>>:
<<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավարը շնորհավորել է ներկաներին կարևոր ու պարտավորեցնող Եռատոնի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հաղթանակներն այսուհետ եւս կլինեն մեր ժողովրդի ուղեկիցը:
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Դաշնակցության համար հպարտություն է այս խորհրդաժողովը Արցախում անցկացնելը:
<<Մենք՝ որպես հայ ժողովրդի երկրորդ բանակ, Հայ դատի բանակ, քաղաքական գործերում մեր պայքարն առաջ տանող բանակ, պետք է գայինք այստեղ եւ մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնեինք Արցախի ժողովրդին: Դա նվազագույնն է, ինչը կարող էինք անել եւ պետք է առավել մեծ թափով շարունակենք մեր աշխատանքները:
Հայ դատի աշխատանքը կարելի է ամփոփել չորս կետերով. առաջին կետն Արցախի կապակցությամբ մեր կատարած աշխատանքներն են աշխարհով մեկ, լինի դա ազգային ինքնորոշման իրավունքի շեշտադրում, լինի դա Ադրբեջանի հարձակողական եւ առհասարակ հակահայ քարոզչության դեմ: Այս ուղղությամբ մեր աշխատանքներն ավելի մեծ թափ ստացան մանավանդ քառօրյա պատերազմից հետո, որովհետեւ անհրաժեշտ էր մեկ բռունցի մեջ հավաքվել: Հայ դատը, որպես Արցախի թիկունք, քաղաքական առումով այսուհետ եւս կպաշտպանի Արցախը>>,- ասել է Հակոբ Տեր Խաչատրյանը:
<<Երկրորդ ուղղությունը, որը որդեգրել են ՀՅԴ Հայ դատի գրասենյակները, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումն է եւ պաշտպանությունը միջազգային ատյաններում: Երրորդը Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակությունն է, որն արդեն բավականին երկար ճամփա է անցել եւ մանավանդ՝ նոր էջի բացումը, որը պահանջատիրության էջն է: Հայ դատի վերջին՝ չորրորդ խնդիրը, մեր քաղաքական ուժի բարձրացումն է աշխարհով մեկ, մեր երիտասարդության եւ ժողովրդի քաղաքականացման խնդիրն է, մանավանդ՝ սփյուռքում>>,- եզրափակել է նա:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կարևորելով նման միջոցառման անցկացումն Արցախում:
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն իր ելույթում նույնպես շեշտել է, որ Արցախի հարցը ՀՅԴ Հայ դատի գրասենյակների բաղկացուցիչ եւ կարեւորագույն մասն է:
Կ. Միրզոյանը նաեւ նշել է.
<< Եթե մենք ունենայինք ԼՂՀ լիարժեք կարգավիճակ բանակցային գործնթացում, այսօր միգուցե նման իրավիճակում չէինք հայտնվի եւ Ադրբեջանն էլ նման հանդուգն պահվածք չէր դրսեւորի: Առանց ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմի մասնակցության գործընթացի կայուն ու մնայուն կարգավորումը պարզապես իրատեսական չէ: Մեր աշխատանքները պետք ուղղված լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման նպատակին, ինչը կլինի հզոր անվտանգության երաշխիք արցախահայության համար>>:
Արտգործնախարարը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության չճանաչված լինելը գայթակղություն է ծնում՝ կրկնելու նոր ցեղասպանություններ:
<<Այն, ինչ փորձում էին Ադրբեջանի իշխանությունները կատարել ապրիլին, այն վայրագ պահվածքը մեր զինվորների եւ մեր քաղաքացիական բնակչության նկատմամբ, ռմբակոծությունները խաղաղ բնակավայրերի նկատմանբ այլ բառով բնութագրել, քան՝ ցեղասպանության փորձ, չի կարելի: Ապրիլյան այս օրերին նոր ցեղասպանություն կանխվեց>>:
Խորհրդաժողովը կշարունակվի նաեւ մայիսի 10-ին եւ 11-ին: