ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ԱՀ նախագահի համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցություններ է սկսելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ԱՀ նախագահի համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցություններ է սկսելու

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ԱՀ նախագահի համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցություններ է սկսելու

Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 29-ին՝ ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ընդլայնված նիստ, որի արդյունքում հրապարակվել է հետեւյալ հայտարարությունը.

 

Հայ  Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի

հայտարարությունը

 

ՀՅ Դաշնակցությունը` նկատի ունենալով արտաքին և ներքին մարտահրավերները, համոզված է, որ  Արցախի առաջընթացի երաշխիքը՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձեւավորումն է:

Ի կատարումն ՀՅ Դաշնակցության Արցախի Շրջանային ժողովի որոշման՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 10-ից խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հետ նախաձեռնելու է բանակցություններ՝ ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ, որի արդյունքները կհրապարակվեն:

Բանակցությունների  նպատակն է՝

— Ուսումնասիրել ազգային միասնական օրակարգ ձեւավորելու միջոցով նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու հնարավորությունը,

—  Համաձայնեցնել և ամբողջացնել ազգային  միասնական  օրակարգի  հիմնադրույթներն  ու  առաջնահերթությունները, երկրի զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունները,

—  Հստակեցնել  նախագահի  համաձայնեցված  թեկնածուով  քաղաքական  համախոհության  ձևավորման  սկզբունքներն  ու  դաշտը,

—  Բանակցությունների արդյունքներն ամրագրել համապատասխան հուշագրով:

Բանակցություններում ՀՅ Դաշնակցության կողմից առաջարկվող օրակարգն ընդգրկում է հետեւյալ առաջնահերթությունները.

— Արցախյան  հիմնախնդրի  կարգավորման  գործընթացում  ապահովել  Արցախի   Հանրապետության  Սահմանադրության  175-րդ  հոդվածի  անվերապահ   իրագործումը,

— Հայաստան-Արցախ  ռազմավարական դաշինքի  իրավապայմանագրային ամրագրումը,

— Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,

— Կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը,

— Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,

— Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը,

— «Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանական համակարգի կատարելագործումը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

30.08.2019 թ.

1