ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից
Գլխավոր » Երիտասարդական » ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից

ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից

Ապրիլի 28-ին Արցախի պետական համալսարանում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը: Հրավիրյալներն ԱրՊՀ ուսանողների համար հանդես եկան դասախոսությամբ՝ «ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում» թեմայով:

«Նույնիսկ արևմտյան աշխարհում արդեն ժողովրդի մոտ այնպիսի զգացումներ են հասունացել, որ պետք են փոփոխություններ: Դրա արտահայտությունն է Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոմիությունից, Դ. Թրամփի ընտրվելը: Շատ կարևոր են նաև ժողովրդագրական մարտահրավերները, որոնք չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ: Այդ տեսակետից Հայաստանն ու Արցախը  խնդիրներ ունեն»,- շեշտել է Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով Արցախյան բանակցային գործընթացին, Շավարշ Քոչարյանը նշել է, որ բանակցությունների սեղանին դրված հարցերը մեծամասամբ վերաբերում են հենց Լեռնային Ղարաբաղին, այսինքն Հայաստանում որևէ մեկը իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն առնվազն 2 հարցի պատասխան տալ՝ Ղարաբաղի կարգավիճակի և Ղարաբաղի տարածքային ամբողջականության վերաբերյալ: «ԼՂՀ-ն ունի իր խնդիրներն Ադրբեջանի հետ՝ մասնավորապես կապված ԼՂՀ օկուպացված տարածքների հետ և դա միայն ու միայն Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Կարգավիճակի առումով կա հանրաքվե և ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել ելնելով ԼՂ ժողովրդի արտահայտած կամքից՝ այն էլ 3 անգամ՝ բուն հանրաքվեն, առաջին սահմանադրությունը և վերջին սահմանադրությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ տեղակալը:

Խոսելով ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակի  և Ֆրանսիայում Մակրոնի հավանական հաղթանակի մասին, Դավիթ Շահնազարյանը եզրակացնում է, որ հաջողության հասածները փաստորեն այսպես կոչված «ոչ համակարգային» գործիչներ էին և նրանց կողմ քվեարկողները փաստորեն դեմ քվեարկեցին գործող համակարգին: Այստեղից կարելի է հետևություն անել, որ աշխարհում լիբերալ-դեմոկրատիան ճգնաժամի մեջ է: Խնդիրներ են առաջ գալիս նաև բազմամշակութային քաղաքականության ոլորտում, արժեքային համակարգերի բախում է տեղի ունենում:

«Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիներին մարդկության վրա ամենամեծ ազդեցությունն ունենալու են նոր տեխնոլոգիաները, էներգիայի նոր աղբյուրները, որոնք կապված չեն ածխաջրածինների հետ»,- նշել է Դավիթ Շահնազարյանը և ավելացրել, որ դա փոխելու է աշխարհը և դուրս ենք գալու նավթային աշխարհից: «Սա, իհարկե, օգուտ է Հայաստանին: Ադրբեջանի տնտեսական շատ սուր խնդիրները կապված են հենց նավթի և գազի արդյունահանման և արտահանման անկումների հետ, և այս տարվա վերջին սպասվում է դրանց ամենասուր ճգնաժամը»,- եզրակացնում է փորձագետը:

1