Հերոսների հետքերով դեպի Շուշի
Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հերոսների հետքերով» խորագիրը կրող հայրենասիրական արշավ է կազմակերպվել դեպի Շուշի: Երթին մասնակցել են Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ զինծառայողներ, կամավորներ, մոտ 260 երիտասարդ:
Նպատակն է երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու ամրապնդումը, օրվա խորհրդի բացահայտումը, երիտասարդության համախմբումը, ինքնագիտակցության բարձրացումը, վաղվա հաղթական օրվա հանդեպ հավատի ներշնչումը:
Երթի մասնակիցները բաժանվեցին 3 խմբերի և, ինչպես 1992թ., 3 ուղղություններով բարձրացան Շուշի: Արցախի ինքնապաշտպանության բանակի առաջին հրամանատար, «Հարսանիք լեռներում» ռազմագործողության արևելյան ուղղության հրամանատար, պահեստազորի գնդապետ Արկադի Կարապետյանը ներկայացրեց ռազմագործության ընթացքը: Երեք ուղղությունների ղեկավարները երիտասարդներին ուղեկցեցին իրենց անցած ճանապարհով՝ ընթացքում արշավականներին ներկայացնելով Շուշիի ազատագրման մանրամասները:
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ներկաներին օրհնանքի խոսք հղեց Մակար սրբազանը: Այնուհետև միջոցառումը շարունկավել էՀունոտի կիրճ արգելոցի Կատարոտ (Ջդրդուզ) հատվածում, որտեղ մասնակիցներին տրվել է ճաշ, այնուհետև կազմակերպվել են համերգ, ավանդական խաղեր և պարեր:
Արշավի մասնակից, ՊԲ ժամկետային զինծառայող Ավետիս Միդյանն առաջին անգամն է մասնակցում նման միջոցառման և շատ տպավորված է. «ինձ համար շատ հետաքրքիր ու զարմանալի էր անցած ճանապարհը, քանի որ մեր հերոսների պատմելով հասկանում ես, թե ինչ դժվար է եղել տվյալ ճանապարհով մտնելը: Շուշին բերդի նման շրջակա միջավայրի նկատմամբ բարձր դիրք ունի, ինչը խոչընդոտում է բարձունքը հաղթահարելուն, բայց մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել այն»: Իսկ ինչ վերաբերում է զինվորների մասնակցությանը, այդ փաստն ավելի է ոգևորում, քանի որ զինվորները, մի պահ կտրվելով ծառայողական հոգսերից, հոգեպես և ֆիզիկապես ավելի են ամրապնդվում, որը բարձրացնում է բոլորի մարտական ոգին և տրամադրությունը:
«Հերոսների հետքերով» հայրենասիրական արշավը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ` ԼՂՀ պաշտպանության, առողջապահության նախարարությունների և կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հետ համատեղ: Արշավի մասնակիցների անվտանգությունը կապահովեն փրկարար ծառայության և շտապ բուժօգնության աշխատակիցները: