Հանդիպում Մարտունու ուսուցչական կոլեկտիվի հետ
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր Դավիթ Իշխանյանը մայիսի 5-ին Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան համար մեկ դպրոցում հանդիպեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ:
Հանդիպման ընթացքում պատգամավորը նշեց, որ մի քանի օր առաջ հարց բարձրացվեց վերոնշյալ կոլեկտիվի հետ հանդիպման մասին և խոստման համաձայն, եկել է հանդիպելու:
Դ. Իշխանյանը վաղօրոք ներկաներին շնորհավորեց մայիսյան եռատոների կապակցությամբ: Պատգամավորը ներկայացրեց հոկտեմբեր- մայիս ժամանակահատվածի խմբակցության օրենսդրական գործունեության հակիրճ նկարագիրը՝ 2017 թվականի պետբյուջեի ընդունում, «Զինապարտության մասին» օրենքում կատարված փոփոխության մասին, առաջնագծի պարբերաբար հանդիպումներին, անդրադարձավ «Գյուղական կոոպերատիվների» մասին ԱԺ-ի կողմից օրենքի հավանության արժանանալու և հաստատման մասին, որը պատգամավորը շատ կարևոր համարեց Արցախի նման գյուղատնտեսական երկրի համար: Անդրադարձ եղավ նաև Արցախի Սահմանադրության ընդունման ընթացակարգին և Դաշնակցության այն համոզմանը, որ ընդունված Սահմանադրությունն այն Սահմանադրությունը չէ, որ կարող է ապահովել երկրի առաջընթացը: Դ. Իշխանյանը նշեց, որ շատ շուտով անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ մտցնել մի շարք հոդվածներում, արդեն իսկ առկա են մի շարք դժվարություններ: Հունիսին խորհրդարան կմտնի Դատական նոր օրենսգիրքը և Հաշվեքննիչ Պալատի մասին օրենսգիրքը: Համայնքների խոշորացման մասին օրենքի ընդունումը առայժմ խմբակցության և նախագահի հետ հանդիպումների արդյունքում հաջողվեց հետաձգել, մինչև համապատասխան քննարկումների դաշտն ապահովելը: Վերջերս ՀՀ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպեց ԱՀ Նախագահի և շրջվարչակազմերի ղեկավարների հետ և խոսվեց այն մասին, թե այդ գործընթացն ինչպես է իրականացվել Հայաստանում և ինչպես պետք է այն իրականացվի Արցախում, որպեսզի նույն սխալները թույլ չտրվի այստեղ:
«Դաշնակցություն» խմբակցությունը անցյալ ամիսների ընթացքում զանազան հարցերով կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություններ և փորձել են օրենքի շրջանակներում հնարավորինս լուծումներ տալ բարձրացված հարցերին:
Հանդիպման վերջում պատգամավոր Դավիթ Իշխանյանը պատասխանեց հնչեցված հարցերին, որոնք վերաբերում էին ուսուցիչների աշխատավարձերին, նրանց սոցիալական արտոնություններին, առավել մոտ գտնվող սահմանային բնակավայրերի բնակչության անվտանգության հարցերին, նրանց համար հետագայում հարկային և վարկային արտոնությունների սահմանման մասին, բանկերից վերցված վարկերի մարման գործընթացներին և բնակչությանը հուզող այլ հրատապ հարցերին: