Հանդիպում Ճարտար քաղաքում

Ապրիլի 22-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Աղաբեկյանը և Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցան Ճարտար քաղաքի բնակիչների հետ:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ ոմանց մոտ շրջանառվող է այն կարծիքը, թե Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն է, ամենեւին չի համապատասխանում իրականությանը. «Այն ազգը, որը պատրաստ չէ պատերազմի, խաղաղություն էլ չի տեսնի: Մեր գլխավոր նպատակը խաղաղությունն է, ուստի պատահական չէ, որ այն ընդգրկված է մեր նախընտրական կարգախոսում»,- նշեց Արմեն Սարգսյանը:
Արթուր Աղաբեկյանը ներկայացրեց ՀՅԴ նախընտրական ծրագիրը: Ապա անդրադառնալով ՀՅԴ նախընտրական կարգախոսին՝ նշեց, որ ՀՅԴ կարգախոսն իր մեջ պարունակում է այն երեք կարեւորագույն կետերը, որոնք այսօր պակասում են մեր առօրյայում:
«Ճարտարցիները հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ: Իսկ Դաշնակցությունն աշխատանքի կուսակցություն է, Դաշնակցությունը միշտ կանգնած է ու կանգնած է լինելու աշխատավոր մարդու կողքին՝ պաշտպանելով նրա իրավունքներն ու արժանապատվությունը»,- նշեց Ա. Աղաբեկյանը: