ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Մարտի 1-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հանդիպեց արցախյան նկարիչների ու քանդակագործների հետ՝ ծանոթանալու արվեստագետների խնդիրներին ու միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները:
Սերգեյ Շահվերդյանը նախ խոսեց իրեն հայտնի խնդիրների ու անելիքների շուրջ, մասնավորապես նշելով, որ մեր արվեստագետներն ու նրանց գործերը կարիք ունեն մեր հասարակությունում և երկրից դուրս ներկայացված լինելու: Նախարարությունը պատրաստ է աջակցել:
Այնուհետ ծավալվեց քննարկում, որի ընթացքում արվեստագետները հնարավորություն ունեցան կիսել իրենց մտահոգությունները, հանդես գալ առաջարկներով:
Նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանի կարծիքով՝ արվեստագետներին անհրաժեշտ է միասնություն ու առավել ակտիվ գործունեություն: Նա կարևորեց ցուցահանդեսների հաճախակի կազմակերպումը երկրում ու երկրից դուրս:
Ըստ Լավրենտ Ղալայանի՝ այսօրվա քաղաքաշինության մեջ պակացում է ճարատարապետի, քանդակագործի ու նկարչի խորհրդատվությունն ու մասնակցությունը:
Արվեստագետները պետք է ունենան արհեստանոցներ, որտեղ կարող են ազատ ստեղծագործել ու աշխաատել. սա էլ Առնոլդ Մելիքսեթյանի դիտարկումն էր:
Երիտասարդ նկարիչ Դավիթ Սարգսյանն առաջարկեց երկրից դուրս ցուցահանդեսներ կազմակերպել Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ: Նրա խոսքով՝ արվեստագետների կապը հասարակության հետ ավելի ամուր պետք է լինի: Մտահոգիչ է նաև արժեք չներկայացնող քանդակների տեղադրումը հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու:
Յուրի Հովհաննիասյանի կարծիքով՝ գեղարվեստական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: Խորհուրդը կօգնի ազատվել կամայականություններից, որոնք արժեզրկում են մեր մշակույթը և կկանոնակարգի ոլորտը:
Հանդիպման վերջում նախարար Սերգեյ Շահվերդյանը հավաստիացրեց, որ բոլոր կարծիքներն ու առաջարկները կքննարկվեն, առավել կառուցողական ու իրատեսական առաջարկները կյանքի կկոչվեն՝ իհարկե արվեստագետների աջակցությամբ: