Հայտնի են Համահայկական 7-րդ խաղերի բազկամարտի արդյունքները
Գլխավոր » Լրահոս » Հայտնի են Համահայկական 7-րդ խաղերի բազկամարտի արդյունքները

Հայտնի են Համահայկական 7-րդ խաղերի բազկամարտի արդյունքները

Ընթանում է Համահայկական 7-րդ ամառային խաղերի երկրորդ օրը: Մինչ որոշ մարզաձևերում նոր են նախանշվում հաղթողների անունները, բազկամարտում արդեն ամփոփվել են երկօրյա մրցաշարի արդյունքները: Օգոստոսի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է բազկամարտում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների պարգևատրման արարողությունը:

Եղեգնաձորցի 15-ամյա Քրիստինե Հովհաննիսյանը միանգամից 2 երկու մեդալ է նվաճել՝ արծաթե և բրոնզե: «Առաջին անգամ են մասնակցում Համահայկական խաղերին և շատ ուրախ եմ, որ կարողացա մրցանակային տեղեր զբաղեցնել»,- ասել է Քրիստինե Հովհաննիսյանը:

Եղեգնաձորը ներկայացել է վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս մարզաձևերում: Համահայկական խաղերին ներկա Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը հպարտ է իրենց թիմի առաջին հաղթանակով, բայց համոզված է, որ այդ մեդալներով չեն սահմանափակվի: «Հպարտ եմ, որ հաղթանակով ենք վերադառնալու տուն: Իսկ մեր մարզիկին նորանոր հորիզոնականներ եմ մաղթում»,- նշել է Դավիթ Հարությունյանը:

Բազկամարտ սպորտաձևում մարզական ամենաբարձր մեդալը նվաճած Գոռ Բարսեղյանը ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքից է: Նա երեք տարի է, ինչ զբաղվում է այս սպորտաձևով և արդեն ՀՀ չեմպիոն էր հռչակվել:

Գոռ Բարսեղյանի մարզիչ, բազկամարտի աշխարհի չեմպիոն Սերոբ Աբրահամյանը նշել է, որ մրցակցությունը մեծ էր, հատկապես իր սանիկի քաշային կարգում: «Ես վստահ էի, որ Գոռ Բարսեղյանը հաղթող է ճանաչվելու, մեր մյուս մարզիկն էլ բրոնզե մեդալի է արժանացել»,- ասել է մարզիչը: Ինչ վերաբերում է Արցախում Համահայկական խաղերի անցկացմանը, ապա Սերոբ Աբրահամյանը տպավորված է խաղերի կազմակերպման մակարդակից և ընթացքից:

1