Հայոց ցեղասպանություն. Տարագրության 100 տարի

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց կինոպրոդյուսեր և լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը գտել է այդ սարսափելի ողբերգությունը վերապրած մի քանի մարդու, որոնք միասին որոշել են ճանապարհորդություն կատարել դեպի անցյալ: Բրիտանական Channel 4 հեռուստաալիքն իր կայքում անդրադարձել էամերիկահայ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանին և Հայոց ցեղասպանության վերապրածների անձնական հուշերն ու պատմությունները ներկայացնող նրա «1915» ֆոտոնախագծին, հայտնում է NEWS.am-ը:
Դիանա Մարկոսյանը ծնվել է Մոսկվայում և մեծացել ԱՄՆ-ում: «Իմ կյանքում մեծ մասամբ ես պայքարել եմ իմ հայ ինքնության համար, մասամբ պատմության պատճառով, որը ես ուսումնասիրում էի: Դա այն է, ինչ ես հասկանում էի, բայց երբեք ամբողջովին չէի ընկալում»,- պատմել է նա:
Մեկ տարի առաջ, երբ ես այցելեցի Հայաստան, մի կազմակերպության ներկայացուցիներն ինձ խնդրեցին օգնել գտնել Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց: Այդպես ես հանդիպեցի Մովսես Հանեշյանին ևԵպրաքսյա Գևորգյանին, որոնք անցյալում են թողել իրենց կյանքի 100 տարիները»,- ասել է կինոպրոդյուսերը:
Երբ Դիանան հանդիպել է նրանց, Մովսեսն ու Եպրաքսյան պատմել են իրենց լքված տների մասին հուշերը: Մովսեսը ծնվել է Մուսա լեռան Քեբուսիե գյուղում: Եպրաքսիան ապրում էր Կարս քաղաքի մոտակա գյուղերից մեկում: Նրանք իրենց տները չեն տեսել մեկ դար առաջ դրանք լքելուց ի վեր:
«Ես որոշեցի ինչ-որ կերպ վերամիավորել հայրենիքից բաժանված մարդկանց և մեկնեցի Թուրքիա, որպեսզի «նորից անցնեմ» նրանց վերջին հուշերի ճանապարհով: Երբ ես ասացի, որ գնալու եմ նրանց հայրենիք, նրանցից յուրաքանչյուրը ինձ խնդրեց կատարել մի ցանկություն: Մուսալեռցի Մովսեսը պատկերեց իր գյուղի քարտեզը և խնդրեց գտնել այնտեղ իրենց եկեղեցին և իր լուսանկարը թողել դրա փլատակների տակ:
Մովսեսի գյուղում ես գտա այն ամենը, ինչը նա նկարագրել էր՝ ոչխարներ, մրգեր, որոնք նա կերել էր ժամանակին, և ծովը: Ես գտա անգամ եկեղեցու փլատակները»,- պատմում է Դիանա Մարկոսյանը:
Եպրաքսյան խնդրել էր գտնել իր ավագ եղբորը, որին նա կորցրել էր 1915թ.-ից հետո…
«Վերադառնալով Հայաստան՝ ես վերստեղծեցի Ցեղասպանություն վերապրածների հայրենիքի քարտեզը: Այդքան տարիներ անց, տեսնելով այդ նկարը, նրանք դեմքներին մոտեցրին դա, կարծես դրանով կարող էին վերադառնալ այն վայրը, որը տարիներ շարունակ իրենց հայրենիքն էր: Դա նրանց տան, նրանց ունեցած ամեն ինչի պատմությունն է, որը կորցրել և գտել են նորից»,- եզրափակում է Դիանա Մարկոսյանը: