Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի
Գլխավոր » Հասարակական » Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի

Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի

Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի: Բացվում է Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը, որն իրավական կառույց է, գործելու է ի շահ հանրության, և որի նպատակն է հարատև լուծումներ գտնել Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը:
 
«Այսօր էլ, երբ Թուրքիան, այսօրվա Թուրքիայի բնիկ հայերին զրկում է կրոնական և մարդու իրավունքներից, փորձում է լռեցնել Սփյուռքի համայնքները, Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է դեռևս մեծապես ազդել հայերի իրավունքների վրա: Այս կենտրոնն ազգային և միջազգային ատյանների և հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը»,-ասաց Քենեթ Խաչիկյանը:
 
Կենտրոնի վարչության անդամ Կիրո Մանոյանը նշեց, որ կենտրոնը ջանալու է համակարգել մարդու իրավունքների խախտումներին առնչվող հայցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտումները և հավաքել անհրաժեշտ ապացույցներ:
 
«Հայ Դատի հանձնախմբերի կատարած աշխատանքներն ավելի շատ քաղաքական բնույթի են: Այս կենտրոնը, որպես իրավական կառույց, նախ հավաքել է գոյություն ունեցող ուսումնասիրությունները, կատարելու է նաև նոր ուսումնասիրություններ` պարզելու համար, թե ինչ իրավական հայցեր կարող է նախաձեռնել: Կենտրոնը կարող է ինքը նախաձեռնել, կարող է դա անել այլ իրավատերերի հետ: Ամեն դեպքում, հիմա կա կենտրոն, որից կարելի է ակնկալել, որ առնվազն տարբեր նախաձեռնությունների մասին կտա իրավական խորհրդատվություն: Մենք տեսել ենք որոշ դեպքեր, երբ խմբային հայց  է եղել, սակայն ինչ-որ փուլում հայց ներկայացնողները զգացել են, որ իրավազրկվել են: Այս կենտրոնի անմիջական աշխատանքները հիմնվելու են այդ ուսումնասիրությունների վրա, որպեսզի տեսնենք, թե ինչ ուղղությամբ իրավական հարցերը կարող ենք առաջ տանել»,-ասաց Կիրո Մանոյանը:
 
Նրա տեղեկացմամբ, կան տարբեր դատական հայցեր և ԱՄՆ-ում, և այլ երկրներում: Կենտրոնը հետևելու է նաև այդ գործընթացներին: Ըստ նրա` մինչ հիմա արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքն այնքան էլ կատարյալ չէ, երբ վերաբերում է անցած անարդարությունները սրբագրելուն:
 
«Ներկայում պետք է կենտրոնանալ տարբեր պետությունների, այդ թվում, Թուրքիայի, դատարանների վրա, տեսնենք, թե ինչ կարելի է ձեռնարկել: Կան նախադեպեր, երբ հայերը թուրքական դատարաններում հայցեր են ներկայացրել և որոշ չափով իրենց իրավունքը վերականգնվել է: Կան նախադեպեր, երբ այլ ազգի ներկայացուցիչները, ովքեր որևէ պետության կողմից անարդար վերաբերմունքի են արժանացել, պետության դեմ գործ են հարուցել և դրական եզրակացության են հանգել»,-հավելեց Կիրո Մանոյանը:
 
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնն  ակնկալում է աշխատել աշխարհի հայ համայնքների բոլոր հատվածների հետ միասնաբար:  Կենտրոնը, միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ, ուշադրությունը սևեռելու է Ցեղասպանության ընթացքում հափշտակված կամ բռնագրավված հավաքական գույքի և այլ ունեցվածքի վրա, որոնց թվում եկեղեցիների, կրոնական վայրերի, հաստատությունների, դպրոցների, թանգարանների, մշակույթի գործերի, մշակութային արժեքների, գրքերի և այլ ունեցվածքի:
 
Կենտրոնի  գործադիր տնօրենը լինելու է Քեյթ Նահապետյանը, խմբային հայցերի մեծ փորձառությամբ փաստաբան, որը ավելի քան տասը տարի Վաշինգտոնում աշխատել է ամերիկահայերի պաշտպանության հարցերով: Նա նախկինում աշխատել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում, ԱՄՆ Արդարադատության նախարարությունում, այն ժամանակ սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ և Միջազգային Խաղաղության Կարնեգիի Հիմնադրամում: Նա միջազգային և մարդու իրավունքների գծով իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի իրավագիտության բաժնում՝ մասամբ ֆինանսավորվելով հեղինակավոր՝ Նոր ամերիկացիների համար Փոլ և Դեյզի Սորոսների կրթաթոշակի կողմից: Կենտրոնի վարչության անդամները թե՛ Հայաստանից և թե՛ սփյուռքահայ համայնքներից են:
1