Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը քվեարկության կդրվի Բրազիլիայի Սենատում

Բրազիլիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գևորգ Զատիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ երեկ ուշ երեկոյան Բրազիլիայի Սենատի 81 անդամներից 47-ը ստորագրել են մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը քվեարկության դնել Սենատում:
«47 ստորագրություն ունենալով` կարելի է տանել քվեարկության: Սենատորները, այդ ստորագրությունները հավաքելով, արտոնություն են ձեռք բերել այդ հարցը քվեարկության դնելու Սենատում»,- ասել է ատենապետը:
Նշենք, որ սա միայն առաջին փուլն է: Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց: Միայն այդ փուլերից հետո արդեն կարել է ասել, որ բանաձևն ընդունվել է:
Ուշագրավ է, որ այսօր ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հաստատել է իր այն հայտարարությունը, թե Բրազիլիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: