Հայկ Դեմոյան. Ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն
Գլխավոր » Հասարակական » Հայկ Դեմոյան. Ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն

Հայկ Դեմոյան. Ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն

Դեկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված էր Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին։ Ծրագիրն իրականացրել է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում,տեղեկացնում է ՀԵՀ կայքէջը:

 

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանընկատել է, որ ցուցադրությունն առաջինն է՝ այսպիսի նյութի պարունակությամբ և բովանդակությամբ: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մենք ավարտում ենք հենց այս շեշտադրմամբ՝ ինքնապաշտպանություն: Մեզանում թյուր կարծիք կա, թե Ցեղասպանության ժամանակ մարդիկ հլու-հնազանդ գնացել են դեպի մահը: Այդպես չէ, դա ոչ մասնագիտական պատկերացում է: Ցեղասպանությունները միշտ ուղեկցվում են դիմադրությամբ, դա բնության օրենքն է: Եվ գյուղերում, քաղաքներում ապրող մեր հայորդիները՝ տղամարդիկ, կանայք, ծերունիները, իրենց լուման են ներդրել փրկության համար: Դա միայն փրկության պայքար չի եղել, դա եղել է արժանապատվության համար պայքար»,- ընդգծել է Հայկ Դեմոյանը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծել է, որ ծանրագույն իրավիճակում, անհուսալի և պետական մեքենայի ոչնչացման գործընթացի պայմաններում հայ մարդն անզեն, ձեռքի տակ եղած միջոցներով կազմակերպել է ինքնապաշտպանություն: «Գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն: Իհարկե, մենք գիտենք ինքնապաշտպանության մեծ դրվագների մասին՝ Մուսա լեռ, Վան, Շապին Գարահիսար, Ուրֆա և այլն: Մեր այս ցուցադրության նպատակն է տեղեկացնել, որ միայն այդտեղ չեն եղել ինքնապաշտպանական մարտեր: Ու դա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ միայն կռվող, իր գոյության համար պայքարող ազգը կարող է գոյատևել: Եվ սա ապագային, ազգապահպանմանը միտված ուղերձ է: Պատահական չէ, որ ցուցադրությունը նվիրված է Անդրանիկ Զորավարի 150-ամյակին: Անդրանիկ Զորավարն այն կերպարներից է, որ իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի պայքարը»,- ասել է Սուրեն Մանուկյանը:

 

Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ժամանակավոր ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները: Հայոց պատմության այս փառապանծ էջերն անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով: Ցուցադրության մեջ ներկայացվել են բազմաթիվ նորահայտ, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող լուսանկարներ, ինչպես նաև Անդրանիկ Զորավարին առնչվող բացառիկ նյութեր:

 

1