Հայաստանը 4:2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ Խաղն ավարտվեց 4:2 հաշվով՝ օգուտ Հայաստանի հավաքականի:
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման արդեն չորրորդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 13-րդ րոպեին Էդին Ջեկոն կարողացավ արդյունավետ օգտագործել ձախ եզրից ստացած սուր փոխանցումը՝ հավասարեցնելով հաշիվը:
Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։ Երկրորդ գոլը «Ռոմայի» կիսապաշտպանը խփեց 66-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Սակայն արդեն 70-րդ րոպեին հյուրերը կիսապաշտպան Ամեր Գոյակի գոլի շնորհիվ դարձյալ վերականգնեցին հավասարությունը։
77-րդ րոպեին Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Հովհաննես Համբարձումյանը՝ 3։2։
Ավելացված ժամանակում էլ Մխիթարյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Ստյեպան Լոնչարը։
Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։
Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբում նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան-Լիխտենշտեյն հանդիպումը։
Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականները հանդիպում էին չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում հաղթել էին բոսնիացիները՝ 2010թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում 4։1 եւ 2։0 հաշվով, իսկ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում՝ 2։1 հաշվով։
Հիշեցնենք, որ Սարաեւոյում Հայաստանի հավաքականը պարտվել է 1։2 հաշվով։
yerkirmedia.am