Համերգային ծրագրով Արցախում է Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբը

Հուլիսի 4-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի և ԱՀ ՄԵՀԶ նախարարության համագործակցությամբ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում հանդես է եկել Արևմտյան Ամերիկայի Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Նաիրի» պարախումբը: Պարախումբն առաջին անգամ է Արցախյան բեմում:
Համերգը նվիրված էր Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակին, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Նյու Ջերսիի Համազգայինի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակին: «Համերգը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի և Նյու Ջերսիի մասնաճյուղի առաջին համագործակցությունն է և հետևողական կլինենք, որ ապագայում նման ծրագրերը շարունակական լինեն: Համերգը մեկ օրինակ է ցույց տալու, որ աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերը նույն մշակույթի կրողը, տարածողն ու պահպանողն են, իսկ Արցախը բոլորիս միավորող ոստանն է, բոլոր հայերի հոգու հայրենիքը»,- նշել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը՝ համերգի կազմակերպչական հարցերում օժանդակելու համար շնորհակալություն հայտնելով ԱՀ ՄԵՀԶ նախարարությանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեին:
«Նաիրի» պարախումբը հիմնվել է 2004թ. և 14 տարվա ակտիվ գործունեությունից հետո խումբն այսօր ունի 100-ից ավելի պարող: Պարախմբի ղերարվեստական ղեկավարն է Գարիկ Խաչիկյանը, պարուսույցը՝ Պարգև Սանոսյանը:
Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միությունն ունի պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, որոնք նպատակ ունեն հայ երեխաներին կապել հայկական մշակույթի, պատմության հետ: «Մեր նպատակը միայն պար սովորեցնելը չէ, այլ պարի միջոցով հայկականությունը պահելը: Նույնիսկ հայկական դպրոցներ չհաճախողները հայերեն շատ լավ հասկանում են, որովհետև մենք բոլոր փորձերը հայերենով ենք անում»,- նշել է Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միության ատեմապետուհի Անի Չաղլասյանը:
Պարուսույց Պարգև Սանոսյանի խոսքով՝ պարախումբը շատ էր ցանկանում ելույթ ունենալ Արցախում և ուրախ են, որ վերջապես այն հաջողվել է իրականություն դարձնել: «Ժողովուրդը շատ ջերմ ընդունեց մեզ, բոլոր դժվարություններով հանդերձ կարողացանք հաջող ելույթ ունենալ, լավ ձևով ներկայացնել պարախումբը»,- իր խոսքում ասել է Պարգև Սանոսյանը:
Երեխաները հաճույքով են մասնակցում պարախմբի փորձերին, պարել ցանկացեների թիվն անընդհատ մեծանում է, սկզբում 70 հոգի էին, հիմա արդեն 110 պարող կա խմբում:
Պարախմբի անդամ Նատալի Պետրոսյանն առաջին անգամ է Արցախում. «Ինձ շատ է դուր եկել Արցախը, հատկապես այստեղի բարի և ընկերասեր մարդիկ: Ես այստեղ ինձ ավելի մոտ եմ զգում իմ ազգին»,- ասել է արդեն 3 տարի պարախմբի կազմում ընդգրկված Նատալին՝ ավեացնելով, որ պարախմբի շնորհվ ննարավորություն է ստանում շփվելու իր նման մտածող մարդկանց հետ:
Ստեփանակերտում կայացած համերգի ժամանակ ելույթ են ունեցել նաև Արցախում գործող «Արցախի պարի պետական», «Տնջրե», «Մենք ենք մեր սարերը», «Արցախի բալիկներ» համույթները:
Հավելենք, որ հուլիսի 5-ին «Նաիրի» պարախումբը ելույթ է կունենա նաև Մարտունի քաղաքում: