Համայն հայության այգին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համայն հայության այգին

Համայն հայության այգին

Համայն հայության այգին Արաքսի ձախափնյա հարթություններից մեկում «Իմ այգին» բարեգործության և աջակցության հիմնադրամը հիմնել է պտղատու այգի: Վերջերս «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի հետ աշխատանքային այցով եղա Հադրութի շրջանի հարավային կողմում գտնվող Արաքսավան գյուղում, որի հարևանությամբ 10 հա տարածքի վրա մարտի սկզբից նռան, արքայանարնջի և սերկևիլի ծառեր են տնկվել:
«Իմ այգին» հիմնադրամի հոգաբարձուների նախագահ, նախաձեռնության հեղինակներից Սևակ Խաչատրյանը, գյուղատնտես Սուրեն Շինդյանը տեղում էին և զբաղված էին տնկիները կաթիլային եղանակով ոռոգելու աշխատանքներով: Ս. Խաչատրյանը տեղեկացրեց՝ այգին պատկանում է ամենայն հայությանը: Ըստ ծրագրի՝ ցանկացած հայ, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն ունի, առանց անմիջական մասնակցության և ժամանակի կորստի, այստեղ ունենալ իր բաժին այգին՝ յուրաքանչյուր ծառի դիմաց հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելով 5000 ՀՀ դրամ(հաշվարկը կատարվել է գյուղատնտեսների կողմից): Այսպիսով նվիրատուն ձեռք է բերում մեկ պտղատու անվանական ծառ(ծառի բնի մոտ գրվում է նվիրատուի անունը), որի բերքը, սկսած չորրորդ տարուց, տնօրինում է անձամբ՝ 50 տոկոսի չափով:
Ծառի բերքի մյուս 50 տոկոսը մնում է հիմնադրամին՝ այգիների հետագա ընդլայման և այլ ծախսեր ու ծրագրեր իրականացնելու համար: Հիմնադրամի գյուղատնտեսն ասաց՝ տարածքի կլիման չորային է ու շոգ, ուստի տնկիները շուտ-շուտ ջրելն անհրաժեշտություն է: Տարածքում ոռոգման ջուրն արտեզյան ջրհորներից է, ուստի նպատակահարմար է ոռոգումն իրականացնել կաթիլային եղանակով, որը նաև խնայողություն է: Մեր՝ տարածքում լինելու պահին, արդեն մի քանի շարք ծառեր ջրվում էին ռետինե խողովակաշարով ստեղծված ցանցով: Ս. Խաչատրյանն ասաց՝ մի շաբաթից ցանցն ամողջությամբ կգործարկվի՝ նշելով, որ օգտագործվելու է շուրջ 23կմ խողովակ, այլ իրեր: Ծրագիրը կարևորեց նաև, որ ազգովի ենք իրացնելու Հայոց պատմական տարածքները՝ ապացուցելով՝ անիմաստ են տարածքները հետ վերադարձնելու խոսակցությունները:
Բացի այդ՝ նպաստում և աջակցում ենք Արցախում գյուղատնտեսության զարգացմանը: -Արցախում գյուղատնտեսության զարգացման համար շատ լավ նախադրյալներ կան, պարզապես պետք է համարձակ մոտենալ գործին, նման ծրագրեր կյանքի կոչել և ներգրավել ողջ հայությանը: -Մեր ազգային ներուժը, յուրաքանչյուր հայի նվիրատվությունը, ներդրումը կարող ենք դարձնել փոխշահավետ: Այն հարցին՝ եղե՞լ են արձագանքողներ ծրագրին, Ս. խաչատրյանն ասաց, որ 10հա տարածքում տնկել են 5000 ծառ՝ 5հա նռնենի, 3հա արքայանարինջ և 2հա սերկևիլ: Ուրախությամբ հավելեց, որ արդեն 1000 ծառ ունի իր անվանական տերը՝ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից: Ցանկություն հայտնողներ էլի կան:
Մի հոգի ցանկացել է Հայոց Մեծ Եղեռնի 102 ամյակի առթիվ ներդրում կատարել 102 ծառի հաշվով: Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Ս. Խաչատրյանը նշեց, որ նպատակ ունեն նման այգիներ հիմնել հանրապետության բոլոր շրջաններում՝ ընդհանուր մակերեսը հասցնելով 150հա-ի: Կարևորվեց նաև այն, որ տարածքում ԱՀ կառավարության կողմից լուծվել է խմելու և ոռոգման ջրի, էլեկտրաֆիկացման խնդիրը: Այգու հարևանությամբ տեղադրվել են տնակներ, որոնք ծառայելու են որպես գրասենյակ և կացարան: Այգու հիմնումը նաև աշխատատեղ է, որտեղ մեր այցի պահին աշխատում էին 10-ից ավելի երիտասարդներ:

Հեղինակ՝ Զոհրաբ Ըռքոյան

1