ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ
Գլխավոր » Լրահոս » ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ

Հայ իրականության մեր կարեւոր իրադարձություն հանդիսացող Համահայկական խաղերն  անց են կացվում չորս տարին մեկ անգամ։  Առաջին խաղերն անց են կացվել 1999 թ.:

Այս տարի Համահայկական խաղերի բացման արարողությունն ու մի շարք մրցաշարեր անց են կացվելու Արցախում: Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2018-ից: ՀՀ վարչապետի եւ ԱՀ նախագահի համատեղ որոշմամբ՝ ՀՀ-ում փոխվարչապետ Այդինյանի եւ Արցախում պետնախարար Գրիգորի  Մարտիրոսյանի գլխավորությամբ ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ համագործակցությամբ  իրականացնում են  համակարգված աշխատանքները:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանն ասել է, որ դեռևս 20 տարի առաջ է երազել, որ խաղերն անցկացվեն Արցախում, և երջանիկ է, որ պատմական այդ իրադարձության ականատեսն է լինելու:

Առաջին ջահը վառվել է Մուսա լեռան գագաթին։ Պատմական այդ օրը ջահը վառելու պատիվը վերապահվել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին:

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է  Խոր Վիրապում:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով խաղերի երրորդ ջահը վառվել է Արցախի Տիգրանակերտում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Երրորդ ջահը վառելու պատիվը տրվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանին:

Համահայկական խաղերի մասնակիցների այցի, խաղերի եւ կազմակերպչական աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է կազմկոմիտեի անդամ, Արցախի գրասենյակի պատասխանատու Վարդան Բալայանի հետ:

Վերջինս նշել է, որ Արցախում համահայկական խաղերն անցկացնելու մտահղացումը ունեցել է Համաշխարհային խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը դեռեւս 2015թ. կազմակերպված խաղերի ժամանակ:

Բալայանն ասել է, որ Համահայկական խաղերի պատասխանատուները հոգացել են հյուրանոցներում և հյուրատներում մարզիկների եւ հյուրերի տեղաբաշխման խնդիրները՝ այն կազմակերպելով ոչ միայն  Ստեփանակերտում, այլեւ՝ մայրաքաղաքի շրջակա գյուղերում:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ Համահայկական խաղերի կազմակերպիչներին առաջարկել է հանդիպել սննդի մատուցման պատասխանատու կազնակերպություններին եւ հետեւել անվտանգության հարցերին:

Խաղերին մասնակցելու համար Արցախ են այցելելու 5000-ից ավելի մարզիկներ, բազմաթիվ երկրպագուներ եւ զբոսաշրջիկներ: Ըստ Բալայանի՝ խաղերի մասնակիցների թվային աճը պատմական հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումի, սիրո եւ մայր հողին ամուր կառչած լինելու  խոսուն վկայությունն են:

Բալայանն ընդգծել է, որ աննախադեպ հետաքրքիր եւ բովանդակային միջոցառումներ են կազմակերպվելու այդ օրերին: Հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունենալու մայրաքաղաքի գլխավոր մարզադաշտում:

Խաղերն ուղեկցվելու են մշակութային եւ համերգային ծրագրերով, տեսարժան վայրեր եւ զորամասեր այցելություններով:

Մրցաշարերն անց են կացվելու ինչպես անհատական, այնպես էլ թիմային 6 մարզաձեւերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, ծանրասպորտ, բազկամարտ, սպորտային պարեր, շախմատ՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում եւ Մարտակերտում:

«Յուրաքանչյուր հայ, այցելելով Արցախ, պետք է խորը ճանաչի ու սիրի իր հայրենիքը եւ կրկին աշխարհին ապացուցի, որ Արցախում ապրում է խաղաղասեր ու ընկերասեր ժողովուրդ, որն իր ամուր կամքի եւ միասնականության շնորհիվ պահպանել  է ազգային ինքնությունն ու հոգեւոր ժառանգությունը»,- ասել է Վարդան Բալայանը:

Նա կարեւորել է Համահայկական խաղերի դերը մարզամշակութային կյանքի զարգացման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործում:

Վերջինս հավելել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խաղերը  բարձր մակարդակով եւ պատշաճ կերպով կազմակերպելու համար:

Վարդան Բալայանը նշել է, որ Ադրբեջանի կողմից խաղերին բազմիցս խոչընդոտելու փորձեր  եղել են, բայց  ապարդյուն են անցել:

Արցախի պատասխանատուի խոսքով՝ Արեւմտյան Հայաստանի հին քաղաքներից ազգային տարազով Արցախ են գալու սասունցիները, արդահանցիները, մշեցիներն ու տիգրանակերտցիները, եւ մենք պետք է ոգեւորվենք նրանց ներկայությամբ եւ, միաժամանակ, ոգեւորենք նրանց:

Համահայկական խաղերի  օրերն Արցախում ըստ արժանվույն կազմակերպելու համար կազմկոմիտեն նախաձեռնել է կամավորների հավաք, որին արձագանքել են բազում պատանիներ եւ երիտասարդներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից: Նրանք ընդգրկվելու են կազմակերպչական աշխատանքներում:

Օգոստոսի 8-ին մարզիկներն ու արցախյան պատվիրակությունը տեղափոխվելու են Երեւան՝ հետագա խաղերն արդեն Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու համար:

Համահայկական խաղերի ֆինանսական բոլոր ծախսերը հոգալու են հովանավորները:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

1