Համահայկական համաժողով Անթիլիասում
Գլխավոր » Լրահոս » Համահայկական համաժողով Անթիլիասում

Համահայկական համաժողով Անթիլիասում

Մարտի 21-23-ը Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում գումարվել է Հայաստանի Ա Հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համաժողով, որին, հրավիրված լինելով, մասնակցում էր նաեւ Արցախի պատվիրակությունը։ Ստորեւ ներկայացնում ենք «Ապառաժ»-ի հարցազրույցը՝ պատվիրակության անդամ, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանի հետ։

— Պարոն Հաջյան, նախ՝ ասացեք, խնդրեմ, ու՞մ նախաձեռնությամբ է գումարվել համաժողովը եւ ովքե՞ր էին Արցախի պատվիրակության կազմում։

— Համազգային նշանակության այդ միջոցառումն իրականացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառի հովանավորությամբ։ Բավական ներկայացուցչական էր համաժողովը. հրավիրված էին Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի գաղթօջախներից ժամանած 50 մասնակից՝ պատմաբաններ, իրավագետներ, պետական-քաղաքական գործիչներ։ Արցախի պատվիրակությունը գլխավորում էր հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով Բեյրութ էր ժամանել անմիջապես Վաշինգտոնից՝ պետական-կառավարական պատվիրակության կազմով կատարած աշխատանքային այցի ավարտից հետո եւ միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը հանդես եկավ համաժողովին ուղղված ողջույնի ու գնահատանքի խոսքով։ Որպես հրավիրյալ թեմատիկ զեկուցողներ՝ պատիվ ենք ունեցել նիստերին մասնակցել Ազգային ժողովի փոխնախագահ, պատմաբան Վահրամ Բալայանը եւ ես։

— Ի՞նչ թեմաների էին վերաբերում համաժողովում հնչած զեկուցումները։

— Նախ նշեմ, որ արծարծված թեմատիկայի առումով բավական բովանդակալից ու հագեցած էր համաժողովի աշխատանքը։ Ընդհանուր առմամբ՝ երեք օրվա ընթացքում գումարվել է 11 նիստ, որոնցից առաջինը համաժողովի բացման արարողակարգն էր ընդգրկում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Արամ Ա Վեհափառը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Հայ կաթողիկե եւ Ավետարանչական եկեղեցիների առաջնորդների ուղերձները։ Մյուս նիստերը բացառապես թեմատիկ քննարկումային էին, որոնց ընթացքում ներկայացվել է ընդհանուր առմամբ 33 ելույթ։ Զեկուցումներում համակողմանի վերլուծվել են Հայաստանի Ա Հանրապետության ստեղծման եւ գոյության իրավական ու քաղաքական հիմունքները, ժամանակաշրջանի իրականում աննպաստ ռազմաքաղաքական պայմանները, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակը, արտաքին քաղաքական գործոնների դերակատարությունը, ազգային անկախ պետականության կառուցմանն ուղղված ձեռնարկումները, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային միջավայրը, առաջացած խնդիրներն ու խոչընդոտները, դրանց հաղթահարմանն ուղղված պետական կառույցների ջանքերը։ Բացի այդ, առանձնակի ուշադրություն է սեւեռվել Առաջին Հանրապետության անկմանը հաջորդած տասնամյակների՝ խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը՝ ընդհուպ մինչեւ 20-րդ դարավերջին հայոց զուգապետության՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման ու կայացման նշանակալի իրադարձությունները։

— Իսկ արցախցի մասնակիցների  զեկուցումների թեմատիկա՞ն։  

— Առհասարակ, համաժողովում ներկայացված զեկուցումներում արծարծված թեմատիկ խնդիրները եթե ոչ մշտապես, ապա հաճախակի էին այս կամ այն չափով առնչվում Արցախի պատմական ու ներկայիս ճակատագրին՝ նկատի առնելով անցյալ դարաշրջանում տեղի ունեցած ողբերգական ու հերոսական իրադարձությունների համատեքստում արցախահայության տեղն ու դերը։ Որպես բացարձակապես այդ թեմայով առանձին ելույթ՝ արժե նշել լիբանանահայ հետազոտող, պատմագիտության դոկտոր Զավեն Մսըրլյանի ուշագրավ զեկուցումը, որի նյութը Լեռնային Ղարաբաղը խորհրդային Ադրբեջանին բռնակցելու պարագան էր։ Զեկուցումը հնչել է համաժողովի վերջին օրվա առաջին նիստում։

Մինչ այդ՝ համաժողովի առաջին օրը՝ երրորդ նիստում, հանգամանալի զեկուցմամբ հանդես է եկել պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը՝ ներկայացնելով պետականության վերականգնման գործընթացն Արցախում՝ 1917-1918թթ.։

Իմ զեկուցումը վերաբերում էր խորհրդային իշխանության օրոք՝ 1921-1991թթ. միութենական հանրապետություններում եւ ազգային վարչատարածքային միավորումներում, այդ թվում՝ Հայաստանում եւ Արցախում անկախության գաղափարի պահպանման խնդիրներին։

Ընդ որում, թե Վ. Բալայանի եւ թե իմ զեկուցումներում առանձնակի ընդգծվել է 1917-1920թթ. Ղարաբաղի անկախ վարչաքաղաքական կառավարման պարագան։ Ինչպես հայտնի է՝ 1917թ. դեկտեմբերի 16-ին ստեղծվել էր Ղարաբաղի Ազգային խորհուրդը, որը ստանձնել էր տարածաշրջանի կառավարման խնդիրը, իսկ հաջորդ տարվա՝ 1918-ի հուլիսի 22-ին Շուշիում կայացած արցախահայության 1-ին համագումարն ընդունել է Հռչակագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ վարչաքաղաքական միավոր եւ փաստորեն օժտված էր անկախ պետականության բոլոր խորհրդանիշներով՝ Ազգային խորհուրդ, այսինքն՝ խորհրդարան, կառավարություն, բանակ եւ այլն։ Ու չնայած արցախահայության իղձն ու ձգտումը, ինչպես 20-րդ դարավերջին էր, դարասկզբին եւս Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորումն էր, սակայն առկա ռազմաքաղաքական իրավիճակի պարտադրանքով որոշակի սրբագրում կատարվեց գերակա նպատակում՝ ժամանակավորապես առաջնություն տալով անկախ պետականության ուղուն։ Ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվում է։ Ու թեկուզ, ի տարբերության 1991թ. սեպտեմբերի 2-ի, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը միջազգային եզրաբանությամբ ընդունված հանրապետություն չհռչակվեց, սակայն այն, որպես անկախ վարչաքաղաքական միավոր, փաստորեն օժտված էր անկախ պետության, այսինքն՝ հանրապետության իրավազորությամբ։ Ահա թե ինչու համաժողովի մեր զեկուցումներում ընգծեցինք, որ 2018թ. հայոց հոբելյանական իրադարձությունների օրացույցում Հայաստանի Ա Հանրապետության 100-ամյակին զուգահեռ ունենք նաեւ Լեռնային Ղարաբաղի Ա Հանրապետության ստեղծման 100-ամյա հոբելյան, գումարած, իհարկե, նաեւ արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 30-ամյա հոբելյանը։ Այնպես որ, արդյունքում՝ այս տարի փաստորեն ունենք հայոց ազգային անկախ պետականությունը խորհրդանշող  երեք հոբելյանական տարեթվեր։

— Պարոն Հաջյան, համաժողովի շրջանակներում, բացի քննարկումներից, եղե՞լ են այլ հիշարժան միջոցառումներ։ 

— Անշուշտ։ Ընդ որում՝ մեծապես հիշարժան միջոցառում։ Նկատի ունեմ Անթիլիասի Մայրավանքի տարածքում, Առաջնորդարանի հարեւանությամբ Հայաստանի Ա Հանրապետության 100-ամյակին նվիրված Անկախության հուշակոթողի պաշտոնական բացումը լիբանանահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ, որ տեղի է ունեցել համաժողովի առաջին օրը՝ մարտի 21-ին։ Արարողությանը, որին մասնակցում  էր Արցախի Հանրապետության նախագահը, իր խոսքին սովորաբար հատուկ բոցաշունչ ոգով, իմաստնալից ելույթով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառը՝ խորապես հուզելով անկասկած բոլոր ներկաներին։ Նշեմ, որ այդ հոյակերտ հուշակոթողը խորհրդանշում է հայոց հաստատուն եռամիասնությունը՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք։ Այն հեղինակել է քանդակագործ Անդրանիկ Դավթյանը, իսկ կառուցման բոլոր ծախսերը հոգացել են ազգային բարերարներ տեր եւ տիկին Ալեքքո եւ Անի Պեզիքյանները։

Միևնույն ժամանակ, որպես հիշարժան միջոցառում, որ սակայն իրականացվել է համաժողովի շրջանակներից դուրս, արժե հիշատակել նաեւ նույն օրվա երեկոյան Բեյրութում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունը՝ նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 30-ամյակին, որ կազմակերպել էր ՀՍԴԿ ՙԱրարատ՚ օրաթերթը։  Միջոցառմանը որպես գլխավոր բանախոս հանդես է եկել Արցախից այդ նպատակով հատուկ հրավիրված մեր շնորհալի գործընկեր, լրագրող, հրապարակախոս, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Նվարդ Ալեքսանյանը։ Արցախյան շարժման մասին ելույթ ունեցա նաեւ ես։ Ոգեկոչման այդ երեկոյի մթնոլորտը բառիս բուն իմաստով լիովին արցախաբույր էր. օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Սարաֆյան-Եփրեմյանի փայլուն կատարմամբ հնչեցին Հրաչյա Բեգլարյանի եւ Սոկրատ Խանյանի բանաստեղծությունները՝ նվիրված Արցախ աշխարհին, ինչպես նաեւ՝ արցախյան մոտիվներով հայրենասիրական երգեր լիբանանահայ երիտասարդ երգիչ Հովիկ Թաֆրանյանի գեղեցիկ մեկնաբանությամբ։ Չեմ կարող չխոստովանել, որ անձամբ ինձ համար առանձնապես հուզիչ էր ՙԹալիշի դիրքերում՚ երգը, որ առաջին անգամը լինելով, հնչեց նույն երգչի կատարմամբ։ Այն նվիրված է երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմում միեւնույն արկի պայթյունից համաժամանակ նահատակված կամավորականներ Նորայր որդուս եւ նրա զինակից ընկեր Սարգիս Խալափյանին։ Երաժշտության հեղինակը դարձյալ լիբանանահայ երգահան Վահրամ Էմմիյանն է, իսկ խոսքերն իմն են։

— Պարոն Հաջյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւմն է կայանում Անթիլիասում կայացած համահայկական համաժողովի գլխավոր խորհուրդը։

— Նախ՝ ասեմ, որ Հայաստանի Ա Հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական միջոցառումները տարվա ընթացքում՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում,  լինելու են շարունակական։

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա կարող եմ ասել հետեւյալը։ Համահայկական համաժողովի գլխավոր խորհուրդը առաջին հերթին մեր ժողովրդի անցած ուղուց, առանձնապես 1918-1920 թվականների պատմական իրադարձություններից դասեր քաղելու անհրաժեշտության մեջ է։ Առավել եւս, ինչպես նշեցի, պատմությունը սովորաբար հակված է կրկնվել, ինչն ակնհայտ է անցած դարասկզբի եւ դարավերջի՝ եթե ոչ բոլոր, ապա շատ իրողությունների զուգահեռման ու բաղդատման պարագայում։

Երկրորդ՝ ազգային միաբանության, մեր իսկ սեփական ուժերին համախումբ ապավինելու  անհրաժեշտության մեջ։

Երրորդ՝ արտաքին կշռադատ քաղաքականության անհրաժեշտության մեջ, այն իրողության հստակ գիտակցման մեջ, որ միջպետական հարաբերություններում առաջնայինը սեփական երկրի շահն է, իսկ պետությունների ու ժողովուրդների միջեւ սովորաբար տարփողվող բարեկամությունը, ինչքան էլ պահի ազդեցության տակ հաճելի է, այնուամենայնիվ խաբուսիկ է, այն այս կամ այն պահին կարող է չհամապատասխանել կողմերից մեկի եւ կամ միաժամանակ կողմերի շահերին։

Եվ, վերջապես, չորրորդ՝ երբեք չմոռանանք, որ աշխարհում մշտապես հաշվի են նստում այն պետությունների ու ժողովուրդների հետ, որոնք ուժեղ են՝ հիմք ունենալով՝ ուժն է որոշում իրավունքը։ Անցած դարասկիզբը, ըստ իս, հարյուրամյակներ ի վեր կորսված անկախ պետականությունը վերջնականապես վերականգնելու մեր ժողովրդի աստեղային ժամն էր։ Մենք կամա թե ակամա կորցրինք այդ շահեկան ժամը։ Եվ ահա այն երկրորդ անգամն է մեր ձեռքում, եւ մեզնից յուրաքանչյուրի, առհասարակ համայն հայության պարտքն ու կոչումն է՝ պահպանել եւ ամրապնդել Աստծո հաճությամբ եւ օրհնանքով մեզ ընձեռված այս բարենպաստ հնարավորությունը, կրկնում, շեշտում եմ՝ մեր միաբանությամբ, համազգային խնդիրների շուրջ մեր կուռ համախմբվածությամբ, մեր միասնական կամքով ու վճռականությամբ։

Տաթեւիկ Աղաջանյան

1