Հալեպահայերը դրական են վերաբերվել հումանիտար խմբի ժամանմանը
Գլխավոր » Լրահոս » Հալեպահայերը դրական են վերաբերվել հումանիտար խմբի ժամանմանը

Հալեպահայերը դրական են վերաբերվել հումանիտար խմբի ժամանմանը

«Սա բարեկամ երկրի մարդասիրական օժանդակություն է՝ ուղղված Սիրիայի ժողովրդին: ՀՀ-ն այս կերպ համարձակվել է օգտակար լինել Սիրիայի ժողովրդին՝ յուրաքանչյուրն իր մասնագիտության շրջանակներում: Չմոռանանք, որ Հալեպը հայ համայնք ունի, որի համար եւս հումանիտար խմբի աշխատանքներն օգտակար կլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի կողմից Սիրիա հումանիտար մասնագետների 83 հոգանուց խումբ ուղարկելու փաստին, ասաց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Նրա բնորոշմամբ՝ հալեպահայերը դրական են վերաբերվել հումանիտար խմբի ժամանմանը. «Այն մարդասիրական առաքելություն ունի եւ երկու երկրների բարեկամական հարաբերությունների վրա է հիմնված: Որեւէ բացասական արձագանք չեմ լսել հալեպահայերից: ՀՀ-ն միշտ էլ հայերին աջակցող եւ խաղաղությանը նպաստող ներդրում է ունեցել»:

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե հումանիտար խմբի գործուղումը Ռուսաստանին հաճոյանալու քայլ է, Զարմիկ Պողիկյանը չհամաձայնեց. «Նման բան չէի ասի, քանի որ ՀՀ-ն Սիրիայի բարեկամ-երկիր է: Մի անգամ չէ, որ նա օժանդակել է մեզ: Սա ՀՀ-ի զորակցությունն է Սիրիայի ժողովրդին: Սա շարունակությունն է այն մարդասիրական օժանդակության, որը ՀՀ-ն Սիրիայի հանդեպ ցուցաբերել է հակամարտության տարիներին»: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

1