Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտության մասին
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտության մասին

Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտության մասին

Թեեւ ՀՀ վարչապետի վկայությամբ բանակցություններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանությունների միջեւ, սակայն հանդիպումների, ծանոթությունների եւ անցյալի պատմության հուշերի փոխանակման արդյունքում պետք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտում փոխհրաձգությունները նվազել են:

Սակայն գարնանային առաջին ամսվա առաջին կեսում դիվանագիտական շփման գծում փոխհրաձգությունները ծանր էին եւ բազմաբնույթ: Նախ՝ մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների կողմից հրապարակվեց հայտարարություն, որտեղ հերթական հավասարակշռության պահպանման երկկողմանի կոչերից հետո սահմանվեց Ալիեւ-Փաշինյան կայանալիք հանդիպման օրակարգը: Մեկ անգամ եւս հիշեցվեց Մադրիդյան սկզբունքները:

Այդ հայտարարության մեջ, իհարկե, բավականին կոշտ արձագանք եղավ Հայաստանի կողմից բանակցություններին Արցախի մասնակցության հարցին, իսկ ինչպես միշտ, զգուշացվեց ռազմաշունչ հռետորաբանության համար: Իհարկե, Ադրբեջանը հայտարարության մեջ իր համար դրական կողմերն առանձնացրեց եւ ողջունեց եռանախագահների կողմից գծված բանակցությունների սահմանները:

Հայկական կողմը շատ ավելի ծանր եւ մինչեւ այժմ չփորձարկված «զենք» օգտագործեց: Մարտի 12-ին Արցախում տեղի ունեցավ ԱՀ եւ ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Նիստում հստակեցվեցին մի քանի հարցեր: Նախ՝ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը հիմնավորվեց՝ ժողովրդավարության սկզբունքից ելնելով: Իսկ մյուս կարեւոր հարցը  բանակցությունների օրակարգի հստակեցումն էր: Ըստ այդ հստակեցման՝ համանախագահների կողմից առաջադրված օրակարգում պետք է համընդհանուր հասկացողություն ձեւավորվեն 3 սկզբունքների եւ 6 տարրերի շուրջ:

Անկախ այն բանից, որ արցախյան կողմի համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքները, պետք է ընդունենք, որ շատ բան է կախված հենց այդ սկզբունքների մեկնաբանությունից: Ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է»: Միեւնույն ժամանակ, ընդհանրապես որեւէ մեկնաբանություն պետք է ունենա իրավական կողմ՝ օրինական հիմք: Հայաստանի եւ Արցախի միջեւ առկա փոխհարաբերություններն ու գործնական շփումներն առավելաբար իրերի հոլովույթի արդյունք է, իրավիճակներից դրդված լուծումներ: Մի կացություն, որի մեկնաբանությունները խախուտ եւ անհիմն կարող են լինել, եթե իր հետ չունենա իրավական հենք՝ օրինական դաշտ: Ահա թե որտեղ է առաջ գալիս Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Մի հարց, որ ՀՅԴ-ն դեռեւս նախքան 2016թ. ապրիլյան պատերազմը օրակարգային անհրաժեշտություն էր համարել: Մենք պետք է իրավական դաշտի վրա ապացուցենք, որ երկու հայկական պետությունների անվտանգությունը համահյուսված է: Պետք է օրինական հիմք երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստ գումարելու համար:

«Ապառաժ»-ի խմբագրական, 18 մարտի, 2019թ.

1