Կոնկրետ նախարարության համար հանձնաժողովը որևէ բացահայտում չի անելու. Դավիթ Տոնոյան
Պատրաստ եմ գնալ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին վերաբերող հարցին՝ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ապրիլյան պատերազմի ընթացքում ես պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, և եթե իմ գործունեության մեջ որևէ խնդիր է առաջանալու, որը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի, ապա ես խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա:
Դավիթ Տոնոյանը նաև հավելեց՝ պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո համապատասխան վերլուծություններ արվել են, ընդ որում՝ նաև գերատեսչության թերացումների վերաբերյալ, իսկ հանձնաժողովի եզրակացությունն օգտակար կլինի ապրիլյան պատերազմն ավելի լավ հասկանալու համար:
Հարցին՝ հանձնաժողովը կարո՞ղ է անսպասելի բացահայտումներ անել, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Չէի ցանկանա այս պահին գնահատականներ տալ: Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է, թե ինչն ինչպես է կատարվել: Ես ակնկալում եմ, որ այդպիսի մի հանձնաժողով էլ մյուս կողմում կստեղծվի, և բոլոր այն ասեկոսեներն ու բանսարկությունները, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, կփարատվեն: Կոնկրետ նախարարության համար հանձնաժողովը որևէ բացահայտում չի անելու: Հայկական կողմից, իհարկե, թերացումներ եղել են, որոնք վերլուծվել են, և մենք դրանց մասին վաղուց տեղյակ ենք: Ինձ համար էլ ամեն ինչ պարզ է, մնում է հանրության համար պարզ լինի»,- եզրափակել է պաշտպանության նախարարը:
yerkir.am