Կինս զանգեց, ասաց՝ երեխային մանկապարտեզից վերցնեմ, ես էլ, թե հենց հիմա անցնում եմ Լաչին. Արթուր Խաչատրյան
Գլխավոր » Լրահոս » Կինս զանգեց, ասաց՝ երեխային մանկապարտեզից վերցնեմ, ես էլ, թե հենց հիմա անցնում եմ Լաչին. Արթուր Խաչատրյան

Կինս զանգեց, ասաց՝ երեխային մանկապարտեզից վերցնեմ, ես էլ, թե հենց հիմա անցնում եմ Լաչին. Արթուր Խաչատրյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2018թ. մայիսի 12-ին հրամանագրով Արթուր Խաչատրյանը նշանակել էր գյուղատնտեսության նախարար: Իսկ հոկտեմբերի 2-ին ՀՅԴ Գերագույն մարմնի հետ կանչից հետո, հոկտեմբերի 3-ին ազատվել գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Իրավաբան.net-ում Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը հրապարակվել է սեպտեմբերի 22-ին՝ պաշտոնից ազատվելուց 10 օր առաջ: Տեղին ենք համարել վերահրապարակել այս հարցազրույցը արտացոլելու համար հանձնառու դաշնակցական նախարարի տիպարը: (aparaj.am)

Նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:  Զինապարտ է, ավագ լեյտենանտ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Իրավաբան.net-ը Արթուր Խաչատրյանի հետ զրուցել է «Հարցազրույց գործադիր մարմնի անդամի հետ» շարքի շրջանակում՝ նրա ընտանիքի, սովորությունների և զբաղեցրած պաշտոնի մասին:

— Մեր պաշտոնյաները հիմնականում երթևեկում են ծառայողական մեքենաներով: Եվրոպական մի շարք երկրներում ընդունված է որպես փոխադրամիջոց օգտագործել հեծանիվը: Ինչպե՞ս եք վերաբերում այս գաղափարին:

— Դրական եմ վերաբերվում: Ցավոք սրտի, վերջին անգամ հեծանիվ շատ վաղուց եմ վարել, հիմա մի քիչ ռիսկային կլինի: Մետրոյին ավելի դրական եմ վերաբերվում, բայց մեր տնից մինչև մետրո 40 րոպե պետք է քայլեմ, ինչը ես անում եմ միայն շաբաթ օրերին: Կամ պետք է մեքենայով գամ  մետրոյի մոտ, նստեմ մետրո ու գամ աշխատանքի, ինչը աչքակապություն կլինի: Չնայած, դա անում եմ, երբ Բաղրամյանի պողոտայով եմ անցնում:

Երբ առավոտյան 9-ը չեղած արդեն աշխատանքի ես լինում ու ժամը երեկոյան 10-ին, 11-ին ես տուն գնում, հասկանում ես, որ մետրո չկա, ցանցը այդքան էլ ճյուղավորված չէ: Ես Դավթաշենում եմ բնակվում:

Բայց նախարարի գնահատականն այն  չէ, թե ինչով է նա աշխատանքի գալիս: Լրատվամիջոցներից մեկին ասել էի, թե շաբաթ օրերն եմ մետրո նստում, դա վերնագիր էր դարձել, բայց դա կարևոր չէ: Դևիդ Քեմերոնը (Մեծ Բրիտանիայի 75-րդ վարչապետ) աշխատանքի էր գալիս մետրոյով, սակայն դա չօգնեց նրան և հաջորդ ընտրություններին նա ձախողվեց:

— 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀՅԴ ջոկատի հետ մեկնել եք Արցախ ու 1 ամիս մնացել այնտեղ: Ինչպիսի՞ն էր այդ մեկ ամիսը:

— Սահմանին կանգնած զինվորի հոգեվիճակով: Անընդհատ մտածում ես, որ դիմացովդ ոչ ոք չանցնի, թշնամին ագրեսիա ցույց չտա ու ապահով տուն գնաս՝ հաշվի առնելով, որ երեխաներդ են սպասում, հղի կինդ է սպասում, բայց եթե եկել ես, ապա կոնկրետ առաքելությամբ: Պետք է ցույց տաս թշնամուն, որ իր նկրտումները դատապարտված են ձախողման: Այնքան իմպուլսիվ կատարվեց այդ ամեն ինչը. կինս զանգահարեց, ասաց,  որ երեխային մանկապարտեզից վերցնեմ, ես էլ, թե հենց հիմա անցնում եմ Լաչին:

— Մի քանի անգամ նշել եք, որ գյուղատնտեսությունը մեր երկրում ազգային անվտանգության խնդիր է: Ինչո՞ւ:

— Գյուղացին արտագաղթում է: Եթե 20 տարի առաջ գյուղացին գնում էր այլ երկիր, աշխատում էր և գումար էր ուղարկում իր ընտանիքին, ապա հիմա կնոջը և երեխաներին վերցնում և հեռանում է: Իհարկե, ազգային անվտանգության խնդիր է: Արտագաղթի պատճառը նաև աշխատատեղերի փոքր թիվն է:

Եթե ուսումնասիրում ենք առաջավոր երկրների փորձը, ապա գյուղատնտեսության ոլորտում ներգրավված բնակչության թիվն այնքան էլ մեծ չէ, որքան Հայաստանում: Դա պայմանավորված է նրանով, որ գյուղական համայնքներում ստեղծվել են ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր: Պետական կարևոր նպատակներից մեկն է նաև գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ապահովումը:

— Ինչպե՞ս որոշվեց, որ հենց Դուք պետք է զբաղեցնեք գյուղատնտեսության նախարարի պաշտոնը (2017-2018 թթ. Արթուր Խաաչտրյանը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը):

— Դա քաղաքական որոշում է եղել: Պայմանավորված է եղել նրանով, որ եղել եմ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար և ծրագրային առումով սերտորեն համագործակցել ենք գյուղատնտեսության նախարարության հետ և, դրանից բացի, Շիրակը էապես գյուղատնտեսական շրջան է և արտադրանքի հիմնական մասը գյուղատնտեսությունից էր: Բայց սա միանշանակ եմ ասում, պատասխանատվության բեռը նախարարի վրա ավելի մեծ է: Եթե մարզպետը սխալ անի, ապա այդ սխալը միայն իր հատվածի համար կարող է լինել, բայց իր գլխին էլ դեռ նախարար կա: Իսկ նախարարը ամեն ինչի պատասխանատուն է:

-Նոր պաշտոն, ծանրաբեռնված գրաֆիկ: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Ձեր ընտանիքը:

— … ես չգիտեմ, թե ինչպես է իմ ընտանիքը ինձ վերաբերվում (ծիծաղում է,- հեղ.): Երբ ես դուրս եմ գալիս տնից, դեռ քնած են լինում, գալիս եմ՝ արդեն քնած են լինում: Շաբաթ օրերին աշխատանքի եմ լինում, մի կիրակի է մնում: Կարծում եմ, որ ամեն դեպքում հասկանում են…

Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի

1