Կարոտ Մկրտչյանին նվիրված միջառում Ստեփանակերտում
ԼՂՀ <<Մարտական խաչ>> առաջին եւ ՀՀ <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Կարոտ Մկրտչյանի 50-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտում՝ ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության եւ ԼՂՀ ՊԲ նախաձեռնությամբ:
Միջոցառումը տեղի է ունեցել ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության թանգարանում:
Ներկա էին Կարոտ Մկրտչյանի հարազատները, գաղափարական եւ զինակից ընկերները, զինվորներ, երիտասարդներ:
Կարոտ Մկրտչյանը ծնվել է հեռավոր Սիրիայում, հայրենիքի կարոտը սրտում ապրող Սասունցու ընտանիքում, որը հայրենադարձվեց 1960-ական թվականներին: Հայրենիքի հանդեպ ունեցած սերն էլ ստիպեց նրան՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին, պաշտպանելու հայրենիքի ու հայի պատիվը:
Մարտական ընկերներ Արմեն Գալստյանն ու Դանիել Գրիգորյանն իրենց խոսքում ներկայացրին Կարոտին՝ որպես խոնարհ ու համեստ, ընկերասեր մարդ, ով, չնայած զինվորական կրթություն չուներ, սակայն հմուտ հրամանատար եւ ռազմագետ էր: Պատերազմի դաշտում այդ համեստ, ժպտադեմ կերպարը միանգամից փոխակերպվում էր հանդուգն մի կերպարի: Բոլորը վստահ էին՝ Կարոտի հետ կռվող զինվորը զոհվել չի կարող:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշեց, որ բախտ չի վիճակվել Կարոտի հետ ցանոթ լինել, սակայն նրա կերպարը իր մեջ մարմնավորվել է Պետոյով, Հրաչով, Դուշման Վարդանով, Վարդգեսով…
«Կարոտը եւ նրա նմանները ուղենիշ են մեր երիտասարդների, զինվորների համար, եւ խոսքս էլ ուղղված է նրանց: Ամենամեծ զենքը, որ կրում է հայ զինվորը, գաղափարի զենքն է. ամենամեծ զենքը, որով զինված էր Կարոտը, դա գաղափարն էր, որ նա ժառանգել է դեռեւս իր ապուպապերից»,- ասաց Դավիթ Իշխանյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Կարոտի մասին պատմող ֆիլմ՝ Սամվել Թադեւսյանի <<Խոնարհ հերոսներ>> ֆիլմաշարից: Հնչեցին հայրենասիրական երգեր, Կարոտին նվիրված բանաստեղծություններ:
<<Խոնարհ հերոսներ>> ֆիլմաշարի ռեժիսոր Սամվել Թադեւսյանն իր ելույթում նշեց, որ արցախյան գոյապայքարի մեր զոհված եւ անհայտ կորած հերոսները յուրօրինակ հաշվետվություն են հայրենիքի առջեւ: Տղաները սրբացան եւ սրբացրին այն հողը, որ կոչվում է Հայաստան:
Միջոցառման ավարտին անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը Կարոտ Մկրտչանին նվիրված իր գրքից մի հատված արտասանեց եւ շնորհակալություն հայտնեց ներկաններին՝ հորդորելով, որ միշտ հիշեն մեր հերոսներին` անհայտ կորած, զոհված, թե կենդանի: