Կարեն Շահրամանյանն ամփոփել է 2017 թվականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կարեն Շահրամանյանն ամփոփել է 2017 թվականը

Կարեն Շահրամանյանն ամփոփել է 2017 թվականը

Հունվարի 22-ին ԱՀ քաղաքաշինության նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել նախարար Կարեն Շահրամանյանի մամուլի ասուլիսը: Նախարարն ամփոփել է 2017 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները և ներկայացրել 2018-ի անելիքները:

2017 թվականին Արցախում ճանապարհաշինության ոլորտում ծախսվել է շուրջ 4 մլրդ դրամ գումար: Ստեփանակերտում կատարվել են մի շարք փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ:

«Բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են Ստեփանակերտի Մխիթար Սպարապետ, Սլավա Կասպարով, Շիրվանզադե, Գարեգին Նժդեհ, Հակոբ Հակոբյան, Կարո Ալվարյան, Հեքիմյան, Արզանյան փողոցներում, Վազգեն Սարգսյան 20, Իսակովի 4ա շենքերի բակերում, ինչպես նաև Առաքել Առաքելյան փողոցի մի հատվածում»,-մանրամասնել է Կ. Շահրամանյանը:

Կ. Շահրամանյանի խոսքով՝ 2017 թվականին իրենց նախարարությունը կապալառու կազմակերպությունների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ տարաժամկետ վճարման պայմաններով առաջնահերթ աշխատանքներ իրականացնելու համար:

«Այդ աշխատանքների թվին է պատկանում Ստեփանակերտի Վաղարշյան փողոցի ձախ հատվածի՝ Դուդինի և Փիրումյան փողոցների բարեկարգումը, որոնց մեծ մասն ավարտված է: Առաջիկա 2-3 տարվա ընթացքում նախատեսում ենք ևս ավարտին հասցնել Վաղարշյան փողոցն ամբողջությամբ:Սկսել ենք նաև Սասունցի Դավիթ 56 և 58 շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները»,-տեղեկացրել է նախարարը և ավելացրել, որ այդպիսի աշխատանքներ շարունակելու են հետագայում ևս:

Տարվա կտրվածքով ամենամեծ ձեռքբերումը Կարեն Շահրամանյանը համարում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, որի կարևորությունը մեծ է թե՛ ռազմավարական և թե՛ տնտեսական առումներով:

«Կապիտալ  վերակառուցման աշխատանքներ է իրականացվել Դրմբոնից  մինչև Առաջաձորի խաչմերուկ, ինչպես նաև  մասնակի վերանորոգումներ է կատարվել Ցեխ-Ձորի և Խաչենի հատվածում,-տեղեկացրել է Կ. Շահրամանյանը և ավելացրել,- այս տարի Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին ևս իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ, այդ  թվում՝  այնտեղ    տեղադրվելու  են նաև  անվտանգության էլեմենտներ»:

2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրով բնակարանաշինությանը հատկացվել է 2343,948 մլն դրամ: 2017 թվականին Սարուշենում, Քարին Տակում, Մոխրաթաղում և Շուշիում շահագործման է հանձնվել 4 մանկապարտեզ:

«Արդեն ավարտել ենք Ազոխի, Կարմիր Շուկայի դպրոցների կառուցման աշխատանքները, ինչպես նաև Կումայրիի և Ստեփանակերտի N 8 դպրոցի մի հատվածի վերանորոգումը»,-նշել է նախարարը:

Խոսելով կատարվող աշխատանքների մասին՝ Կ. Շահրամանյանն ավելացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի N 9 դպրոցի վերանորոգման, ինչպես նաև Խծաբերդի մարզադահլիճի կառուցման աշխատանքները:

«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախում բացառենք անորակ շինարարությունը: Պատահում են այնպիսի դեպքեր, որ, իսկապես, շինարարությունն այնքան էլ որակով չի կատարվում: Այդ ամենը չի  վրիպում մեր ուշադրությունից. դրանք շտկվում են այդ աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունների կողմից: Այդ շտկումների համար պետական բյուջեն լրացուցիչ գումար չի հատկացնում»,-ընդգծել է Կ. Շահրամանյանը:

1