«Կատուն շիկացած տանիքին» դրաման սիրվեց Արցախի հանդիսատեսի կողմից

Հուլիսի 26-ին Արցախի թատերասեր հանրությանը ներկայացվել է Ստեփանակերտի մայր թատրոնի նոր ներկայացումը՝ Թեննեսի Ուլիյամսի «Կատուն շիկացած տանիքին» դրաման:
Նոր ներկայացումը դիտելու էին եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Արցախի թատերասեր հասարակությունը:
Մարդկային փոխհարաբերությունների ներքին եւ արտաքին կոնֆլիկտների թեման է «Կատուն շիկացած տանիքի վրա» դրամայի հիմքում: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը հույս է հայտնել, որ ներկայացումը կընդունվի եւ կսիրվի Արցախի հանդիսատեսի կողմից:
«Ներկայացումն իր ասելիքով ենթագիտակցության եւ մտածողության մեջ որոշակի բաներ է փոխում եւ մտածելու տեղիք է տալիս որոշ հարցերի շուրջ»,- իր խոսքում նշել է Ռ. Խաչատրյանը:
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճի անհարմար նստատեղերն ու հեղձուցիչ տոթը չխոչընդոտեցին հանդիսատեսին բավականություն ստանալու ներկայացումից: Հանդիսատեսն ամենայն ուշադրությամբ հետեւում էր գործողություններին, իսկ գնահատականը տրվեց վերջում՝ հոտընկայս ծափահարություններով:
Նշենք, որ «Կատուն շիկացած տանիքին» դրամայի բեմադրությունը կարող եք դիտել նաեւ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը՝ 19։00-ին: