Կատալոնիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում են անցկացրել

Կատալոնիայի հայերի «Արարատ» ասոցիացիան և ազգային փոքրամասնությունների կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում են կազմակերպել,գրում է News.am-ը:
Ցուցադրվել է 1915 թվականի կոտորածների պատմության մասին փաստագրական ֆիլմ, իսկ երգչուհի Շուշանիկ Հովհաննիսյանը հատվածներ է կատարել հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններից: Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն են ունեցել հայկական խոհանոցի ուտեստներ համտեսել:
«Արարատ» ասոցիացիայի նախագահ Սարգիս Հակոբյանի խոսքով՝ հայերը թշնամանք չեն ցանկանում, բայց որպեսզի խաղաղությունն ու համագործակցությունը հնարավոր լինեն, հարկավոր է ճանաչել Ցեղասպանությունը:
Կենտրոնի ղեկավար Աուրելի Արգեմին իր հերթին ընդգծել է հայերի և կատալոնացիների միջև կապերի կարևորությունը: «Արարատ» ասոցիացիայի տվյալների համաձայն՝ Կատալոնիայում շուրջ 4 հազարանոց հայ համայնք կա: