Կայացել է Artsakh.travel կայքի շնորհանդեսը
Գլխավոր » Լրահոս » Կայացել է Artsakh.travel կայքի շնորհանդեսը

Կայացել է Artsakh.travel կայքի շնորհանդեսը

Հունիսի 22-ին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կայացել է Artsakh.travel կայքի շնորհանդեսը: Կայքէջի նորացման և թարմացման աշխատանքն իրականացվել է համատեղ Եվրոպական բարեկամների ֆինանսական աջակցությամբ և Զբոսաշրջության զարգացման գործակալության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջությանն նախարարության ջանքերով: Արցախի զբոսաշրջային հնարավորությունները նորովի ներակայցնող կայքէջի ստեղծման աշխատաննքերը մեկ տարի են տևել:

Կայքէջի շնորհանդեսի արարողությանը ներկա էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջությանն նախարար Սերգեյ Շահվերդյանը, Արցախի զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է կայքէջի ստեղծումը, որը կարող է մրցել աշխարհի որևէ երկրի զբոսաշրջային կայքէջի հետ:

Artsakh.travel կայք այցելողը հակիրճ տեղեկություններ է ստանալու Արցախի, հիմնական զնոսաշրջային ուղղությունների մասին, ծանոթանալու է առաջիկա միջոցառումների ժամանակացույցին: Նոր կայքի բաժինները, հնարավորությունները և տարվող աշխատանքները ներկայացրել է ԱՀ ՄԵՀԶ նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Նա նշել է, որ նպատակը ոչ թե լոկ նոր կայք ունենալն է, այլ՝ նոր պոտենցիալով, նոր դիզայնով և լայն հնարավորություններով տեղեկատվական հարթակ ստեղծելը. «Արցախի մասին տեղեկատվությունը հիմնականում հակամարտության, պատերազմի թեմայով է և շատ կարևոր է այսպիսի կայք ունենալը, որը տեղեկատվության փոխանցման հրապուրիչ գործիք է լինելու»:

Կայքը ստեղծողներն առաջնորդվել են երեք սկզբունքներով՝ արդիական դիզայն, պոտենցիալ զբոսաշրջիկների համար առավելագույն տեղեկատվություն և ինտերակտիվ ֆորմատ: Այն այժմ աշխատում է անգլերեն լեզվով, առաջիկայում կգործեն հայերեն և ռուսերեն բաժինները, իսկ մինչև տարեվերջ նաև՝ պարսկերեն, արաբերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով:

1