Կայացել է օդային երրորդ փառատոնը
Այսօր՝ օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել օդային երրորդ փառատոնը: Փառատոնը կազմակերպվել է ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունների, «Յելլ Էքստրիմ Պարկ» («Yell Extreme Park») ընկերության եւ «Սքայբոլ»-ի («Skyball») համատեղ ջանքերով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, մասնակիցներ Արցախից, Հայաստանից եւ արտերկրներից:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով եւ օդապարիկով:
«Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթեւ ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի եւ առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:
Իսկ օդային փառատոնի մշակութային մասն ապահովել են «Արրատա բենդ» եւ «Շուշվա բենդ» խմբերը:
Լուսինե Թեւոսյան