Կայացավ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հետընտրական մամլո ասուլիսը
ԱՄՆ ընտրվա։ծ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 11-ին իր առաջին մամուլի ասուլիսը տվեց։ Նա խոսեց մի շարք թեմաների մասին և հրաժարվեց ձայն տալ CNN-ի և BuzzFeed-ի լրագրողներին՝ նրանց լրատվամիջոցները համարելով կեղծ լուրեր տարածողներ։ Թրամին ուղղված հարցերի թվում գերակշռում էին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունների վերաբերյալ հարցերը և այդ նպատակով հաքերային հարձակումները։ Ասուլիսին անդրադարձել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը:
«Ինչ վերաբերում է կիբեր հարձակմանը, կարծում եմ, որ այն կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից: Սակայն կարծում եմ նաև, որ մենք հարձակման ենք ենթարկվել նաև այլ երկրների ու անձանց կողմից»,- հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 11-ին անցկացված հետընտրական իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ:
Նորընտիր նախագահի կարծիքով դեմոկրատական կուսակցությունը ունի մեղքի իր բաժինը, քանի որ չի ապահովել համապատասխան պաշտպանողական համակարգ՝ կիբեր հարձակմանը դիմադրելու համար:
Անդրադառնալով Ռուսաստանի և մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապագա հարաբերությունների ձևավորմանը, հատկապես հաշվի առնելով կիբեր հարձակմանը ռուսական կառույցների ներգրավվածության մեղադրանքը՝ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իրենք կարող են համագործակցել ԴԱԵՇ-ի դեմ պայքարում: Նա նաև վստահեցրեց, որ իր նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն:
«Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն, այլ ոչ թե խոչընդոտ, քանի որ մենք ունենք չափազանց վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ռուսաստանը կարող է օգնել ԴԱԵՇ-ի դեմ պայքարում, որն ի դեպ, թիվ մեկ խնդիրն է»։
«Իմ նախագահության ընթացքում Ռուսաստանը ավելի շատ կհարգի մեր երկիրը, քան այլ ղեկավարների ղեկավարման օրոք: Դուք կտեսնեք դա»,- հայտարարել է Թրամփը
Նորընտիր նախագահը ամբողջապես հերքեց իր թիմի և ռուսական հատուկ ծառայությունների միջև կապերի մասին վերջերս հրապարակված տեղեկությունը՝ խայտառակություն անվանելով դրա արտահոսքը մամուլ:
«Կարծում եմ խայտառակություն է, որ հատուկ ծառայությունները թույլ են տվել, որպեսզի կեղծ տեղեկատվություն հրապարակվի»:
Մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ շահերի բախմանը և Trump Organization ընկերության հետագա ճակատագրին: Թրամփի փաստաբան Շերի Դիլոնը տեղեկացրեց, որ ընկերության վերահսկողությունը անցնելու է նորընտիր նախագահի երկու որդիներին՝ բացառելով նախագահ Թրամփի որևէ ազդեցությունն ընկերության հետագա գործունեության վրա:
«Նորընտիր նախագահ Թրամփը ցանկանում է հավաստիացնել ամերիկյան հանրությանը, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու ի շահ ժողովրդի, այլ ոչ թե իր մասնավոր շահի»,- ասել է փաստաբան Դիլոնը:
Պատասխանելով ձևավորվող վարչակազմում ընդգրկված պաշտոնյաների հնարավոր շահերի բախման հետ կապված հարցին՝ Դոնալդ Թրամփը նշել է՝ «Մեզ անհրաժեշտ են խելացի մարդիկ, մեզ պետք են հաջողակ մարդիկ, ովքեր հաջողակ են, քանի որ խելացի են: Ես շատ հպարտ եմ այս վարչակազմով, կարծում եմ նրանք շատ լավ աշխատում են»:
Տնտեսական հետագա ծրագրերի մասին խոսելով՝ նորընտիր նախագահն ընդգծել է նոր աշխատատեղերի ստեղծման առաջնահերթությունը:
«Մենք պատրաստվում ենք ստեղծել նոր աշխատատեղեր: Ինչպես ասել եմ՝ ես կդառնամ երբևէ ամենաշատ աշխատատեղեր ստեղծողը: Ես պատրաստվում եմ շատ աշխատել այս ուղղությամբ»: