Կամո Մարտիրոսյանը կդառնար 57 տարեկան
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրանում է ՀՅԴ անդամ, Արցախյան շարժման ու պատերազմի ակտիվ մասնակից Կամո Մարտիրոսյանի ծննդյան 57-րդ տարելիցը: Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղ՝ Կամո Մարտիրոսյանի շիրիմին, այցելել են ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՅԴ «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ, ԱՀ ԱԺ պատգամավորներ, հարազատներ, գաղափարական և մարտական ընկերներ:
«Արցախյան շարժումը շատերի համար սկսվել է 1988թ, որոշների համար՝ 1991թ., իսկ Կամոյի համար դրանից առաջ՝ 1985թ.: Կամո Մարտիրոսյանն ոչ միայն Արցախյան շարժման, այլև Արցախի Դաշնակցության կառույցի վերականգնման հիմքերում էր»,- իր խոսքում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանը՝ շեշտելով կուսակցական ընկերոջ բնավորության կարևորագույն գծերը՝ արդարամտություն, հաստատակամություն, ընկերասիրություն, քչախոսություն:
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրելյանն առանձնացրել է Կամո Մարտիրոսյան անհատի, պետական-քաղաքական, ռազմական գործչի ունակությունները. «Կամո Մարտիրոսյանը ՀՅԴ Արցախի կառույցի հիմնական հենարաններից և աջ թևերից մեկն է եղել, ով իր հետևից տարել է մնացածներին: Եթե որևէ կուսակցական ընկեր զգացել է, որ Կամոն իր կողքին է, իրեն ավելի վստահ է զգացել: Եվ պատահական չէ, որ Կամո Մարտիրոսյանը մշտապես եղել է պատասխանատու պաշտոններում՝ թե կուսակցության ներսում, թե ռազմի դաշտում և թե պետական ոլորտում: Եվ մեր հիշողություններում նա մնալու է որպես ազնիվ, բարոյապես մաքուր, լավագույն ընկեր, ով մեծ ավանդ ունի Արցախի ՀՅԴ կառույցի և պետականության կայացման գործում»:
Կամո Մարտիրոսյանը ծնվել է 1960թ. նոյեմբերի 6-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։
1978թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։
1984-1985թթ. աշխատել է շինարարությունների տնօրինման ձեռնարկությունում՝ որպես ինժեներ-տեխվերահսկիչ, 1985-1992թթ.՝ ագրոարդի միջտնտեսային վերահսկողության բաժնում շինարարության գծով ինժեներ-վերահսկիչ։ 1992-1993թթ. ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հետախուզության բաժնում` որպես առաջին բաժանմունքի պետ։ 1993-1996թթ. ծառայել է N պաշտպանական շրջանում` որպես ինժեներական ծառայության սպա։ 1996-1998թթ. ծառայել է N դիվիզիայում` որպես ինժեներական ծառայության պետ։
1998թ. մայիսից մինչև սեպտեմբեր աշխատել է ԼՂՀ Շահումյանի շրջանի ճարտարագետ, 1998-2003թթ.՝ Կաթոլիկ օգնության ծառայության ծրագրերի ղեկավար։ 2003-2007թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի շինարարության գծով պատասխանատու։
2007- 2008թթ. աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ։ 2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 16 ընտրատարածքից:
2010թ. հունիսի 10-ին ընտրվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ էր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն Արցախի ԿԿ անդամ: Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:
Կամո Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել 2014թ. մայիսի 7-ին: