Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբը՝ Արցախյան բեմում
Գլխավոր » Լրահոս » Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբը՝ Արցախյան բեմում

Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբը՝ Արցախյան բեմում

Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախմբի համերգը: Համերգը կայացել  է Կոմիտաս-150 հոբելյանական տարվա շրջանակներում: Մինչ այդ երգչախումբը մենահամերգներով հանդես է եկել Երևանում` սեպտեմբերի 18-ին, Վանաձորում` սեպտեմբերի 20-ին: Արցախյան համերգի կայացմանն օժանդակել են «Նաիրի» համահայկական հիմնադրամը և Հայաստանի երաժշտական ընկերությունը:

Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց միության ատենապետ Արա Մարտիրոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ երգչախումբը ելույթներ է ունեցել հայրենիքում և Սփյուռքի մի շարք շրջաններում, բայց առաջնահերթ են համարում և կարևորում հայրենիքում հանդես գալը: «Մենք օտար ափերում ենք ապրում, բայց մեր սիրտը Հայաստանում և Արցախում է: Երգչախումբն առաջին անգամ է ելույթ ունենում Արցախում: Արցախը մեր սրտի մի մասն է և մեզ համար մեծ հպարտություն է այստեղ ելույթ ունենալը»,- ասել է Արա Մարտիրոսյանը:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ողջունելով երգչախմբի ելույթը Արցախում, ընդգծել է երգի, մշակույթի դերը հայի հոգեկերտվածքի ձևավորման գործում: Նախարարը շնորհակալագրերով պարգևատրել է  «Կոմիտաս» երգչախմբին և «Նաիրի» համահայկական հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանին:

Կալիֆորնիայի նահանգի Հայ երիտասարդաց միությունը մշակութային և գեղարվեստական կազմակերպություն է, որը հիմնվել է 1991թ., իսկ «Կոմիտաս» երգչախումբը՝ 2007թ.: Կազմակերպությունն ունի 400 անդամ, իսկ երգչախմբի անդամների թիվը 45 է: Երգչախումբն առաջին անգամ Երևանում ելույթ է ունեցել 2014թ.-ին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության հրավերով:

Տ. Աղաջանյան

1