Լրջանալու պահ

Լրջանալու պահ

Հայաստանի հարեւանությամբ տեղի ունեցող քաղաքական անցուդարձը վերջին շաբաթվա ընթացքում նման էր եռացող կաթսայի: Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի են նախապատրաստվում, Վրաստանում ներքաղաքական ճգնաժամ է, Թուրքիայում իշխող կուսակցությունը դիրքեր է զիջում, իսկ Ադրբեջանում անսպասելիորեն փոխվել են ուժային կառույցների ղեկավարները:

Անդրադառնանք յուրաքանչյուրին առանձնաբար:

Իրանի կողմից ամերիկյան անօդաչու սարքի խոցումը պատճառ է դարձել, որպեսզի Ամերիկայի նախագահը Իրանի դեմ ռազմական հարված հասցնելու հրաման արձակի, սակայն, ըստ տարածված լուրերի, ռազմական գործողություններից 10 րոպե առաջ Թրամպը չեղարկել է հրամանը: Իրանն ու Ամերիկան՝ տեւական ժամանակ է, որ չհայտարարված պատերազմի մեջ են: Դա արտացոլվում է Ամերիկայի կողմից կիրառված տնտեսական շրջափակման միջոցով, ինչպես նաեւ տարածաշրջանում երկուստեք շահերի եւ ազդեցության գոտիների վրա հարձակումներով: Լարումը օրեցօր սաստկանում է, լուծումները՝ բացակայում: Քաղաքական մեկնաբաններն անխուսափելի են համարում առճակատումը, իսկ դրա հետեւանքով տարածաշրջանում ստեղծվելիք իրավիճակը՝ անկանխատեսելի:

Վրաստանի հասարակությունը դրսեւորում է բացառիկ հակառուսական կեցվածք: Ըստ էության՝ հարցը բորբոքվել է ինչ-որ աթոռակռվից, որը զարմանալիորեն լայն մասշտաբով տարածվել է Թիֆլիսով մեկ՝ ձեւավորելով հասարակական պահանջ, որի հետեւանքով «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» արտահայտությունները չեն պակասել:  Գործնականում ներքաղաքական վերադասավորումներ են կատարվել ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Ռուսաստանում, որն ավելի խզելով Վրաստանի հետ արդեն իսկ խզված պաշտոնական հարաբերությունները՝ իր քաղաքացիներին արգելեց մուտք գործել Վրաստան:

Իսկ Թուրքիայում… Նախ՝ մի հիշեցում. Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական վերելքի մեկնարկը սկսվել է 1994 թվականին՝ Ստամբուլի քաղաքապետ ընտրվելով: Իսկ սույն թվականի հունիսի 24-ին, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Էրդողանի կուսակցությունը կորցրեց քաղաքական այդ դիրքը՝ տեղը զիջելով ընդդիմադիր գործիչ, «Ամեն ինչ շատ լավ է լինելու» կարգախոսով ընտրության գնացած Էքրեմ Իմամօղլուն: Մյուս կողմից, Թուրքիայի ավանդական լարախաղը մեծ քաղաքականության մեջ՝ ինչ-որ տեղ բախվել է ընտրության պարտադրանքին: Ռուսաստանից C-400 համակարգերի գործարքի կայացու՞մ, թե՞ վտարում NATO-ից:

Իրավիճակը լարված է: Այս լարված իրավիճակի համայնապատկերում ուշագրավ էր նաեւ Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ: Ռուսաստանի վերադարձին կողմ են եղել Եվրոպայի ազդեցիկ բոլոր երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան: Իսկ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կողմ կամ դեմ լինելը այդպես էլ մնաց առեղծվածային: Հայաստանը ներկայացնող ընդդիմադիր պատգամավորները կողմ են քվեարկել Ռուսաստանի վերադարձին, իսկ իշխող «Իմ քայլը» կուսակցության անդամները որոշում են ունեցել կողմ քվեարկել, բայց պատգամավորներից մեկը պայմանավորվածություն է ունեցել Ուկրաինայի պատգամավորի հետ, որի արդյունքում չի մասնակցել քվեարկությանը: Իսկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը շփոթել է կոճակների տեղը՝ սեղմելով հավանաբար «դեմ»-ի կարմիր կոճակը՝ կանաչ կոճակի փոխարեն:

Լրջացե՛ք:

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 հունիսի, 2019թ.

1