Լրագրության վերաբերյալ դասախոսություն ԱրՊՀ-ում
Երկու տարի է, ինչ «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ Արցախի պետական համալսարանում գործում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես են եկել չորս տասնյակից ավելի ՀՀ եւ արտասահմանյան հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ եւ գիտնականներ:
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 13-ին: Լրագրության վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել արձակագիր, լրագրող Ռուսլան Սաղաբալյանը եւ քաղաքագետ, «Առավոտ» թերթի ռուսական բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը:
Ռուբեն Մեհրաբյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Արցախի մեդիադաշտի խնդիրներին՝ շեշտելով քաղաքական որոշումների ընդունման հարցում լրագրողների դերակատարության կարեւորության ու անհրաժեշտության մասին:
«Արցախում անհրաժեշտ են 20-ից ավել անկախ լրագրողներ՝ հասարակության կարծիքը օբյեկտիվորեն եւ անկողմնակալ ներկայացնելու նպատակով: Արցախի մեդիան պետք է իր ազդեղությունն ունենա հասարակական կյանքի վրա: Լրագրողը ոչ միայն միջնորդ է, այլեւ օրակարգ թելադրող»,- իր խոսքում շեշտել է Ռ. Մեհրաբյանը: