ԼՂ-ին ձեռնտու է, որ կոնֆլիկտը սառեցված մնա, բայց սահմանային կրակոցները պետք է դադարեն. Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր
Գլխավոր » Լրահոս » ԼՂ-ին ձեռնտու է, որ կոնֆլիկտը սառեցված մնա, բայց սահմանային կրակոցները պետք է դադարեն. Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր

ԼՂ-ին ձեռնտու է, որ կոնֆլիկտը սառեցված մնա, բայց սահմանային կրակոցները պետք է դադարեն. Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր

Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի: Նրանք չունեն համապատասխան ռեսուրսներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծումը սառեցված մնա, բայց կրակոցները դադարեն, դա ձեռնտու կլինի Ղարաբաղի համար, որովհետև Արցախը զարգանում է, տեղում կանգնած չէ ու Ադրբեջանը ստիպված է լինելու համակերպվել կարգավիճակի հետ: Ըստ նրա՝ Ղարաբաղը պատրաստ է պատերազմել, բայց կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

— Երեկ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ լավատես չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուտափույթ ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ այն արագ չի լուծվի: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խանգարում կոնֆլիկտը կարգավորել կամ գոնե հանել այն փակուղային իրավիճակից:

— Կարծում եմ` այն հանգամանքը, որ հակամարտությունը երկար շարունակվում է, այն փակուղուց հանում է: Քանի դեռ Արևմուտքի ու Արևելքի ուժերը հակամարտում են, մեզ համար ամենահարմար տարբերակն այն է, որ սահմանային կրակոցներն այս փուլում դադարեցվեն, զոհեր չլինեն: Սա կարծում եմ, ներկայումս, ամենահարմար տարբերակն է, որովհետև վաղը, եթե մենք ճիշտ աշխատենք, իրավիճակն օգուտ մեզ է աշխատելու, տնտեսական ու քաղաքական գործոններն ի օգուտ մեզ են աշխատելու: Մեր հիմնական հաղթանակն այն կլինի, որ շփման գծում կրակոցները դադարեն ու մարդ չսպանվի: Ամենահարմարը, կրկնում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծումը սառեցված մնա, բայց կրակոցները դադարեն:

— Հույս ունեք, որ օրերից մի օր Ադրբեջանը կհամակերպվի՞ Արցախի ներկայիս կարգավիճակի հետ:

— Ես հույս ունեմ, որ մենք չենք համակերպվի Ադրբեջանի այլ դիրքորոշման, մոտեցման հետ: Բնական է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը համակերպվելու է ներկայիս կարգավիճակի հետ: Խնդիրը տարածքների մասին է, թե փոխզիջում ասելով ինչ ենք հասկանում: Որքան սառեցված մնա իրավիճակը, բայց առանց կրակոցների, այնքան ճիշտ է, Ղարաբաղը՝ ի տարբերություն Ադրբեջանի, կզարգանա: Եվրոպայի վերջին իրադարձություններն էլ դա են հիշում, այս թեզն ապացուցվում է:

— Բայց Ադրբեջանը ցույց է տալիս, որ ներկայիս կարգավիճակի հետ չի համակերպվում, ինչո՞ւ եք կարծում, որ մի օր համակերպվելու է:

— Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմել, նրանց տնտեսությունը ի վիճակի չէ դիմադրել պատերազմին, դրա համար այլ ելք չունեն, քան՝ համակերպվելը: 90-ականներին էլ իրենք մտածում էին, որ արցախցին պետք է փախչի, բայց մենք հաղթեցինք: Ինչ տեխնիկա էլ ունենան, որքան էլ զենք գնեն, միևնույն է, դրա արդյունավետությունը ցույց է տալիս սահմանին կանգնած զինվորը: Իսկ զինվոր նրանք չունեն, տնտեսապես էլ պատրաստ չեն պատերազմել: Մենք չենք վախենում նրանցից, բայց մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ հակամարտությունը բանակցություններով լուծվի, խաղաղ լինի: Եթե հանկարծ պատերազմ լինի, Ադրբեջանը զրկվելու է իր տարածքներից: Սա ամպագոռգոռ հայտարարություն չէ, ցանկացած մարդ այդպես է մտածում: Ադրբեջանը, վստահ եմ, գիտակցում է դա և չի անի:

— Պարո՛ն Սարգսյան, հավանակա՞ն եք համարում լայնամասշտաբ պատերազմի վերսկսում:

— Այս պահին հավանական չեմ համարում, բայց ուժերի հարաբերակցությունն անընդհատ փոխվում է: Պատերազմի վերսկսումը, իմ կարծիքով, կապված է Արևմուտքի և Արևելքի հակամարտության, ոչ թե Ադրբեջանի ու Ղարաբաղի հետ:

— Նախորդ տարվա ապրիլին Արևելքի ու Արևմուտքի հակամարտությունը նույն իրավիճակում չէ՞ր, բայց մենք ականատես եղանք պատերազմի:

— Նախորդ տարի եղել է ընդամենը չորս օրվա պատերազմ, ես դա չեմ համարի գլոբալ պատերազմ: Խոսքս լայնամասշտաբ պատերազմի մասին է:

— Դուք ասում եք, որ Ադրբեջանը մի օր կհամակերպվի Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի հետ, բայց նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ խոսում էր այն մասին, որ հակամարտության կարգավորումը ցավոտ կլինի բոլորի համար: Ձեր կարծիքով այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ նա:

— Եթե պատերազմ լինի, վստահ եմ, որ Ադրբեջանը տարածքներ կկորցնի, և դա իրենց համար ցավոտ չի՞ լինի, եթե մենք զոհեր ունենանք, դա մեզ համար ցավոտ չի՞ լինի: Մենք միակամ ենք, մենք գիտենք, թե մեր ապագան ինչից է կախված, մենք սուրճ չենք խմում ու զրուցում, մենք մեր մաշկի վրա ենք զգացել այդ ամենը: Մենք որոշել ենք, թե որն է մեր ապագան: Այնպես չէ, որ մեր փոխարեն այլ անձինք պետք է դա որոշեն: Իսկ Սերժ Սարգսյանը խոսել է բանակցությունների մասին, ոչ թե պատերազմի, նա խոսել է փոխզիջումային տարբերակի մասին: Պաշտոնյա-դիվանագետը, մի մոռացեք, որ խաղում է: Պաշտոնյա-դիվանագետը պարտավոր է իրավիճակի մեջ հայտարարություններ անել:

— Նկատի ունեք, որ բանակցային տարբերակը Արցախի համար ավելի ցավոտ արդյունք կունենա՞:

— Ես չեմ կարծում, որ հակամարտությունն այդքան արագ լուծվի, որովհետև կուտակված հարցերը շատ են: Կարևորը այն է, որ Սերժ Սարգսյանը հաջողացնի Ալիևի հետ պայմանավորվել դադարեցնել սահմանային կրակոցները: Իսկ մնացածը, ինչքան էլ ձգվի, ի օգուտ մեզ է: Մենք բնակեցնում ենք տարածքները, զարգանում ենք, մենք տեղում կանգնած չենք, այնպես որ ներկայիս իրավիճակում մեզ համար վտանգավոր ոչինչ չեմ տեսնում:

1