ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարարը զբոսաշրջության հեռանկարների, Դաշնակցություն- իշխանություն համագործակցության և լրատվական դաշտի մասին
— Պարոն Շահվերդյան, Արցախի տնտեսությունն այսօր զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ ունի:
— Ես կխոսեմ միայն ինձ վերապահված ոլորտի՝ զբոսաշրջության զարգացման մասին: Պետք է ասեմ, որ ըստ վիճակագրական տվյալների՝ զբոսաշրջության թողած ազդեցությունը տնտեսության վրա կազմում է ներքին համախառն արդյունքի 3%-ը, որն, ինչ խոսք, կարևոր ցուցանիշ է: Մենք փորձում ենք այդ ցուցանիշն ավելի բարձրացնել Ղարաբաղում այնպիսի ծառայությունների մատուցմամբ, որոնք բերում են զբոսաշրջիկների թվաքանակի ավելացմանը և զբոսաշրջիկի գիշերակացի երկարաձգմանը: Եթե 10 տարի առաջ մենք ունեցել ենք միջինը 2,5 գիշերակաց, ապա այժմ ունենք նվազագույնը 4 գիշերակաց: Դա նշանակում է՝ ավելացել է յուրաքանչյուր զբոսաշրջիկի ներդրումը մեր տնտեսության մեջ: Խոսքը շուրջ 3 միլիարդ դրամի մասին է, որը թողնում է երկիր այցելած միայն օտարերկրյա զբոսաշրջիկը: Դրան պետք է ավելացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այն սփյուռքահայերին, ովքեր ունեն հայկական անձնագիր: Բացի զուտ ՀՆԱ- ի վրա ազդեցություն ունենալուց՝ պետք է նշել, զբոսաշրջությունը դրական ազդեցություն է թողնում նաեւ շրջանների համաչափ զարգացման վրա: Այն վայրերում, որտեղ զբոսաշրջային գրավչություններ կան, աշխատատեղեր են ավելանում, տնտեսական աշխուժություն է նկատվում:
— Պարոն Շահվերդյան, վերջին տարիներին Արցախում կազմակերպվել են մի շարք մասսայական միջոցառումներ, ինչպիսին է տարազ-ֆեսթը, Արցախ էթնո-ֆեսթը, գինու և բերքի ամենամյա փառատոնները: Ինչպիսի՞ն է նրանց դերը Արցախի տնտեսության առաջնահերթությունների ձևավորման գործընթացներում. դրանք նպաստում են արդյո՞ք նոր տնտեսական ռազմավարություն մշակելուն:
— Փառատոնները, հանրային միջոցառումները շատ կարևոր են զբոսաշրջության զարգացման համար, որովհետև նոր զբոսաշրջագրավչություններ են: Սակայն մենք պետք է հասնենք նրան, որ հանրային այսպիսի ձեռնարկումների օրերը հստակեցված լինեն նախօրոք, օրինակ՝ կես տարի առաջ: Այս առումով միայն գինու փառատոնն ու բերքի տոնն ունեն հստակեցված օրեր: Մյուս հանրային միջոցառումները նախօրոք չեն իրազեկվում, որի պատճառով եւ զբոսաշրջիկների ներգրավվման պոտենցյալ հնարավորության մի փոքր մասն է օգտագործվում:
— Կուզենայի մի փոքր ծավալվեիք տուրիզմի զարգացման նոր մոտեցումների, նոր ուղղությունների մասին:
— Վերջերս շատ է խոսվում այդ նոր ուղղությունների մասին. հիմա մենք ունենք արկածային զբոսաշրջության նոր տարրեր, էթնոզբոսաշրջության տարրեր: Այս բոլոր ուղղություններն, այսպես թե այնպես, այսօր էլ գոյություն ունեն, բայց յուրաքանչյուր ուղղության համար հասունացել է ժամանակը՝ կոնկրետ քաղաքականություն մշակելու, հստակ ծրագրեր ունենալու: Դա բավական երկարատև աշխատանք է, բայց գործընթացն արդեն սկսել ենք:
— Տարին արդեն ավարտվում է. ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք 2016-ին:
— Մենք, իհարկե, պետք է նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմն իր բացասական ազդեցությունն ունեցավ. զբոսաշրջիկների քանակը պակասեց 40%-ով: Մի ամբողջ պետական համակարգ աշխատեց, որ վերականգնվի երկրի իմիջը, կայունության, անվտանգության զգացումը: Գնալով բացասական ազդեցությունը նվազում է: Տարվա կտրվածքով հասցվել է 17%-ի, իսկ հոկտեմբեր ամսին աճ է գրանցվել: Սա շատ դրական միտում է: Հույս ունենք՝ մինչև տարվա վերջ ավելի նվազեցնել բացասական ազդեցությունը:
— Որպես Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ փոխնախարար, ինչպե՞ս եք տեսնում Դաշնակցություն- իշխանություն համագործակցությունը և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
— Դաշնակցությունը Ղարաբաղում իշխանության մաս է կազմում՝ այն օրվանից, երբ ընտրվեց գործող նախագահը: Մենք պետք է առավել լուսաբանենք, թե Դաշնակցությունն ինչ դերակատարություն ունի իշխանության մեջ: Մեր համագործակցությունը միայն դրական արդյունքներ է տալիս պետական աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար:
— Պատերազմից հետո Դուք եղել եք Արցախի լրատվական դաշտում, «Ապառաժ»-ի խմբագիրն էիք: Ինչպե՞ս կգնահատեք Արցախի այսօրվա լրատվական դաշտը:
— Ոչ միայն պատերազմից հետո, այլ պատերազմից շատ առաջ, հենց Արցախյան շարժման առաջին իսկ օրերից եղել եմ լրատվական դաշտում: Ցավոք, պետք է նշել, որ այսօրվա լրատվական դաշտը միապաղաղ է, կարծիքների բազմազանությունը հասցված է նվազագույնի, որն ընթերցողներին հնարավորություն չի տալիս ինքնուրույն կողմնորոշվելու այս կամ այն իրավիճակի վերաբերյալ: Դա շատ վատ է: Բացառություն չէ նաև «Ապառաժը»: Եթե համեմատում ենք մի 10 տարի առաջ ունեցած մակարդակին, այն ժամանակ լրատվական դաշտն ավելի բաց էր, ավելի բազմակարծիք էր: Մամուլը, անպայման չէ, որ ընդդիմադիր լինի բազմակարծությունն ապահովելու համար. բացը կարող է լրացվել հենց ներկա մամուլի էջերում: Երբ մամուլը չի տալիս ինքնադրսեւորվելու հնարավորություն, այդ բացը գնում է տեղ գտնելու ֆեյսբուքյան էջերում և այլ սոցցանցերում: Պետք է տարակարծությունները տեղ գտնեն և՛ պետական լրատվամիջոցներում, և՛ կուսակցական մամուլում: Կարելի է լինել կառավարության անդամ ու այլ տեսակետ ունենալ որևէ հարցի շուրջ: Հասարակությունը միշտ էլ բազմակարծիք է, և դա պետք է իր արտացոլումը գտնի լրատվամիջոցներում, այլապես առաջանում է կարծիքների լճացում: Մենք բոլորս, և հատկապես լրատվամիջոցները, պարտավոր ենք պայքարել դրա դեմ:
Լիլիա ԲԱՂՐՅԱՆ