ԼՂՀ ԱԺ-ն Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հայտարարություն է ընդունել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը`
— հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
— ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին,
— կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը,
— երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝ կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»։