Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ
Գլխավոր » Լրահոս » Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ

Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ:

Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները:

Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի՝ «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ» դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը: Միջոցառումը համատեղ ջանքերով կազմակերպել էին Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (Armenian Legal Center for Justice and Human Rights-ALC), Թուֆենկյան հիմնադրամը և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD):

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվեցին փետրվարի 26-27-ը Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում (Center for European Policy Studies- CEPS) տեղի ունեցած գիտաժողովի եզրակացությունները, որին մասնակցում էին միջազգային իրավունքի տասնյակ ականավոր մասնագետներ և նախկին դիվանագետներ: Գիտաժողովը կազմակերպվել էր Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից:

Գիտաժողովի եզրակացությունները հետևյալն էին`

-Արցախը պետք է լինի խաղաղության գործընթացի հիմնական սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ

-Հաստատված միջազգային իրավական նախադեպերի հիման վրա ժողովուրդները՝ այդ թվում արցախցիները, իրավունք ունեն անկախություն հռչակելու

-Միջազգային իրավունքը արգելում է բռնի ուժով անկախության հռչակմանը պատասխանել

-Արցախը լիարժեք պետություն է ըստ «վաստակած ինքնիշխանության» հայեցակարգի, քանի որ այն ունի ինստիտուցիոնալ ներուժ, ժողովորդավարական ճանապարհով ընտրված իշխանություն, իր սահմանների նկատմամբ վերահսկողություն և գործող քաղաքացիական հասարակություն

-Միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն ներգրավվի Արցախում`անկախ վերջինիս կարգավիճակից

-Միջազգային իրավունքը որոշակի շրջանակ է ապահովում, բայց միայնակ չի կարող ծառայել որպես հակամարտությունների լուծման գործիք. հակամարտույթունների կարգավորման գործընթացում չի կարելի անտեսել քաղաքականության դերը

-Վստահության մթնոլորտի ապահովումը առանցքային գործիք է հիմնախնդրի վերջնական կարգավորման և խաղաղության հասնելու գործում

-Հայատյացության սրացումը և պատերազմի քաջալերումն անընդունելի են և չպետք է խրախուսվեն. բռնության և ատելության հովանավորչությունն արգելված է միջազգային իրավունքով

Իր ելույթի ժամանակ դոկտոր դե Զայասն ընգծեց, որ ժողովրդների ինքնորոշումը սխալմամբ մեկնաբանվում է որպես ապակայունացնող տարր: Մինչդեռ այն տարածաշրջանային և միջազգային կայունության վճռական բաղադրիչներից է: Մեկնաբանելով 2016թ-ի ապրիլի քառօրյա պատերազմը` նա նշեց. «2016թ-ի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով խաթարվել է խաղաղությունը, և այն պետք է դատապարտվի որպես ՄԱԿ-ի կանոնդարության խախտում»:

Դոկտոր Ուիլյամսը շեշտեց ինքնորոշման իրավունքին առնչվող մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ներկայումս աշխարհում կան 70-ից ավելի ինքնորոշման ակտիվ շարժումներ: Սակայն լուծում գտնելու արդյունավետ մեխանիզմի ձախողումը վերջին հիսուն տարիների ընթացքում քսան միլիոն մարդու կյանք է խլել:

«Ինքնորոշման շարժումների կարգավորման համար ծրագրերի մշակման ձախողումը մահացու է», – բացատրեց Ուիլյամսը: Նա շարունակեց` առաջ քաշելով «վաստակած ինքնիշխանության» հայեցարակարգը որպես մահացու հակամարտությունները կանխելու վճռորոշ մեխանզիմ: Վաստակած ինքնորոշումը դե ֆակտո պետություններից պահանջում է մինչ ճանաչում ձեռք բերելը կառուցել կենսունակ պետական հաստատություններ և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովորդավարություն:

Ամփոփ ներկայացնելով վերջին զարգացումները՝ Դոկտոր Մարկեդոնովը փաստեց, որ բռնության և ռազմական հռետորաբանության աճը կողմերի միջև էլ ավելի մեծ պատնեշ է ստեղծել՝ ինչն ավելի է բարդացրել բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորումը: Նա նաև զգուշացրեց, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, «քանի որ մեկ այլ կարևոր մարտահրավեր է հայ-ադրբեջանական սահմանը, որը վիճելի տարածք չէ, սակայն ենթարկվում է հրադադարի խախտման»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը նշեց. «Արցախը միայն հակամարտության անուն չէ. այն տարածք է, որտեղ մարդիկ են ապրում: Այս մարդկանց վիճակված էր պայքարել իրենց ապրելու իրավունքի համար»: Ալեքսանյանը շեշտեց, որ ուժեղ պետություն կառուցելու Արցախի վճռականության ապացույց է այն փաստը, որ երկիրը միակողմանիորեն միացել է մարդու իրավունքների բազմաթիվ պայմանագրերի, ինչպիսիք են` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը, Ժնևի կոնվենցիաները և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը:

Կոնֆերանսի մասնակիցները եկան համաձայնության, որ Արցախի ինքնակառավարվելու պահանջատիրությունը հիմնավորված է. միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Արցախում և խաղաղության գործընթացում՝ հակամարտության պատշաճ լուծում գտնելու համար:

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC)

Թուֆենկյան հիմնադրամ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ

1