Իրան-Հայաստան «ճանապարհային նոր քարտէզի» ուրւագիծ
ՀՀ վարչապետը յունւարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քեօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց՝ փետրւարի 27-ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:
Արդէն իսկ իրանական թէ՛ հայաստանեան փորձագէտ-վերլուծաբանները բուն այցին դրական գնահատականներ տալուց զատ, իրաւացիօրէն բարձրաձայնում են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցութիւնների ծրագրային դրոյթների ի կատար ածման ու կեանքի կոչման անհրաժեշտութիւնն ու անյետաձգելիութիւնը:
Թէեւ տւեալ դէպքում խօսքը գերակշռաբար առեւտրա-տնտեսական, հաղորդակցական ու տրանսպորտային (Հիւսիս-հարաւ ճանապարհ եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցք…) միջպետական եւ ինչու ոչ՝ տարածաշրջանային կապերի ամրապնդմանն է առնչւում, բայցեւայնպէս հարկաւոր է, որ հայաստանեան նոր վերադասաւորումների լոյսի ներքոյ, վերաիմաստաւորւեն ու ըստ այնմ՝ ուրւագծւեն երկու հարեւան ու բարեկամ երկրների քաղաքական փոխյարաբերութիւնների «ճանապարհային նոր քարտէզը», որի առթիւ դեռեւս սեպտեմբերին էին պայմանաւորւել Ռոհանին ու Փաշինեանը, ՄԱԿ-ի Ընդհ. ժողովի ընթացքում:
Սա անխուսափելի է, քանզի՝ կախւած հէնց սեփական ազգային-պետական շահերից, երկու երկրներին վիճակւած է դիմագրաւել արտաքին իւրօրինակ սպառնալիք- մարտահրաւէրները, Իրանի դէպքում՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների, իսկ Հայաստանի դէպքում՝ թուրք-ադրբեջանական համակողմանի ճնշումների տեսքով:
Իսկ Իրանի Իսլ. Հանրապետութեան միակ քրիստոնեայ հարեւանը մշտապէս փաստել է հակաիրան որեւիցէ ճամբարի դոյզն իսկ տուրք չտալու իր հաստատակամութիւնը, ի հեճուկս՝ նոյն թուրք-ադրբեջանական ըստ ամենայնի պատեհապաշտ տանդեմի…
Դերենիկ Մելիքեան