Իտալիայի Տոսկանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հռոմի հայ համայնքի խորհուրդը նամակ է հղել բոլոր նահանգապետարաններին և քաղաքապետարաններին՝ խնդրանք ներկայացնելով, որ խորհրդարանական նիստերի ընթացքում որդեգրվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր. տեղեկացնում է Asbarez-ը:
Այդ առնչությամբ Տոսկանա նահանգը մարտի 25-ի խորհրդարանական նիստի ընթացքում ընդունել է բանաձև, որով միաձայն հաստատվել է «ամբողջական զորակցություն» հայ ժողովրդին 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության առիթով, որի 100-ամյա տարելիցը նշվելու է առաջիկա ապրիլի 24-ին: Բանաձևը ներկայացրել են Մաուրո Ռոմանելլին, Դանիելա Լասթրին և Ջանլուկա Լաձերին: Բանաձևում նշվել է, որ փաստաթղթի նմուշն ուղարկվելու է Հռոմի հայ համայնքի խորհրդին, որպեսզի այն փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան: