Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին
Գլխավոր » Հասարակական » Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին

Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին

Իսրայելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 24-ին Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցում, որտեղ կկայանա ոգեկոչման պատարագ: 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Իսրայելի հանձնախմբի նախագահ Ժորժետ Ավագյանն ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոստացել է այդ օրն այցելել եկեղեցի և ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

«Նա հայ ժողովրդի բարեկամն է: Բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել այն: Վերջերս էլ ՄԱԿ-ում է Հայոց ցեղասպանության մասին ելույթ է ունեցել: Նա խոստացել է, որ ապրիլի 24-ին այցելելու է Պատրիարքարան և Սուրբ Հարություն եկեղեցում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Ժորժետ Ավագյանը` հավելելով, որ միջոցառումների ժամանակ Իսրայելի այլ պաշտոնատար անձանց մասնակցության հարցը հստակեցվում է:

 

Ժորժետ Ավագյանի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են հունվարից և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Ապրիլի 23-ին Երուսաղեմում կկազմակերպվի ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին հայերի, հույների և կաթոլիկների մասնակցությամբ տեղի կունենա համատեղ աղոթք և պատարագ: Հոգեհանգստյան պատարագներ տեղի կունենան նաև Իսրայելի այլ խոշոր քաղաքներում:

 

Իսրայելի բազմաթիվ համալսարաններում ողջ տարվա ընթացքում կկայանան դասախոսություններ, գիտաժողովներ ու ելույթներ:   «Նոյեմբերին Իսրայելի Բաց համալսարանում կկայանա դասախոսություն ցեղասպանագետ Յաիր Աուրոնի նախաձեռնությամբ»,- տեղեկացրել է Ժորժետ Ավագյանը` հավելելով, որ տարվա ընթացքում նախատեսվում է բազմաթիվ գրքերի հրատարակություն, ցուցահանդեսների անցկացում: 

 

1