Ինքնագործ ստեղծագործական խմբերին պետք է ինքնադրսևորվելու հնարավորություն տալ

Մարտի 22-ին ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդունեց «ԱՐՑԱԽ» ավանդական երգի-պարի ինքնագործ համույթի ներկայացուցիչներին:
Համույթի պարուսույց Մանուկ Հարությունյանը նախ ներկայացրեց համույթի գործունեությունը: Ստեփանակերտի դպրոցականների հետ պարապմունքներից ու բաց դասերից զատ, խմբի անդամները նաև ավանդական երգ ու պար են ուսուցանում համայնքների դպրոցներում, մասնակցում տարբեր միջոցառումների ու համերգների: Խմբի անդամներն ընդգծեցին, որ շահույթ չեն հետապնդում, աշխատում են մեծ ոգևորությամբ: Իսկ նպատակը մեկն է. քարոզել ու տարածել ազգային –ավանդական երգն ու պարը:
Գործունեության ճանապարհին հանդիպող խոչընդոտներն ու նաև առաջիկա ծրագրերը ներկայացրին Սերգեյ Շահվերդյանին:
«Ինքնագործ ստեղծագործական խմբերը մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից են. ինքնադրսևորվելու հնարավորության պետք է տալ այդպիսի համույթներին՝ աջակցելով ու խրախուսելով նրանց»,- խմբի անդամներին լսելուց հետո ասաց նախարարը՝ վստահեցնելով , որ համագործակցությունը նրանց հետ կշարունակվի նոր մակարդակով:
«ԱՐՑԱԽ» ավանդական երգի-պարի համույթի առաջիկա մեծ ծրագիրը մայիսին մենահամերգով հանդես գալն է: Մենահամերգի կազմակերպչական որոշ մանրամասներ քննարկվեցին Սերգեյ Շահվերդյանի հետ:
Ավանդական երգն ու պարը ավելի մասսայական ու կիրառելի դարձնելու համար
խմբի անդամներն ունեն նաև այլ ծրագրեր. օրինակ՝ հարսանիքներում ազգային -ավանդական պարերով հանդես գալ ու տեղում պարուսուցում կազմակերպել, իրականացնել տարբեր միջոցառումների ծիսական արարողություն (հարսանիք, նշանդրեք) և այլն: