Ինչքան Թուրքիան հեռու մնա արցախյան հիմնահարցից, այնքան հարցն ավելի հեշտ լուծում կունենա
Գլխավոր » Հասարակական » Ինչքան Թուրքիան հեռու մնա արցախյան հիմնահարցից, այնքան հարցն ավելի հեշտ լուծում կունենա

Ինչքան Թուրքիան հեռու մնա արցախյան հիմնահարցից, այնքան հարցն ավելի հեշտ լուծում կունենա

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը կարևորեց Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցի մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանի հետ:

 

«Անկեղծ ասած ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը մեզ մոտ զարմանք է առաջացնում, որովհետև Ռուսաստանի պաշտոնական շրջանակները լավ գիտեն Թուրքիայի իրական վերաբերմունքը ղարաբաղյան հարցի վերաբերյալ, մանավանդ, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանի բարձրաստիճան գործիչները, այդ թվում նաև արտգործնախարար Լավրովը բարձրաձայնել են, ասելով, որ Թուրքիան անընդհատ ձգտում է պատերազմի և տարածաշրջանում անկայություն է ստեղծում», — ասաց Վահրամ Բալայանը:

 

Միաժամանակ մեղադրանքներ էին ներկայացվում սիրիական ճգնաժամի սրացման և ահաբեկչական կազմակերպություններին հովանավորման մեջ: «Այս իսկ տեսանկյունից մեզ համար բնականաբար և զարմալի է, և անընդունելի նման մոտեցումը: Անընդունելի այն իմաստով, որ ոչ միայն Արցախի, այլ նաև Նախիջևանի հարցը ժամանակին լուծվել է Թուրքիայի ճնշման տակ: Այն ժամանակ դեռ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ նոր ձևավորվող երկիր էր և այս երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հարցերը լուծվում էին Թուրքիայի կողմից: Այդ նույն գործելաոճը այսօր շարունակվում է: Թուրքիան տվյալ ժամանակահատվածում հեռահար ծրագրեր ուներ, փորձում էր Ղարաբաղը և Նախիջևանը պոկել Հայաստանից,  այդ ձևով անմիջական կապ հաստատել իր իսկ կողմից ստեղծված երկրորդ թուրքական պետության հետ: Թուրքիան այս վերջին տասնամյակների ընթացքում և այսօր էլ մնացել է իր նախկին դիրքում, այսինքն շարունակում է իր հակահայ քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հնարավորինս թույլ չտալ, որպեսզի Արցախյան հիմնահարցը լուծվի միջազգային գործող օրենքների շրջանակներում», — շեշտեց մեր զրուցակիցը:

 

Վահրամ Բալայանը հավելեց նաև, որ արցախահայությունն արտահայտել է անկախ ապրելու  իր կամքը: Ի դեպ,  Արցախի հարցը հնարավոր է լուծել հաշվի առնելով նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետև Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի եղել, և ավելին Արցախը դարերի ընթացքում ապրել է պետական կյանքով և այսօր էլ փորձում է իր սահմանների մեջ կերտել իր պետականությունը: Այնպես որ Թուրքիան արցախյան հիմնահարցի հետ կապված անելիք չունի: Եթե Թուրքիան ցանկանում է նպաստել արցախյան հիմնահարցի լուծմանը, ապա այդ երկրի ղեկավարությունը պետք է հրաժարվի իր հակահայ ծրագրերից:

 

«Մենք ոչ մի հույս ու ոչ մի կապ չենք ցանկանում ունենալ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ: Մեր ժողովուրդն ընտրել է իր անկախության ուղին, պատրաստակամ է պաշտպանել իր երկրի ու հայրենիքի սահմանները: Ինչքան Թուրքիան հեռու մնա արցախյան հիմնահարցից, այնքան հարցն ավելի հեշտ լուծում կունենա», — ընդգծեց Վահրամ Բալայանը:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, Վահրամ Բալայանը նշեց.

 

«Ադրբեջանի իշխանությունը և մասնավորապես՝ նախագահ Ալիևը այս տարիներին ապացուցել են, որ ոչ մի նպատակ չունեն հարցին խաղաղ ճանապարհով լուծում տալու: Անընդհատ մեծացրել են իրենց զինանոցը և նավթադոլլարների միջոցով ձեռք են բերել նոր զինատեսակներ, հույս ունենալով, որ կարող են ուժի միջոցով ծնկի բերել արցախահայությանը, բայց  այս հարցում նրանք սխալվել ու շարունակելու են սխալվել, որովհետև արցախահայությունն այսօր հայ ժողովրդի աջակցությամբ  պատրաստակամ է պաշտպանել հայրենիքի սահմանները, իր անկախությունը և կերտում է պետականությունը:

 

Կարծում ենք, որ ինքնավարության մասին խոսակցություններն ավելի շատ վիրավորական պետք է լինեն միջնորդ պետությունների համար:  Տարիներ շարունակ միջնորդ երկրները ձգտում են խաղաղ ճանապարհով հարցին լուծում տալ, իսկ Ալիևը փորձում է այդ աշխատանքը ջուրը գցել և խոսում է այնպիսի բաների մասին, որոնք չեն տեղավորվում ոչ դիվանագիտական էթիկայի, ոչ էլ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակներում: Բոլորին հայտնի է, թե ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցած հայկական Նախիջևանի հետ ինչ կատարվեց»:

 

«Ադրբեջանի ղեկավարությունն անգամ չի համակերպվում հայկական երկրամասում մնացած անխոս հուշարձանների հետ, վերացվում է այն ամենը, ինչ կապված է հայ ժողովրդի հետ: Հետևաբար նման սադիստական հակումներ ունեցող մարդու հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի: Արցախահայությունն իր կամքով է վերակերտել պետականությունը և այսօր ոչ մի նպատակ չունի հարաբերվել Ադրբեջանի հետ», — իր խոսքը եզրափակեց Վահրամ Բալայանը:

 

«Ապառաժ»

1