Իմ կենսագրությունում մեծ տեղ ունեն Կարոտ ու Պետո անունները. Արմեն Գալստյան
«Կարոտն ու Պետոն իրար լրացնում էին: Նրանք ասես մեկ միասնականություն էին: Նրանց իրարից անջատել հնարավոր չէր. նույն ձև էին մտածում, նույն ձեւ էին գործում: Դա միայն իմ կարծիքը չէ: Այդպես են մտածում բոլոր նրանք, ովքեր ճանաչել են նրանց,-ասում է նրանց մարտական ու գաղափարական ընկերը՝ Արմեն Գալստյանը եւ ավելացնում,- իմ կենսագրության մեջ նրանք մեծ տեղ են զբաղեցնում: Աղջիկս, եթե ուզում ես իմ մասին գրել, ապա ես պիտի նրանց մասին խոսեմ, քանզի ես առանց նրանց չկամ. հուշերս նրանց հետ են կապված, ու թեեւ այսօր կողքիս չեն, բայց շարունակում են իմ հոգում ապրել»:
Արմեն Գալստյանը ծնունդով Պռոշյան գյուղից է: Պռոշյանը հայրենասերներ շատ է տվել՝ Կարոտ Մկրտչյան, Պետրոս Ղեւոնդյան, Հրաչ Մուրադյան եւ ուրիշներ: Այս գյուղի տղերքն առանձնանում էին իրենց մարտունակությամբ ու ռազմի դաշտում ցուցաբերում էին այնպիսի ռազմական վարպետություն, որ զարմանք էր պատճառում եւ յուրայիններին, եւ թշնամուն:
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Արմեն Գալստյանն իր ընկերների հետ ծավալում էր ընդհատակյա գործունեություն՝ աջակցելով Շարժմանը: Սկզբում Հրաչ Մուրադյանի հետ էր մտերիմ: Նրա մասին ասում է. «Հրաչն ուժ էր, ձգողական ուժ: Նա կարողանում էր իր շուրջը համախմբել մարդկանց ու մղել կարևոր գործի»: Հետո Արմենը ընկերացավ Կարոտի ու Պետոյի հետ: Գիտակցելով, որ Արցախում իրավիճակն օրհասական է, տղերքը սկսեցին կամավորական ջոկատ հավաքել. պետք էր անհապաղ շտապել Արցախ: 30 հոգանոց ջոկատ ստեղծվեց: Հրամանատար ընտրվեց Մուշեղ Գրիգորյանը: «Մուշեղը պարզապես մեզնից բոլորից հաղթանդամ էր, բազուկները՝ հաստ, դրա համար ասեցինք իրեն ընտրենք ժամանակավոր հրամանատար: Մեր առաջին մարտական գործողությունը 1990-ին էր՝ Բաղանիս գյուղի գործողությունը: Թեեւ հրամանատարը Մուշեղն էր, բայց գյուղի ազատագրման ծրագիրը Պետոն ու Կարոտը կազմեցին: Գործողությունը հաջող ավարտ ունեցավ, գյուղն ազատագրվեց: Դա մեր առաջին հաղթանակն էր»:
«Գործողությունից հետո մեր շարքերը զտվեցին,-շարունակում է նա,- ոմանք հասկացան, որ պատերազմը հեշտ գործ չէ ու առանձնացան մեզնից: Մնացին նրանք, ովքեր գիտակցում էին, թե ինչի համար եւ ուր են գնում: Նույն ժամանակ, 1990 թվականի մայիսի 10-ին մենք 10 հոգով անդամագրվեցինք ՀՅ Դաշնակցության շարքերին: Մեզ համար խմբապետ ընտրեցինք Վարդգես Պետոյանին, բայց քանի որ պատերազմական դրություն էր, նաեւ հրամանատար ընտրեցինք՝ Կարոտ Մկրտչյանին: 6 ամիս սովորեցինք մարտարվեստ, ուսումնասիրեցինք ամեն ինչ՝ ձեռնամարտից մինչեւ հոգեբանություն:
Ժամանակ առ ժամանակ Պետոն, Կարոտը կամ Հրաչը «կորչում» էին մի քանի ամսով, հետո վերադառնում էին: Շատ բան չէին պատմում, միայն հասկանում էինք, որ Շահումյան էին մեկնել: Այնտեղ Շահեն Մեղրյանի հետ խմբեր էին պատրաստում, ռազմական գործողություններ ծրագրում, զբաղվում զենքի հայթայթման գործերով: Ես մտածում էի՝ իսկ ե՞րբ կգա իմ հերթը: Ուզում էի մարտի նետվել. արյունս եռում էր երակներումս: Եվ ահա իմ հերթն էլ եկավ: 1991 թվականի հունվարին ինձ ուղարկեցին Գետաշեն, որտեղ միացա Թաթուլ Կրպեյանի ջոկատին: Երբ Թաթուլն իմացավ, որ Պռոշյանից եմ, ասաց՝ դա լավ է, ուրեմն կռվել կիմանաս, ու կատակով ավելացրեց՝ բայց քննություն պիտի ընդունեմ քեզնից: Ես ծիծաղեցի ու պատասխանեցի՝ դե տեսնենք դեռ ով է ումից քննություն ընդունելու: Այս զրույցը մեր մտերմության հիմքն էր»:
Թաթուլի հրամանատարությամբ Արմենը մասնակցեց Կամո եւ Ազատ գյուղերի ազատագրմանը: Այդ օրերին մեկ զոհ ունեցան, բայց պատվով կատարեցին գործը: Որոշ ժամանակ անց լուր տարածվեց, որ Կարոտն իր ջոկատով գալիս է, որպեսզի գնա Մարտունաշեն, որտեղ վիճակը վտանգավոր էր դառնում: «Տեսնես ո՞րն է Կարոտի ջոկատ կոչվածը,- մտածում էի,- մենք Պռոշյանում ընդամենը մի քանի հոգի էինք, մի՞թե դրա մասին է խոսքը: Որքան եղավ զարմանքս, երբ տեսա Կարոտին իր մեծաքանակ խմբով: Պարզվեց՝ նա Շահումյանում մեծ ջոկատ էր ձեւավորել, իրեն էր միացրել Հրազդանի ու Բաղրամյանի ջոկատները ու ահա շտապում էր Մարտունաշեն՝ Արաբոյի տղերքին օգնելու: Պետոն էլ էր հետը: Պետոն ասաց, որ ինձ էլ են ուզում հետները տանեն: Թաթուլն այդ լսելով՝ բարկացավ. չեմ տա, Արմենը կմնա ինձ մոտ, բա Պռոշյանից մի մարդ չլինի՞ կողքիս: Այդտեղ ես հասկացա, որ կարևոր մարդ եմ» ,- քահ-քահ ծիծաղում է Արմենը:
«Գետաշենի պաշտպանությունը հեշտ գործ չէր: Գիշերներով թուրքերը գնդակոծում էին գյուղը, ռուսներն էլ էին օգնում թուրքերին: Մենք կրակոցներից տարբերում էինք, դիպուկ կրակոցներ կային, որ թուրքի ձեռքի գործ չէր, դրանք ռուսներն էին անում: Ռազմական մեծ տեխնիկա ուներ հակառակորդը, իսկ մենք նրանց դեմ ավտոմատներով ու ինքնաշեն զենքերով էինք: Մերը մեր բազկի ուժն էր ու այն ոգին, որ առաջ էր մղում: Դժվար պահեր էին, բայց նաեւ երգով էինք հաղթահարում: Տարբեր տարիքի երիտասարդներ էինք: Մեզանից ամենափոքրը Մհերն էր՝ ընդամենը 14 տարեկան, դրա համար Ճուտ էինք կոչում: Տղաներից մեկ ուրիշը՝ Գագոն, ում եզդի Գագո էինք կոչում, ամեն անգամ երգում էր մեզ համար եւ երգով գոտեպնդում: Քիչ էինք, բայց ուժ էինք: Այդ օրերին բավականին լավ էին կռվում տղերքը: Թաթուլը 14 հոգի գերի էր վերցրել, որից մեկը ռուս գնդապետ էր»:
Արմենը հիացմունքով է խոսում Թաթուլ Կրպեյան հրամանատարի մասին եւ ասում, որ նրա զոհվելուց հետո խոր վիշտ ապրեցին: Թշնամին ավելացնում էր ռազմական տեխնիկան՝ հույսը դնելով զենքի վրա: Այդ օրերին Մարտունաշենում ավելի վատթար իրավիճակ էր. կատաղի մարտեր էին: Զոհերն ավելանում էին: Կարոտի ջոկատը քաջաբար դիմադրում էր, բայց թշնամին մեծաքանակ էր, դրա համար ստիպված եղան նահանջել Շահումյան: Գետաշենում էլ հնարավոր չէր դիմադրել: Դրա համար սկսեցին ժողովրդին տարհանել դեպի Շահումյան: «Ոչ ոք իրավունք չունի քննադատելու Գետաշենի ու Մարտունաշենի անկումը:
Այդտեղ մենք չպարտվեցինք, այդտեղ մեր զենքն ու տեխնիկան պարտվեց, որ ոչինչ էր թշնամու ունեցածի առաջ: Սակայն այդ կորուստները չկոտրեցին մեր ոգին, ավելին՝ վրեժից փոթորկվում էինք»,-ասում է Արմենը: Կարոտի ու նրա տղերքի սխրագործությունների մասին լուրերն ամենուր էին. մայրերը նրանց մասին օրհնանքով էին խոսում, ջահելները՝ հպարտանում: «Մեզ համար նաեւ փորձություններ եղան. ոմանք ցանկանում էին մեզ դուրս քաշել Դաշնակցության շարքերից, գայթակղում էին դիրքով ու փողով, բայց պռոշյանցիներն անդրդվելի էին: Մեզանում դաշնակցությունն այնքան էր նստած, որ մեզ անհնար էր պոկել այդ կուսակցությունից: Այսօր էլ այդպես է, թեեւ շատերը՝ Կարոտ, Պետո, Հրաչ, մեզ հետ չեն: Կարոտը մի առիթով ասել էր. «Ինձ համար կուսակցությունը մեկն է՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, եւ մենք այդ գաղափարի զինվորներն ենք»:
Արմենը մասնակցել է նաեւ Շուշիի ազատագրման գործողությանը: «Այդ ժամանակ մենք տղերքով Շահումյանում էինք: Ես անպայման ուզում էի մասնակցել Շուշիի ազատագրմանը: Այսպես ասած, ինձ հաջողվեց՝ առանց տղերքին զգուշացնելու, մտացածին պատճառով «ճողոպրել» եւ մասնակցել Շուշիի ազատագրմանը: Երբ հետ եկա Շահումյան եւ Կարոտին ասացի, որ մասնակցել եմ Շուշիի ազատագրմանը, Կարոտը խորիմաստ հայացք ձգեց ինձ վրա ու ասաց՝ բախտդ բերել է, որ գործողությունը բարեհաջող է ավարտվել ու Շուշին ազատագրվել է, թե չէ քեզ կուղարկեի տուն»,- պատմում է նա ու ասում, որ զինվորի համար ամենամեծ պատիժը «տուն ուղարկելն է»:
Արմենը մարտական ընկերների հետ մասնակցել է նաեւ Մանաշիդի, Բուզլուխի պաշտպանության մարտերին: Մանաշիդը եւ Բուզլուխը գտնվում էին Կարոտի հրամանատարության տակ: Ռազմական խորհրդի նիստերին Կարոտն ու Պետոն այնպիսի հմտություն էին ցուցաբերում, որ բոլորը զարմացած էին, թվում էր՝ ռազմական բարձր կրթություն ունեին: Նախատեսված էր, որ պետք է սկսեին Գետաշենի եւ Մարտունաշենի ազատագրման գործողությունները: Շահումյանում էին դաշնակցական ջոկատները, շահումյանցիները, վերինշենցիները, ալավերդցիները, «Արաբոյի», «Հատուկ գնդի», «Տիգրան Մեծի», Կարոտ Մկրտչյանի ջոկատները… Մի քանի հաջող հետախուզություններ անցկացրին, կար գործողությունների հստակ ծրագիր, հարձակման ուղղություններ: Շահումյանը պետք է լրիվ ազատագրվեր: Սակայն ինքնապաշտպանական ջոկատների գլխավոր հրամանատար Շահեն Մեղրյանը ստանում է ահազանգ, որ Գետաշենի ուղղությամբ երկար շարասյուն է գալիս` հզոր ռազմատեխնիկայով: Ահազանգ է ստացվում նաեւ Մարտակերտի կողմից, որ Թալիշի մոտ 20 միավոր տեխնիկա է կանգնած: Թուրքերը Գանձակում տեղակայված խորհրդային բանակի 2-րդ դիվիզիայի հետ միասին անցնում են հարձակման:
«Մենք պաշտպանում էինք Բուզլուխի դիրքերը: Ահեղ մարտեր սկսվեցին: Թուրքերն ու ռուսները հարձակում գործեցին՝ տանկով, ինքնաթիռներով, հրանոթներով, ականանետներով: Զոհեր ու վիրավորներ ունեցանք: Պետոն ու Վարդգեսը շրջափակման մեջ էին հայտնվել: Մտածում էինք, թե ինչպես նրանց դուրս բերենք: Մերոնք կամաց-կամաց հետ էին քաշվում ստիպված: Կարոտը ՈւԱԶ-ով զենք-զինամթերք բերեց: Ասացինք, որ վիճակը լուրջ է, սակայն նա ասաց, որ պետք է դիրքեր վերադառնանք ու շարունակենք մարտը: «Եթե պարտվենք,-ասաց նա,- Շահումյանը կկորցնենք, հետո էլ Արցախը կտանք»: Ես ու Հրաչը՝ մի քանի հոգով ձախից, իսկ Կարոտը՝ Մուշեղի, Ֆելոյի եւ ուրիշ տղերքի հետ աջից բարձրացանք: Հայտնվեցինք կրակի տարափի տակ: Թշնամին ամեն կողմից խփում էր:
Կարոտի հետ բարձրացած Մուշեղը հետո մեզ պատմեց, որ ինքը վիրավորվել էր ու Կարոտը նրան հրամայել էլ, որ սողեսող ետ նահանջի: Ֆելոն նույնպես Կարոտի հետ էր վերջին պահերին, բայց չգիտես ինչու Կարոտը նրան էլ էր նահանջի հրաման տվել: Իսկ ինքը չէր իջել: Կենտրոնից հեռակապով կապվեցին մեզ հետ ու դուրս քաշվելու հրաման տվեցին՝ ասելով, որ նահանջենք եւ Շամփրապտուկի վրա տեղավորվենք: Կարոտից լուր չկար: Հեռակապով Բուզլուխցի մի տղա կապվեց մեզ հետ ու ասաց, որ մի ժամ առաջ խոսել են Կարոտի հետ, ու նա ասել է, որ հնարավոր չէ դիմադրել եւ նահանջում է… Մթնշաղ էր, նայեցի ու հորիզոնում մի մեծ ամպ տեսա: Նայեցի երկնքին ու ասացի՝ Աստված, երնեկ էս ամպը գա ու տղերքին դուրս բերի…Դիրքերից իջանք ու իջնելիս ԱԿՄ-ի ձայն լսեցինք: Հրաչն ասաց՝ Կարոտի զենքի ձայնն է, ուր որ է՝ կգա: Ո՞վ էր հավատում, որ նա կարող էր եւ չգալ. մեզ համար նա անխոցելի էր, անպարտելի… Շամփրապտուկում Պետոն ու Վարդգեսը մեզ միացան. Պետոն վիրավոր էր: Կարոտից լուր չկար…Այդպես էլ չեկավ…»:
«Մինչեւ այսօր Կարոտի երգն ականջներումս է. նա շատ լավ էր երգում: Տարիներ ի վեր սպասում ենք նրան: Ոմանք ասում էին, թե իբր Կարոտին տեսել են Բաքվի բանտերում: Այդ լուրերից սահմռկում էինք ես ու Հրաչը: Հրաչը շատ է զբաղվել Կարոտի փնտրտուքով, հազար ու մեկ միջոցներ է գործադրել, սակայն անարդյունք: Չգիտեմ՝ հավատա՞լ նրա ողջ լինելու զրույցներին, թե ոչ…Ախր Կարոտն այնքան անհասկանալի անհետացավ, այնքան առեղծվածային..»,- ասում է Արմենը:
Զինադադարից հետո էլ՝ մինչեւ 2011 թվականը Արմենը շարունակել է ծառայել Պաշտպանության բանակում: Ամուսնացել է Ղարաբաղում, ընտանիք կազմել ու հաստատվել այստեղ: «Ուրիշ տեղ ապրել չեմ կարող, այս հողի համար են ընկերներս նահատակվել, նրանք ինձ չեն ների: Կուզեի, որ այս հերոսական հողում մարդիկ հերոսավայել ապրեին: Եթե ամեն մեկը մի նորմալ աշխատանք ունենա, ոչ ոք չի լքի Արցախը, քանզի աշխարհի վրա ավելի լավ, ավելի մաքուր տեղ չկա, քան արցախյան հողն է…»: