Ժողովրդի կամքն արտացոլվելու է միասնական օրակարգով
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ժողովրդի կամքն արտացոլվելու է միասնական օրակարգով

Ժողովրդի կամքն արտացոլվելու է միասնական օրակարգով

Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունները համանման նախորդ ընտրություններից շատ ավելի քաղաքականացվեցին: Անշուշտ, ՏԻՄ ընտրությունները, հատկապես այն պետություններում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները երկրի կառավարման համակարգում իրենց ուրույն տեղն են գրավում, քաղաքական կարևոր ընտրություններ են համարվում: Սակայն, պետք է խոստովանել, որ մեզ մոտ այդպես չէ:

Այնուամենայնիվ, այս ընտրություններին տրվեց քաղաքական լիցք: Այդ քաղաքական լիցքը նախևառաջ պայմանավորված էր ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարված հարաբերությունների խորապատկերով: ՀՀ կառավարության նյութական աջակցությամբ քաղաքական միավորներ ձեռք բերելու մտայնությամբ իշխանամետ դիտորդական առաքելություններ գործուղվեցին Արցախ: Սակայն, ի շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնագիտակցության, դիտորդական առաքելությունները խոստովանեցին բարձր մակարդակի ընտրությունների անցկացման իրողության մասին:

Մյուս կողմից, Արցախում առկա ներքին քաղաքական դաշտը, պայմանավորված 2020թ. կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններով, ինչ-որ չափով լարված է: Իսկ կայացած ՏԻՄ ընտրությունները համարվում էին թե որպես փորձադաշտ և թե շահարկման առիթ ապագա ընտրությունների համար քարոզչական հող նախապատրաստելու գործում:

Բազմիցս մտահոգություն ենք հայտնել, որ 2020թ.՝ հատկապես նախագահական ընտրությունների քարոզարշավը օրենքի խախտմամբ սկսվել է շատ ավելի վաղ: Այդ երևույթը Արցախի ներքաղաքական դաշտը տանում է դեպի բևեռացման և ժամանակ առ ժամանակ ստեղծում լարված մթնոլորտ: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացների այս հանգրվանում նման լարվածություններն ու բևեռացումները Արցախյան քաղաքական դաշտում չեն  հաճախ կարող են օգտագործվել զանազան ուժերի կողմից շահարկումներ կորզելու նպատակով:

Այս համայնապատկերի վրա, նկատի ունենալով Արցախի ուրույն դերը համահայկական օրակարգ ձևավորելու և համազգային խնդիրներ թելադրելու հարցում, Արցախում քաղաքական պատասխանատվություն կրող բոլոր ուժերը շատ ավելի խորը պետք է գիտակցեն քաղաքական համերաշխության անհրաժեշտությունը համահայկական հարթակում:

Հենց այդ համահայկական նշանակություն ունեցող կարևոր խնդրից ելնելով է, որ Դաշնակցությունը ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո նախաձեռնել է միասնական օրակարգի ձևավորման և նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջադրման գործընթացը: Այս քայլը ևս որոշ ուժեր փորձում են շահարկման նյութ դարձնել՝ իբր համաձայնեցված թեկնածուի առկայությունը խանգարում է մրցակցային ընտրությունների կայացմանը: Ժողովրդավարությունը մեր երկրի զարգացման համար ընտրված ուղի է, և դա ընտրվել է ոչ թե վերջին ժամանակաշրջանում, երբ մոդայիկ են դարձել ժողովրդավարության նմանակումները, այլ հենց Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից: Ժողովրդավարության ոգին ոչ միայն ընտրությունների գործընթացում է թաքնված, այլ ժողովրդի կամքի դրսևորման միջոցով է կայանում իրական ժողովրդավարությունը:

Այսօր Արցախի ժողովրդի հիմնական մտահոգութունը միասնականության պահպանումն է: Բոլորի համոզումն է, որ պառակտումներն ու բևեռացումները անկանխատեսելի վտանգներ են պարունակում թե ներքին և թե արտաքին ճակատներում: Միասնականությունը օրակարգի գլխավոր կետն է, իսկ այդ օրակարգի շուրջ համախմբումը՝ օրախնդիր:

«Ապառաժ»-ի խմբագրական, 19 սեպտեմբերի, 2019թ.

1