«Ժառանգությունը՝ սերունդների համար» խորագրով ինտելեկտուալ խաղ Տիգրանակերտում
Այս օրերին աշխարհով մեկ «Ժառանգությունը՝ սերունդների համար» խորագրով տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային մշակութային ժառագության պահպանման և հետագա սերունդներին փոխանցելու համար:
Հենց այս խորագրով մեկնարկեց միջոցառումների շարք «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում:
ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը «Մտքի ուժը» ՀԿ-ի հետ համատեղ ապրիլի 18-ին հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպեց արդեն ավանդույթ դարձած ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին թիմեր ինչպես շրջաններից, այնպես էլ տարբեր կազմակերպություններից ու Պաշպանության Բանակից:
Մասնակցում էին 14 թիմ՝ «Բերդ», «Ռեստարտ», «Ջրաբերդ», «Դիզակ», «Միջնաբերդ», «UNO», «Իշխանանք», «Մոնթե», «REVOLUTION», «Արամ Մանուկյան», «Բարեգործ», «Իմպուլս», «REQUIEM» և «Brain Storm»:
Խաղն ընթացավ ջերմ, ակտիվ և մրցակցային մթնոլորտում: Այն բաղկացած էր 3 խաղափուլերից, յուրաքանչյուր խաղափուլում տրվեց 10-ական հարց:
Ընդմիջումների ընթացքում Ասկերանի շրջանը ներկայացնող «Ռեստարտ» դպրոցականների թիմի գիտակներ՝ Իլոնա Բաղդասարյանը և Գեորգի Իսրայելյանը հանդես եկան իրենց գեղեցիկ կատարումներով:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարտակերտի շրջանը ներկայացնող «Ջրաբերդ» թիմը, որը և արժանացավ հաղաթական գավաթին: Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց «Իմպուլս» թիմը, մրցանակային երրորդ տեղի համար լրացուցիչ խաղում միմյանց դեմ պայքարեցին «Revolution» և «REQUIEM» թիմերը: Արդյունքում ուժեղ գտնվեց և պատվավոր երրերդ տեղը զբաղեցրեց «Revolution» թիմը:
Բոլոր մասնակից թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրածները՝ նաև արժեքավոր նվերներով: